Արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ կիսածանր (մինչեւ 79, 379 կգ) քաշային կարգում WBO-ի միջմայրցամաքային չեմպիոն Կարո Մուրադը սեպտեմբերի 18-ին Բիրմինգհեմում նույն վարկածի աշխարհի չեմպիոնության պարտադիր հավակնորդի իրավունքի համար մենամարտելու է անգլիացի բռնցքամարտիկ Նաթան Քլեվերլիի հետ:
Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ բռնցքամարտիկն ապագա մենամարտի մասին լրատվամիջոցներին հայտարարել է. «Նկատի առնելով իմ մրցակցական հարուստ փորձը՝ Քլեվերլիին հաղթելու հարցում խնդիր չեմ ունենա: Տեսնենք, թե ինչ տեղի կունենա սեպտեմբերի 18-ին: Առայսօր ես պրոֆեսիոնալ ռինգում պարտություն չեմ կրել: Դրա փոխարեն հաղթել եմ 22 մենամարտում (13-ը՝ նոկաուտով): Այս մենամարտից առաջ ես ինձ անչափ վստահ եմ զգում: Դժվար է կանխատեսել՝ նոկաուտ կգրանցվի՞, թե՞ ոչ: Իսկ եթե լինի, ռինգի հատակը անգլիացուն է սպասում»: