«Վարորդ-ոստիկան համագործակցությունը» տեսչության նոր պետի հետ է հույսեր կապում
ՀՀ տրանսպորտային տեսչությունը այս տարվա հունիս-հուլիս ամիսներին առանց սակաչափիչի 47 մարդատար տաքսի մեքենաներով ուղեւորափոխադրում իրականացնողի է տուգանել: Տուգանքի ընդհանուր չափը կազմել է 325 հազար դրամ: Չնայած տեսչության հաճախակի ստուգայցերին ու տուգանքներին, առանց սակաչափիչի տաքսիները կարծես թե դեռ ազատորեն երթեւեկում են ու շարունակում խաբել իրենց հաճախորդներին: «Առավոտին» դիմած քաղաքացիները պատմում էին, որ շատ տաքսի ծառայություններ, օրինակ՝ «Էլենա Աղաբեկյան» ՍՊԸ-ին պատկանող «Էլենա» տաքսիներում տեղադրված սակաչափիչներն արդեն քանի ամիս է՝ չեն աշխատում: «Ինչքա՞ն կարելի է, ամեն օր նույն բանն են ասում, թե հաշվիչ սարքերը չեն աշխատում: Սա մեր՝ քաղաքացիներիս իրավունքների ոտնահարում է: Հաշվիչ սարքի արձանագրած գումարի դեպքում է նույնիսկ վարորդը խորամանկում ու ավելի գումար «կրակում», բա առանց հաշվիչ սարքի՞ ինչ կանեն, ինչ թիվ սրտերովն անցնում է՝ ասում են: Ամեն անգամ վարորդի հետ բանավեճի ենք բռնվում, զայրանում, երբեմն էլ ամեն ինչից զզված՝ իրենց ասած գումարը թողնում ու հեռանում ենք: Իսկ ես պարտավո՞ր եմ ամեն անգամ թեկուզ 100 կամ 200 դրամ ավելի թողնել վարորդին, վարորդ էլ կա՝ մեծ ախորժակ ունի, հետո՞»,- «Առավոտի» հետ զրույցում դժգոհում էր Սուսաննա Մկրտչյանը:
Մեզ դիմած մի այլ քաղաքացի՝ Վլադիմիր Թամրազյանն էլ պատմում էր. «Աշխատանքիս վայրից տուն վերադառնալու համար մի օր՝ մի գումար են պահանջում, մյուս օրը՝ լրիվ այլ գումար: Տարին տասներկու ամիս էդ սարքերը անսա՞րք են մնալու, թող սարքեն, որ վարորդից մեր իրավունքների պահանջատերը լինենք»:
«Առավոտը» փորձեց կապվել «Էլենա» ՍՊԸ-ի ղեկավարության հետ՝ պարզաբանում ստանալու համար, բայց այս ընկերությունը տեղեկատուներում ոչ մի կոորդինատ չի թողել:
«Վարորդ-ոստիկան համագործակցություն» հասարակական կազմակերպությանն էլ դիմող՝ նեղսրտած վարորդների պակաս չկա: Հ/կ համանախագահ Գեւորգ Դոստուրյանը մեզ հետ զրույցում պատմում էր. «Դեղին համարանիշներով ուղեւորափոխադրում իրականացնող տաքսիստները դժգոհում են, թե ինչու է պետությունը խրախուսում վարորդների համար ստեղծված անհավասար պայմանները: Ո՞նց կարելի է տաքսի վարորդների մի մասին օրենքի դաշտ բերել, մի մասին էլ՝ հանդուրժել, դե, որ էդպես էր, թող բոլորին էլ հանդուրժեին, ո՞վ է ումից լավը»: Ըստ պարոն Դոստուրյանի, սպիտակ համարանիշ ունեցող տաքսիները հանրապետությունում դեռ ազատ երթեւեկում են, որովհետեւ. «Դեղին համարանիշով տաքսիներից շատ՝ այսօր սպիտակ համարանիշով տաքսիներն են, քանի որ տեսչության ստուգայցերը ձեւական բնույթ են կրում: Հիմա էլ տեսչությունից պարզաբանում են, թե շոգ է, հաճախակի չենք կարող ստուգումներ անել, կամ թե՝ մեքենաներն ու աշխատակազմն է փոքր: Ամբողջ հանրապետությունում գործի ճգնաժամ է, մեզ ասում են բավականաչափ աշխատակից չունե՞նք»: Վարորդների պաշտպանի խոսքով, որոշ տաքսի ծառայություն իրականացնողներ էլ թարմացրել են իրենց մեքենաները, բայց ամենեւին էլ մտադրություն չունեն լիցենզիա ձեռք բերել. «Ոտները կախ են գցում, որովհետեւ գիտեն, որ կառավարության ընդունած որոշումը 100%-ով չի կիրառվում, ինչո՞ւ իզուր ժամանակ կամ փոխ ծախսեն»: Պարոն Դոստուրյանը պատմում էր, որ խնդիրը պարբերաբար բարձրաձայնում են նախարարի կամ տեսչության պետի հետ հանդիպումներում, բայց ամեն անգամ իրենց գլխի տակ փափուկ բարձ են դնում ու ճանապարհում. «Նախարարն ասում է, բա ի՞նչ անենք, դա լուրջ սոցիալական խնդիր է, հո միանգամից չի լուծվելու, էդ մարդկանց հո չենք զրկելու աշխատանքից, պետք է կամաց-կամաց համոզելով բերենք օրենքի դաշտ»: Մեր զրուցակցի պատմելով, տեսչության նախկին պետն էլ (արդեն մի շաբաթ է՝ պետի պաշտոնը նոր թեկնածու է զբաղեցնում) հորդորում էր չանհանգստանալ՝ սպիտակ համարանիշով գործող հազիվ 300 տաքսի է մնացել: «Մենք էլ պատասխանում ենք, փառք Աստծո, հիմա ինչն է շատ՝ վարորդի գործը, եւ 300 վարորդով սոցիալական խնդիր չի լինում, նրանց արգելեք վարելը՝ իրենց համար մեկ այլ տեղ գործ կգտնեն: Իհարկե, չեն պատասխանում, տեսնենք՝ հույսներս նոր պետի հետ ենք կապում, գոնե սա համապատասխան միջոցառումներ իրականացնի ու ոլորտը կարգավորի»,- ասաց պարոն Դոստուրյանը: Նրա խոսքով, դեղին պետհամարանիշով գործող վարորդներն էլ համարանիշները հանձնելու մտադրությունից դեռ չեն հրաժարվել, թեեւ կտրուկ քայլերի էլ չեն դիմել:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից էլ «Առավոտին» տեղեկացրին, որ դեղին համարանիշներ հանձնելու դեպքեր չեն գրանցվել: Իսկ ինչ վերաբերում է սպիտակ համարանիշով ու առանց լիցենզիայի ուղեւորափոխադրում իրականացնողներին, ապա հունիս-հուլիս ամիսներին նմանատիպ 140 խախտում են արձանագրել, տուգանքի ընդհանուր չափն էլ 1 միլիոն 560 հազար դրամ է կազմել: