Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼՆ Է»

Օգոստոս 14,2010 00:00

\"\"ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանին զարմացրել է «ռուսական նեոգաղութարարների» համեստությունը, որոնք բավարարվել են Հայաստանում իրենց ռազմակայանների տեղակայումը ընդամենը կես, եւ ոչ թե մեկ դար երկարաձգելով:

– Պարոն Աբգարյան, ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանների տեղակայման համաձայնագրի փոփոխությունը Ձեր կողմից որակվեց իբրեւ ստրկական պայմանագիր, որն ամբողջովին հակասում է Հայաստանի շահերին: Ինչո՞վ է հիմնավորված նման գնահատականը:
– Հիմնավորումները բազմաթիվ են: Նախ՝ այս արձանագրային փոփոխություններով սահմանվում է, որ «ՀՀ տարածքում ռուսական ռազմաբազան գտնվելու ընթացքում, բացի ՌԴ շահերը պաշտպանելու գործառույթ իրականացնելուց, ՀՀ զինված ուժերի հետ համատեղ ապահովում է ՀՀ անվտանգությունը»: Ինչ է այս փոփոխությունը նշանակում: Փաստորեն, ստացվում է, որ մինչ այս ռուսական ռազմակայանները պաշտպանել են բացառապես Ռուսաստանի շահերը: Այնինչ, մեր իշխանական ոհմակը միշտ գոռում էր այն մասին, թե ռուսական ռազմակայանը տեղակայված է Հայաստանում՝ պաշտպանելու համար Հայաստանի արտաքին անվտանգությունը: Իրականում, վերոնշյալ այդ փոփոխությամբ ռուսները բացահայտեցին որ առ այսօր դա այդպես չի եղել: Բացի այդ, ինչ է նշանակում՝ ռազմակայաններն այսուհետեւ ապահովելու են Հայաստանի անվտանգությունը: Ումի՞ց, արտաքին թշնամուց, թե՞ ներքին: Որովհետեւ ներքին թշնամի հասկացությունը մեր իշխանավորների բառապաշարից դեռ դուրս չի եկել: Այստեղ կոնկրետությունը բացակայում է հենց այն պատճառով, որ ռուսներն այդպիսով ձգտում են մեր երկրի ներքին հարցերին միջամտելու իրավունք ստանալ:
– Սակայն Ձեր մտավախությանն ի պատասխան արդեն իսկ հնչել է այն բացատրությունը, որ ՀՀ սահմանադրությամբ արգելվում է զինվորական ուժի կիրառումը ներքին խնդիրները լուծելիս:
– Երբ որ մենք տեսնում ենք, որ «անհրաժեշտության» դեպքում, ինչպես որ եղավ մարտի 1-ին, Սահմանադրությունը ծալում-դնում են մի կողմ, ապա այդ հիմնավորումն արժեք չունի: Էլի կարող են Սահմանադրությունը ծալել-դնել մի կողմ եւ թույլ տալ ամեն ինչ: Առավել եւս, որ տվյալ դեպքում ամեն ինչ կարող է կատարվել «փոխադարձ համաձայնությամբ». մեր իշխանությունները կարող են իրենք օգնության խնդրանքով դիմել ռուսներին՝ ասելով, որ այս կամ այն ընդդիմադիր ուժը սպառնում է ՀՀ անվտանգությանը, ռուսներն էլ կմտնեն եւ «կօգնեն»: Բացի այդ, ըստ համաձայնագրի արձանագրային ներկա փոփոխությունների, ռուսական ռազմակայանների զինվորական կազմավորումների օգտագործումն իրականացվում է կողմերի փոխադարձ պայմանավորվածությունների հիման վրա: Ընդ որում, որեւէ կերպ հստակեցված չէ, թե ինչ պայմանների եւ դեպքերի համար է Ռուսաստանը սեփական զորքերի համատեղ օգտագործման պարտավորություն ստանձնում: Եթե այդ պարտավորությունը Ռուսաստանը ստանձնում է իր նոր՝ ՀՀ անվտագությունը պաշտպանելու գործառույթով, ապա պարզ է, որ խոսքը վերաբերում է նաեւ ՀՀ ներքին գործերին միջամտելուն: Եւս մեկ հանգամանք. ՌԴ-ՀՀ ինչպես հին, այնպես էլ նոր պայմանավորվածությունները ակնհայտորեն շրջանցում են Ղարաբաղը, այսինքն, ապագայում ղարաբաղյան հնարավոր պատերազմում դրանք ոչ մի նշանակություն չունեն: Իսկ այսօր Հայաստանը, կապված արտաքին անվտանգության հետ, ավելի մեծ պոտենցիալ սպառնալիք ունի՞, քան Ադրբեջանը: Ոչ: Այս պահին, համենայն դեպս, մեզ որեւէ այլ երկիր չի սպառնում պատերազմով:Հարց է առաջանում, այդ դեպքում ռուսների կողմից ՀՀ ին՞չ անվտանգության ապահովման մասին է խոսքը: Եվ այստեղ հետեւությունը միակն է. ռուսական ներկայությունը մեր երկրում ավելի շատ ներքին վերահսկողության համար է: Ի դեպ, ուշադրություն դարձրեք, ռուսները ոչ մի տեղ չեն օգտագործում Հայաստանի շահեր արտահայտությունը: Եթե կան շահեր, ապա միայն ռուսական:
– Պարոն Աբգարյան, Դուք մատնանշում եք միայն արձանագրության մեզ համար մտահոգիչ կողմերը: Իսկ ինչ կասեք այն կետի մասին, համաձայն որի՝ ռուսական կողմը կաջակցի ՀՀ-ին ժամանակակից ռազմական եւ հատուկ զինտեխնիկայով ապահովելու հարցում:
– Սա ընդամենը Հայաստանում լարվածությունը թուլացնելու նպատակ է հետապնդում, առավել եւս՝ Ադրբեջանին վաճառվելիք C-300 զենիթահրթիռային համակարգերի 2 դիվիզիոնների վաճառքի ֆոնի վրա: Դրանք ընդհանուր խոսքեր են, եւ կոնկրետ պարզ չէ, թե ինչ է նախատեսվում դրա տակ:
– Իսկ ինչո՞վ եք պայմանավորում պայմանագրի երկարաձգման նման մեծ ժամկետը:
– Այդքան երկարաժամկետ պայմանագրեր կնքելու ժամանակները վաղուց անցել են, քանի որ ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումներում երկրների շահերի ոլորտներն ու ուղղությունները արագ են փոխվում: Նման երկարաժամկետ պայմանագրեր կնքվում էին գաղութատիրական ժամանակներում՝ 19-րդ դարում եւ 20-րդ դարի սկզբում: Մինչդեռ այսօր արդեն միջազգային պրակտիկայում նման երկարաժամկետ պայմանագրերի հնարավոր չէ հանդիպել: Եվ այստեղ ինձ միայն մեկ բան է զարմացնում, թե ինչու 49-ի փոխարեն այդ պայմանագիրը 99 տարով չեն կնքում: Մի՞թե ռուսական նեոգաղութարարներն այդքան համեստացել են: Հավատացնում եմ, նրանք նույն հաջողությամբ կարող էին 99 տարով դա անել, միեւնույն է, մերոնք էլի կհամաձայնեին, քանի որ Հայաստանում չկա իշխանավոր որեւէ մեկը, որը կարող է ընդդիմանալ Ռուսաստանին՝ ի պաշտպանություն Հայաստանի շահերի: Եվ համաձայնագրի նման երկարաձգումը, այն դեպքում, երբ նրա ժամկետը լրանալուց հետո այն ավտոմատ կարող է երկարացվել 5-ական տարիներով, եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ այստեղ Ռուսաստանն անմաքուր նպատակ ունի Հայաստանի հանդեպ: Բացի այդ, դեռեւս առնվազն 49 տարի, այսինքն՝ կես դար, հայ ժողովուրդը ստիպված կլինի ձրի կերակրել այստեղ տեղակայված ռուսական զորքերին:
– Ձեր գնահատմամբ՝ ինչպես կանդրադառնա այդ պայմանագիրը Հայաստանի Հանրապետության դիրքի եւ միջազգային ընկալման վրա:
– Այս արձանագրության հետեւանքով էլ ավելի կկաշկանդվի Հայաստանի միջազգային գործունեությունը, արեւմտյան երկրները Հայաստանի հետ իրենց հարաբերությունները հիմնովին կվերանայեն, եւ այլեւս ոչ մի պետություն լուրջ չի վերաբերվի մեր երկրին:
– Պարոն Աբգարյան, Դուք կարծիք հայտնեցիք, որ Հայաստանում չկա որեւէ իշխանավոր, որը կարող է ընդդիմանալ ռուսական անսահմանափակ ազդեցությանը: Բայց ելնելով Ձեր դատողություններից, այդ պայմանագրից իշխանությունները միայն շահում են, մինչդեռ ընդդիմության համար առաջանում են պոտենցիալ վտանգներ: Այդ դեպքում, ինչու այս օրերին չի լսվում ընդդիմության ձայնը:
– Ես կարծում եմ, որ առաջիկայում ընդդիմությունն այդ եւ այլ հարցերի պատասխանը կտա: Բացի այդ, ինչու եք այդ հարցը դնում միայն ընդդիմության վրա: Դա ամբողջ ժողովրդի հարցն է: Դժբախտաբար, Ռուսաստանը մեր երկրում ունի շատ հզոր եւ բազմաքանակ հինգերորդ զորասյուն՝ սկսած Դաշնակցությունից եւ ՀՀԿ-ից՝ ավարտած տարբեր հասարակական կազմակերպություններով ու անհատ գործիչներով, որոնք զօրուգիշեր զբաղված են ռուսական քարոզչությամբ: Սակայն մենք բոլորս, ողջ քաղաքական դաշտով, մտավորականությամբ, ժողովրդով պետք է ընդվզենք, քանի որ սա Հայաստանի անկախության կորստի վերջին փուլն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել