Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուլը «մոտեցնում է» ԼՂ խնդիրը

Օգոստոս 14,2010 00:00

\"\"Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը օգոստոսի 16-ին այցելելու է Ադրբեջան։ Այցից առաջ նա հարցազրույց է տվել ադրբեջանական APA գործակալության թուրքական բյուրոյին։ «Ադրբեջանը մեծ ապագա ունի: Թուրքիան ցանկանում է ղարաբաղյան խնդրի կարգավորմանը հասնել քաղաքական եւ դիվանագիտական ուղիներով եւ կանի հնարավորը դրա համար»,- news.am-ի մատուցմամբ, ասել է Թուրքիայի նախագահը: Նրա խոսքով, տարածաշրջանում նորմալ հարաբերություններ հաստատելու համար Հայաստանին, առաջին հերթին, անհրաժեշտ է լուծել ղարաբաղյան խնդիրը: «Մեզ վշտացնում է այն փաստը, որ մեր մեկ միլիոն եղբայրները փախստականներ են: Յուրաքանչյուրը պետք է իրեն դնի մյուսի տեղն ու օգնություն ցուցաբերի: Դա ազգային հարց է: Այդ հարցերում Ադրբեջանը պետք է իր հույսը դնի Իլհամ Ալիեւի վրա, Թուրքիան՝ իմ, Հայաստանը՝ Սարգսյանի: Հարգելի Մեդվեդեւն ու Օբաման պետք է այս հարցում ավելի մեծ աջակցություն ցուցաբերեն: Ես այդ հարցերի լուծման մեծ հույսեր ունեմ»,- հայտարարել է Գյուլը: Նա նկատել է, թե գործող ստատուս-քվոն Կովկասում որեւէ մեկին՝ ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Թուրքիային, ո՛չ Հայաստանին, օգուտ չի կարող տալ. «Աշխարհը արագ փոխվում է, պետք է լուծել խնդիրները: Եթե շարունակենք սառեցնել խնդիրները սառնարանում, դրանք անսպասելիորեն կրկին կհայտնվեն»: Հիշեցնելով, որ կան ԼՂ վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձեւեր, արձանագրելով նաեւ, որ Մինսկի խումբը լուրջ քայլեր է ձեռնարկում կարգավորման ուղղությամբ, Գյուլը արձանագրել է, որ, այդուհանդերձ, անցել է 18 տարի, բայց դեռ կան օկուպացված տարածքներ, իսկ Մինսկի խումբը չի կարողացել կոնկրետ արդյունքի հասնել: «Մենք ուզում ենք, որ խումբը մոտենա հակամարտության լուծմանը, բայց այսօր խմբի այցը տարածաշրջան «տուրիստական այցելություն» են անվանում: Ուստի, նոր քայլեր են պետք: Ես դիմում եմ բոլոր առաջնորդներին` մենք ձեռքներս ծալած չենք նստի, անընդհատ կաշխատենք խնդիրը լուծելու համար: Հեշտ չէ հասնել խնդրի լուծմանն ու խաղաղությանը։ Մենք պետք է համառորեն աշխատենք»,- հայտարարել է Աբդուլա Գյուլը՝ հավելելով, որ դրան կարելի է հասնել դիվանագիտության եւ քննարկումների միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել