Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վճռաբեկը անտեսեց ՍԴ-ին

Օգոստոս 14,2010 00:00

Երեկ Վճռաբեկ դատարանը մերժեց «Ա1+»-ի հերթական հայցը: Այս անգամ «Ա1+»-ը ՀՀ վճռաբեկ դատարանից պահանջում էր վերանայել Վճռաբեկի նախկին որոշումները, որոնք, բոլորն էլ, ըստ «Ա1+»-ի շահերի պաշտպան Արտակ Զեյնալյանի, եղել են խախտումներով եւ «Ա1+»-ի դեմ:
«Այսօր դատարանը հայտարարեց, թե մասնակի է բավարարում մեր հայցը, սակայն ըստ էության չվերանայեց «Ա1+»-ի նկատմամբ կայացրած իր դատական ակտերը: Վճռաբեկ դատարանն անփոփոխ թողեց իր նախկին որոշումները, որոնց մեջ Եվրոպական դատարանը, ինչպես նաեւ ՀՀ ՍԴ-ն խախտումներ է տեսնում»,- վճռի հրապարակումից հետո ասաց Արտակ Զեյնալյանը:
Վճռաբեկ դատարան դիմելու համար որպես նոր հանգամանք էր հանդիսացել «Ա1+»-ի հայցով ՀՀ ՍԴ-ի որոշումը, որով հակասահմանադրական է ճանաչել Քաղ. Դատ. օր. 204/28 հոդվածի 1-ին մասը: Հենց այս հակասահմանադրական հոդվածը հիմք ընդունելով՝ Վճռաբեկ դատարանը հրաժարվում էր կյանքի կոչել 2008թ. հօգուտ «Ա1+»-ի կայացված Եվրոպական դատարանի վճիռը:
Վճռաբեկ դատարանի այսօրվա որոշման հրապարակումից հետո Արտակ Զեյնալյանը դատարանից խնդրեց պարզաբանել իր որոշումը, սակայն նրան մերժեցին՝ պատճառաբանելով, թե կայացված որոշումն ամբողջությամբ կարող է ստանալ գրասենյակից: «Ա1+»-ի վերաբերյալ հերթական մերժումը հրապարակվելուց հետո, Վճռաբեկ դատարանի գրասենյակում արդեն ընդմիջում էր: «Իրենք էլ չգիտեն, թե ինչ են գրելու, ինչպես են հիմնավորելու իրենց մերժումը»,- ասաց Արտակ Զեյնալյանը:
Ի դեպ, Վճռաբեկ դատարանի այսօրվա նիստին ներկա էր նաեւ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանության իրավական խորհրդատու Սթիվեն Քեսլերը, որը մինչեւ «Ա1+»-ի վերաբերյալ վճռի հրապարակումը մեզ հետ զրույցում ասաց. «Ես կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանը ՀՀ-ի կարեւորագույն հաստատություններից մեկն է: Այստեղ քննարկվում են ոչ միայն խոսքի ազատության վերաբերյալ հարցեր: Ես հույս ունեմ, որ Վճռաբեկ դատարանը մեծ դեր ունի օրենքների ճիշտ ձեւակերպման եւ կիրառման հարցում: Ես ծանոթ եմ «Ա1+» հեռուստաընկերության պատմությանը եւ հույս ունեմ, որ դատարանն այս անգամ արդար վճիռ կկայացնի»:
Վճռի հրապարակմանը պարոն Քեսլերը ներկա չէր, իսկ իրավապաշտպան Միքայել Դանիելյանի համար Վճռաբեկի այսօրվա որոշումը անակնկալ չէր. «Ես համոզված եմ, որ անկախ նրանից, թե ինչ հայց կներկայացներ «Ա1+»-ը, այն պետք է մերժվեր: Այսօրվա դատավճիռը «Ա1+»-ի դեմ իրականացվող քաղաքական որոշումների շղթայում ընդամենը մեկ օղակ է: Իշխանությունները ամեն ինչ անում են «Ա1+»-ին եթեր չվերադարձնելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել