Լրահոս
Օրվա լրահոսը

Նկարչուհի, գոբելենագործ, լրագրող

Օգոստոս 13,2010 00:00

Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի լրագրության բաժնի 3-րդ կուրսում է սովորում նկարչուհի, գոբելենագործ Քրիստինա Խուրշուդյանը: Նա 2007թ. կարմիր դիպլոմով ավարտել է մշակույթի տան գոբելենագործության բաժինը եւ արդեն 3 տարի զբաղվում է դրանով: Այս տարիներին Վանաձորի թիվ 3 մշակույթի տան կազմակերպած ցուցահանդեսներում հանրապետության քաղաքներում՝ Իջեւանում, Դիլիջանում, Երեւանում, Վանաձորում, պարբերաբար ցուցադրվել են երիտասարդ գոբելենագործի ստեղծագործությունները: «Ցավոք, աշակերտներ չունենալու պատճառով այժմ չի գործում գոբելենագործության բաժինը, սակայն ցուցադրություններ հաճախ լինում են, որոնց մշտապես մասնակցում եմ»,- ասում է զրուցակիցս:
Քրիստինա Խուրշուդյանի աշխատանքները հասել են նույնիսկ հանրապետության նախագահին: «Երբ վարչապետ եղած ժամանակ Սերժ Սարգսյանը այցելեց Վանաձորի Գեւորգ Չաուշի անվան թիվ 29 միջնակարգ դպրոց, որի շրջանավարտն եմ, կազմակերպվել էր իմ աշխատանքների ցուցադրությունը: Ես ՀՀ զինանշանը պատկերող ստեղծագործությունս սիրով նվիրեցի ապագա նախագահին»,- պատմում է Քրիստինան ու ավելացնում, որ, ըստ իր տեղեկությունների, այդ զինանշանը ՀՀ նախագահի նստավայրի նիստերի դահլիճներից մեկի պատն է զարդարում: Այս տարիների ընթացքում Քրիստինան բազում խմբային ցուցահանդեսների է մասնակցել, իսկ 2009թ. մարտի 18-ին անհատական ցուցահանդես է բացել թիվ 3 մշակույթի տան սրահում՝ ցուցադրելով գոբելեն, նկարչություն. «Երբ դպրոցում անցնում էինք նկարչություն առարկան, ես հեշտությամբ կարողանում էի տեսնել պատկերը, վերարտադրել թղթին»: Արվեստի հանդեպ իր մեջ ձեւավորված սիրո համար նա իր տատին՝ դպրոցական տարիներին իրեն աշխատանքի ուսուցում դասավանդած Ռոզա Գաբրիելյանին է պարտական: «Տատիկս համբերատարությամբ եւ խանդավառությամբ ինձ սովորեցնում էր ասեղնագործության եւ մասնավորապես խաչկարի հմտությունները, ինչը ես այսօր մեծ հաջողությամբ կիրառում եմ իմ աշխատանքներում,- ասում է Քրիստինան:
«Մոտ երեք տասնյակ աշխատանք նվիրել եմ, սակայն հիմնականում մեծ դժվարությամբ եմ բաժանվում իմ ստեղծագործություններից»,- խոստովանում է զրուցակիցս: «Ես շատ հպարտ եմ, որ այն քչերից եմ, ովքեր պատրաստ են ժամանակ նվիրել այսքան բարդ, բայց հետաքրքիր արվեստին: Գոբելենի վրա հատկապես դժվար է դիմանկարի պատկերումը: Թելերով ստանալ ճշգրիտ պատկեր՝ բավականին բարդ է: Ես ընդամենը մեկ այդպիսի գործ ունեմ՝ մորաքրոջս վաղամեռիկ որդու՝ Արթուրի դիմանկարը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել