Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ ՁԳՏՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ ՍՏՎԵՐ

Օգոստոս 14,2010 00:00

\"\"Ըստ դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի, ՍԴ վերջին մի որոշումը նպաստելու է դրան

Հուլիսի 13-ին ՍԴ-ն, քննելով ՀՀ մի խումբ քաղաքացիների բողոքը «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 56-րդ հոդվածի նորմերը Սահմանադրությանը համապատասխանելիության վերաբերյալ, այդ վիճահարույց նորմը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող: Իսկ այդ նորմի էությունն այն է, որ բաժնետիրական ընկերությունը իրավունք ունի իրականացնել բաժնետոմսերի համախմբում՝ կոնսոլիդացիա:
ՍԴ-ի որոշումը փաստորեն իր բաժնետոմսերը օտարելուն դեմ բաժնետիրոջը զրկում է իր իսկ բաժնետոմսերը տնօրինելու իրավունքնից, ստացվում է, որ բաժնետերը իր կամքից անկախ կկորցնի իր իսկ բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքը: Քաղաքական լեզվով ասած՝ եթե հայրենի օլիգարխներից մեկնումեկը որոշի ամբողջովին իրենով անել որեւէ բաժնետիրական ընկերություն, ապա դա կանի շատ հեշտ, դեռ մի բան էլ հղում անելով ՍԴ վերոհիշյալ որոշմանը:
ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին խնդրեցինք մեկնաբանել ՍԴ այս որոշումը: Ըստ մեր զրուցակցի, բաժնետոմսերի հետ կապված այս ամբողջ խաղը հատկապես իրականացվում է այն օլիգարխների եւ այն սեփականատերերի կողմից, որոնք ցանկանում են իրենց ձեռքը վերցնել այս կամ այն ընկերության ամբողջական վերահսկողությունը. «Եվ ոչ միայն պարզապես կառավարման նպատակով, այլ ավելի շատ՝ դեպի ստվեր տեղափոխվելու նպատակով: Այլ կերպ ասած, որեւէ անձ, եթե տիրապետում 51 տոկոս բաժնետոմսերի եւ չի բավարարվում դրանով, ձգտում է ավելիին, արդեն փորձելով մյուս բոլոր բաժնետերերին դուրս մղել ընկերությունից: Սա անշուշտ, ազդելու է բիզնես միջավայրի վրա: Գաղտնիք չէ, որ Հայաստանում սեփականության իրավունքը պաշտպանված չէ, իսկ ՍԴ այս որոշումը փաստորեն օրինականացնում է օլիգարխների՝ ամեն ինչ իրենցով անելու վարքագիծը: Այս հարցում ՍԴ-ն թույլ է տվել կոպտագույն խախտում եւ սխալ, որի արդյունքում սեփականության իրավունքի պաշտպանության համակարգը էականորեն տուժել է, տուժելու է նաեւ ներդրումային միջավայրը: Որեւէ օտարերկրյա ներդրող այսպիսի պայմաններում, բնականաբար, ցանկություն չի ունենա ներդրումներ կատարել Հայաստանում: Սա ունի նաեւ հասարակական բացասական հետեւանքներ: Որպես կանոն, բաժնետիրական ընկերությունը համեմատում են պետության հետ, օրինակ՝ ԲԸ ընդհանուր ժողովը հասարակություն է, որ քվեարկությամբ ընտրում է իշխանություն, կառավարիչները կամ տնօրենները գործադիր մարմինն են, խորհուրդը՝ խորհրդարանը եւ այսպես շարունակ: Այս համադրումը ցույց է տալիս, որ դա նման է հետեւյալին՝ ՀՀ քաղաքացուն զրկում են ձայնի իրավունքից, առանց օրենքի: Որեւէ մեկը՝ մեծահարուստ կամ օլիգարխ, որոշում է՝ պետք չի որ տվյալ անձը օգտվի իր ձայնի իրավունքից: Այլ կերպ ասած՝ հասարակութան մեջ այսօր առկա բացասական երեւույթները իրենց արտացոլումն են ստանում նաեւ բիզնես միջավայրում: Իսկ Սահմանադրական դատարանը դառնում է կորպորատիվ մշակույթի խեղաթյուրմանը մասնակից կողմ»:
Արծվիկ Մինասյանի կարծիքով, ցավոք, նույնիսկ բարձրագույն դատական մարմնի մակարդակով ճիշտ ընկալում չկա սեփականության իրավունքի պաշտպանության հանդեպ: Պատգամավորը նկատեց, որ ՍԴ-ն հղում է կատարել թե Սահմանադրության 31 հոդվածին եւ թե միջազգային փորձին, սակայն՝ մասամբ. «Մեկնաբանելով «սեփականության իրավունքից զրկել» հասկացությունը, ՍԴ-ն այն կիրառելի է համարել բացառապես որպես անհատույց սեփականության իրավունքը ետ վերցնելու գործողություն, սակայն,անդրադարձ չկա այն հարցին, թե եթե վատ պայմաններով է սեփականության իրավունքը վերցվել, ապա ի՞նչ լուծում պետք է ստանա հարցը: Երկրորդ բացասականն այն է, որ ՍԴ-ն իր որոշման մեջ անդրադարձ չի կատարել քաղաքացիական օրենսգրքին, որը սեփականության եւ հատկապես բաժնետիրական սեփականության պաշտպանության վերաբերյալ բազմաթիվ պաշտպանիչ դրույթներ ունի: ՍԴ-ի կողմից ճիշտ չի ներկայացված նաեւ միջազգային փորձը: Ցավոք, ՍԴ-ն, միջազգային փորձը ներկայացնելով, անդրադարձ չի կատարել Ռուսաստանի փորձին, ինչի կրկնօրինակն է հայաստանյան օրենսդրությունը, մասնավորապես՝ բաժնետիրական ընկերությունների մասով: Ռուսաստանյան համանման օրենքը պարունակում է նույնատիպ նորմեր: Նաեւ՝ կատարվեցին փոփոխություններ, որոնց արդյունքում սահմանվեց հետեւյալը՝ կոտորակային բաժնետոմսերը ունեն նույն իրավունքները, ինչ-որ ամբողջական բաժնետոմսերը, իրենց մասնակցության տեսակարար կշռին համապատասխան: Օրինակ, եթե ես ունեմ 0,5 տոկոս բաժնետոմս, ապա այդքանն ինձ իրավունք է տալիս կես ձայնի, որը ես կարող եմ միավորել մեկ այլ կես ձայնի հետ եւ դարձնել մեկ ամբողջական, ստանալ դիվիդենտ՝ 0,5-ի չափով, լուծարման դեպքում այդ չափով ստանալ գույք ետ ստանալու իրավունք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել