Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամկետներն անփոփոխ կմնան

Օգոստոս 14,2010 00:00

\"\"Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը (ԴՀԾ) երեկ հայտարարել է, որ ցորենի այն գինը, որը սահմանում են ցորենարտադրողները եւ վաճառողները, սպեկուլյատիվ բնույթ ունի: ԴՀԾ ղեկավար Իգոր Արտեմեւը (նկարում) «Ռիա-Նովոստի» գործակալությանն ասել է, որ, չնայած երաշտին, հացահատիկի պաշարը թույլ կտա ՌԴ-ին խուսափել ցորենի թանկացումից: Այնինչ, ցորենն այդուհանդերձ թանկացել է: Ի դեպ, ՌԴ-ի ԴՀԾ-ն (որը մեր տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի համարժեք գերատեսչությունն է ՌԴ-ում) երեկ տեղեկացրել է, որ գործ է հարուցել մոսկովյան երեք հացի գործարանների դեմ, քանի որ դրանք 20 տոկոսով թանկացրել էին իրենց արտադրած հացամթերքը:
Հիշեցնենք, որ ուժեղ երաշտի պատճառով ՌԴ-ում, նախատեսված 90 մլն տոննայի փոխարեն, ցորենի բերքի ծավալը կկազմի ընդամենը 60 մլն տոննա: Այդ կապակցությամբ ռուսական կառավարությունը օգոստոսի 5-ին որոշում կայացրեց օգոստոսի 15-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը արգելանք դնել ցորենի արտահանման վրա:
Եվ չնայած նախորդ օրը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել էր, թե չի բացառում, որ մինչեւ այդ ժամկետի ավարտը երկիրը կվերականգնի ցորենի արտահանումը, սակայն երեկ փոխվարչապետ Վիկտոր Զուբկովն ասել է, որ ժամկետների որեւէ փոփոխություն չի լինի: Հիշեցնենք, որ Ռուսաստանյան հացահատիկային միությունը կառավարությանը խնդրել էր հետաձգել արգելանքի սկիզբը՝ օգոստոսի 15-ի փոխարեն սկսելով սեպտեմբերի 1-ից, որպեսզի ցորենի արտահանողները կարողանան կատարել իրենց պայմանագրային պարտավորությունները: Նրանց խնդրանքը, փաստորեն, չհարգվեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել