Օգոստոսի 11-ին Գուանտանամո բազայում ԱՄՆ-ի ռազմական դատարանը հրապարակեց մոլորակի թիվ մեկ ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի նախկին խոհարար Իբրահիմ ալ-Քոսի դատավճիռը:
BBC-ի փոխանցմամբ, ալ-Քոսին դատապարտվեց 14 տարվա բանտարկության՝ ահաբեկչությանը ցուցաբերած աջակցության համար: Դա դրսեւորվել է նրանով, որ խոհարարը, համաձայն իր խոստովանության, աշխատել է «Ալ-Քաիդայի» առաջնորդի խոհանցում՝ իմանալով, որ այդ կազմակերպությունը ահաբեկչության կազմակերպմամբ է զբաղվում: Բացի այդ, քննչական մարմինների հետ կնքած գործարքի համաձայն, որի մանրամասները, ի դեպ, չեն հրապարակվում, ալ-Քոսին նաեւ խոստովանել է, որ եղել է բեն Լադենի թիկնապահն ու օգնել է նրան ամերիկացի զինվորականներից թաքնվել Աֆղանստանի Տորա-Բորա քարանձավում: Հիմա մնում է, որ բեն Լադենի նախկին խոհարարի նկատմամբ կայացված դատավճռին հավանություն տա Պենտագոնը:
50-ամյա խոհարարը կալանավորվել էր 2001թ.-ին, Աֆղանստանում եւ մեկ տարի անց տեղափոխվել էր Գուանտանամոյի ամերիկյան հենակետի բանտ: Նրա դատաքննությունը մեկնարկել էր հուլիսի 7-ին, հաջորդ օրն եւեթ նա խոստովանական ցուցմունքներ էր տվել: Ասվում էր, որ նրան ցմահ բանտարկություն է սպառնում: Նա թվով չորրորդ դատապարտյալն է, որ պահվել է Գուանտանամոյի բանտում: