Լեհաստանում շարունակվում է մինչեւ 20 տարեկան տղաների եւ աղջիկների աշխարհի առաջնությունը: Տղաների մրցաշարում մեր հանրապետության երեք գրոսմայստերներից երկուսը հաղթական միավոր վաստակեց, իսկ մեկը ոչ-ոքի խաղաց: Հրայր Սիմոնյանը սեւերով պարտության մատնեց Կանադայի դրոշի ներքո հանդես եկող Շիյամ Թավանդիրանին, իսկ Սամվել Տեր-Սահակյանը սպիտակ խաղաքարերով առավելության հասավ Սինգապուրի ներկայացուցիչ Դանիել-Հովարդ Ֆեռնանդեսի նկատմամբ: Այս տուրում մրցաշարի միանձնյա առաջատար ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինին ավելի մոտենալու հնարավորությունը հիսուն տոկոսով կորցրեց Ռոբերտ Հովհաննիսյանը: Նա սպիտակներով միավորը բաժանեց Ալեքսանդր Վոլոդինի (Էստոնիա) հետ:
Ութ տուրից հետո մեր տղաները մրցաշարային աղյուսակում զգալիորեն վեր բարձրացան եւ այժմ զբաղեցնում են այսպիսի տեղեր:
16. Ռոբերտ Հովհաննիսյան 5,5 միավոր
19. Հրայր Սիմոնյան 5,5
43. Սամվել Տեր-Սահակյան 4,5:
9-րդ տուրում հայ շախմատիստների մրցակիցներն էին.
Էրիկ Բլոմկվիստ (Շվեդիա)-Ռոբերտ Հովհաննիսյան
Հրայր Սիմոնյան-Կիրիլ Ստուպով (Էստոնիա)
Մարկ-Թայլեր Առնոլդ (ԱՄՆ)-Սամվել Տեր-Սահակյան:
Աղջիկների պայքարում երրորդ հաղթանակը տոնեց Անի Խանամիրյանը: Նա սեւերով առավելության հասավ տանտիրուհիներից Մարսելինա Լիսի նկատմամբ եւ 3,5 միավորով բարձրացավ 49-րդ հորիզոնական: Երեկ Անին ուժերը չափելու էր մոնղոլուհի Բայար Անուի հետ: