«Ներկայումս Հայաստանում տեղի է ունենում այն, ինչ Վրաստանում՝ Էդուարդ Շեւարդնաձեի իշխանության օրոք. ընթանում է երկրի քաղաքական վերնախավի «վեստերնիզացիա», եւ եթե Սերժ Սարգսյանը դա չկանխի, նրան սպասվում է Շեւարդնաձեի ճակատագիրը»,- «Ռեգնումին» ասել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ եթե այսպես շարունակվի, ապա 5-10 տարի հետո «մենք կունենանք մեր սեփական Սահակաշվիլին»: Հ. Հովհաննիսյանն այդ հայտարարության համատեքստում մատնանշել է այն փաստը, որ ներկայումս հանրապետության բոլոր ղեկավար պաշտոններին հավակնում են միայն դեպի Արեւմուտք կողմնորոշված սերնդի ներկայացուցիչները, որոնք Ռուսաստանին թշնամի են համարում եւ կարծում են, որ չլինելով այդպիսին, երկրում շատ թե քիչ կարգին կամ պատշաճ տեղ զբաղեցնելն անիմաստ է: Աղբյուրի մատուցմամբ, այսպիսով, քաղաքագետը կարծիք է հայտնում, որ սերնդափոխության անվան տակ փորձ է արվում փոխել Երեւանի աշխարհաքաղաքական կողմնորոշումը:
«Ռեգնումի» այն դիտարկմանը, թե՝ այդպիսի գործընթացը չի կարող ընթանալ առանց պետության ղեկավարի իմացության, Հ. Հովհաննիսյանը պատասխանել է. «Անկասկած: Համենայն դեպս, ինձ թվում է, որ դա տեղի է ունենում նրա լռելյայն համաձայնությամբ: Շեւարդնաձեն տապալվեց եւ դրան արժանի էր. նրան օգտագործեցին եւ դեն նետեցին: Սերժ Սարգսյանը պետք է դրանից հետեւություններ անի եւ դադարեցնի այդ գործընթացը, կամ նրան սպասում է նույն ճակատագիրը. նրան ուղղակի մի կողմ կնետեն»: