Աշտարակ քաղաքում գործող «Ժամհար- ԴԴ» գիտա-արտադրական ձեռնարկությունը մշակել եւ սկսել է արտադրել 9Կ33 «Օսա» զենիթահրթիռային մոբիլ համակարգերի համար նախատեսված ՏՕՎ-Մ օպտիկաէլեկտրոնային արդիականացված նշանոց: Այդ մասին, «Ռեգնումի» փոխանցմամբ, հաղորդել է «ծՏՉՏրՑՌ կԹԽ» տեղեկատվական կայքը: Աղբյուրի մատուցմամբ, ավելի վաղ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը այդ սարքերի համակարգային փորձարկումներ էր իրականացրել: Նոր նշանոցները հագեցված են 600/500 պիքսելի հնարավորություն ունեցող ցերեկային եւ գիշերային թվային տեսախցիկով, որն ապահովում է լավագույն մասշտաբ եւ ցայտերանգություն՝ ե՛ւ ստանդարտ, ե՛ւ ցածր լուսավորության պայմաններում: Համակարգերի վրա նախկինում տեղադրված ՎՊՈՒ-44 հեռատեսային ցուցիչները փոխարինվել են ժամանակակից ութ դյույմանոց հեղուկաբյուրեղային դիսպլեյով, որը նույնիսկ հեռու տարածության վրա նոր տեսախցիկով ստացված թիրախի պատկերի բարձր որակ է ապահովում: Աղբյուրը շեշտում է, թե ԶՌԿ «Օսա» համակարգերի տարբեր տեսակները մեկ սարքում ունեն 4-6 զենիթային կառավարվող հրթիռ: Այդ սարքի «հետախուզական գոտին» կազմում է 45 կիլոմետր՝ ըստ 360 աստիճան ազիմուտի: Հարվածի հեռավորությունը կազմում է 1500-10000 մետր՝ ըստ հեռավորության, եւ 25-5000 մետր՝ ըստ բարձրության: Համակարգը գործի դնելը կամ գործողության դադարեցումը խլում է 3-5 րոպե, արագությունը կազմում է մինչեւ 70 կմ: Այդպիսի սպառազինությունը հաջողությամբ շահագործվում է ՌԴ հակաօդային ու ռազմածովային ուժերի, ԱՊՀ երկրների եւ հեռավոր արտերկրի 25 երկրների զինված ուժերի կողմից: