Կամ՝ ո՞ւր է տանում այս ճամփան
ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական՝ mincult.am կայքը մշակութային պորտալ դառնալու ճանապարհին վերածվել է ասես հայտարարությունների տախտակի: Հայտարարությունները կայքում տեղադրելու «քաղաքականությունն» էլ հաճախ հեռու է տրամաբանությունից: Ավելի լավ է չփորձենք մեկնաբանել. ինչպե՞ս, օրինակ, մեկնաբանես «2009 թվականին մշակույթի նախարարությունում կայացել է» խորագրի ներքո զետեղված երկար ու բարակ քննարկումների ցանկը՝ կայքում տեղադրված կես տարի ուշացումով: Մեկ այլ տեղեկատվություն, որ վերաբերում է 2010թ. ապրիլի 1-3-ը Բեյրութում Մատենադարանի հին ձեռագրերի կրկնօրինակների ցուցադրությանը, կարող էր տարածել Մատենադարանն իր պաշտոնական կայքում: Ի դեպ, Բեյրութը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի համաշխարհային մայրաքաղաք է հռչակվել 2009-ին եւ տարակուսելի է, թե արդյո՞ք նշված ցուցահանդեսը այդ իրադարձության շրջանակներում է: Ինչեւէ: Այս տարվա օգոստոսի 5-ի լրահոսի ներքո էլ զետեղված է «Հայկական հուշարձանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում» նյութը, որն ուղղակի թույլ է տալիս վերջնականապես հրաժարվել այն մտքից, թե այս նախարարությունում առաջիկայում կհայտնվեն մասնագետ-կադրեր, ովքեր կհասկանան, թե ինչը ինչից հետո է գալիս: Դժվար է հասկանալ այն մարդուն, ով որոշել է սույն օգոստոսի 5-ին, գրանցումից 10-15 տարի անց, նախարարության կայքում արտագրել այդ տեղեկատվությունը: Սա ի՞նչ է՝ տասնամյա վաղեմություն ունեցող թարմ լուր… Ի դեպ, Սանահինը այդ ցուցակում գրանցվել է 2000-ին: «Առավոտը» բազմիցս անդրադարձել է այս նախարարության տրամադրած տեղեկատվական քաոսին՝ միջազգային կառույցների, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերաբերյալ: Ու մեկ անգամ չէ, որ համոզվել ենք, թե ինչպես է աշխատում այդ նախարարության միջազգային համագործակցության վարչությունը: Ի դեպ, արդեն մեկ ամսից ավելի է, որ այդ վարչությունը համալրվել է նախարարի նոր ազգականով ու, մեր տեղեկություններով, հենց նրան է վերապահված համակարգել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությունը: Աննա Ղազարյանը նախարարի հորեղբոր աղջիկն է. նա նախարարություն է եկել որպես քարտուղարուհի, ապա բազմաթիվ օտարերկրյա ճամփորդություններից ու գործուղումներից հետո դարձել է քաղծառայող՝ նախարարության ընդհանուր բաժնում, իսկ այժմ էլ, ոչ ավել, ոչ պակաս՝ միջազգային համագործակցության վարչության գլխավոր մասնագետն է: Թե ինչ մակարդակով ու քանի օտար լեզվի է տիրապետում Ա. Ղազարյանը, հայտնի է իրեն ու մեկ էլ նախարարին: Համենայնդեպս, մրցույթներում նմանօրինակ «փայլուն» հաղթանակներից հետո նախարարությունում հայտնվում են պայմանագրային աշխատողներ՝ օտարալեզու նամակագրության եւ թարգմանություններ կատարելու համար: Նորից գանք վեբ-կայքին՝ օգոստոսի 4-ի լրահոսում զետեղված «Կամավորական շարժումը հանուն մշակութային ժառանգության պահպանության» նյութին: Հասկանալու համար, թե համաշխարհային ժառանգության պահպանությանն ուղղված ինչ կոնկրետ գործողությունների մասին է խոսքը, այցելեցինք Համաշխարհային ժառանգության կենտրոնի պաշտոնական վեբ-կայքը, որը տեղեկացնում է հետեւյալը. «Patrimonito» (ժառանգության երիտասարդ պահապան) կարգախոսի ներքո ընթացող ծրագիրը առաջարկում է գործնական պարապմունքներ համաշխարհային ժառանգության շուրջ եւ նպատակաուղղված է համաշխարհային ժառանգության ճանաչմանը ե՛ւ միջազգային ու ազգային կամավորների, ե՛ւ տեղական բնակչության շրջանում: Ու կրկին զարմացանք տեղեկանալով, որ Զվարթնոցի տաճարի շրջակայքում (ինչպես եւ նկարագրված է https://whc.unesco.
org/uploads/activities/documents/activity-620-2.pdf կայքի Հայաստանին վերաբերող էջում) կամավորները նախատեսել են «Զվարթնոց» թանգարանի աշխատակիցների հետ հավաքել ու հաշվառել տաճարի ավերակների քարերը, կազմել դրանց ցուցակն ու այն ուղարկել ՀՀ մշակույթի նախարարություն՝ հետագա պահպանության հարցը լուծելու համար: Եվ սա այն դեպքում, երբ Զվարթնոցը բացօթյա ցուցադրություն է ու «չհաշվառված» քարեր պետք է արգելոցում չլինեն:
Ի դեպ, համաշխարհային ժառանգության նորություններով «տարված» պատասխանատուների ուշադրությունից վրիպել է վերջերս Բրազիլիայում ընթացող Համաշխարհային ժառանգության կոմիտեի հերթական նստաշրջանը, որը 21 նոր մշակութային վայրեր ու հուշարձաններ է ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության եւ Համաշխարհային ժառանգության վտանգված հուշարձանների ցանկերում: Մեր հարեւաններից Վրաստանն ու Իրանը նոր գրանցումներով կրկին ամրացրել են իրենց տեղը համաշխարհային գանձարանում: Իսկ ինչո՞ւ մեզ համար գայթակղիչ չի դառնում Իրանի օրինակը. 2008թ. այդ երկրի կողմից Ցուցակում գրանցվեցին հայկական վանական համալիրները, 2009-ին՝ Շոշթերի ջրագրական համակարգը, իսկ այս տարի եւս 2 հուշարձանախմբեր՝ Թավրիզի պատմական շուկան եւ 16-18 դդ. կառուցված սուֆիստական մի սրբատեղի: Հենց սա է կոչվում հետեւողական պետական քաղաքականություն: Մինչդեռ ՀՀ կառավարության պաշտոնական վեբ-կայքում տեղադրված ՀՀ մշակույթի նախարարության կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ նոր փաթեթի «Նախարարության գործառույթները» գլխում կարդում ենք. «Նախարարությունն իր նպատակների եւ խնդիրների իրականացման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ ՀՀ կառավարություն ու ՅՈՒՆԵՍԿՕ՝ ՀՀ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձաններն ու հատուկ պահպանվող պատմամշակութային տարածքները համապատասխանաբար՝ ՀՀ պատմության եւ մշակույթի հուշարձանների պետական ցուցակում եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկերում ընդգրկելու համար» (ի դեպ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակի պաշտոնական անվանումն է՝ «Համաշխարհային ժառանգության ցուցակ» եւ այն հավասարապես վերաբերում է եւ մշակութային, եւ բնության ժառանգության բացառիկ արժեքներին): Իսկ ե՞րբ է վերջին անգամ նախարարությունը վերանայել ՅՈՒՆԵՍԿՕ ներկայացվող Հայաստանի նախնական ցուցակը: Եթե ոչ աշխարհից, ապա գոնե հարեւաններից ետ չմնալու համար կարելի է զննել Համաշխարհային ժառանգության կենտրոնի վեբ-կայքի տվյալները՝ Հայաստան (1996թ.), Վրաստան (2007թ.), Իրան (2008թ.), Թուրքիա (2009թ.), Ադրբեջան (2001թ.): Ընդ որում, Ադրբեջանի նախնական ցուցակում ներկայացված է նաեւ «Շուշի» պատմաճարտարապետական արգելոցը:
Մշակույթի նախարարության պաշտոնական կայքը 2010թ. օգոստոսի 5-ին պաշտոնապես տեղեկացնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում դեռեւս 1995 եւ 2000 թվականներին տեղ գտած հայկական հուշարձանների մասին, սակայն զարմանալիորեն լռում է ընդամենը այս տարվա հունիսի վերջին Փարիզում գումարված Ոչ նյութական մշակութային ժառանգության գլխավոր ասամբլեայի մասին, որին մասնակցել է մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը: Ինչպես դարձյալ տեղեկացնում է www.unesco.org-ը՝ Ոչ նյութական ժառանգության միջկառավարական կոմիտեում այդ նստաշրջանի կողմից ընտրվել են Ալբանիան, Ադրբեջանն ու Չեխիան՝ թեեւ թեկնածուների թվում եղել է նաեւ Հայաստանը: Ինչպե՞ս է ստացվում, որ Ջուղայի հանցագործությունը իրականացրած երկիրը հայտնվում է միջկառավարական օղակներում եւ մինչեւ 2014 թվականը իր ձեռքում է պահելու որոշումներ կայացնելու մանդատը: Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողին: