«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը շարունակում է քայլեր ձեռնարկել «Հարավ» անունը կրող եւ ձեւավորման փուլում գտնվող միացյալ ռազմավարական հրամանատարության մարտունակությունը ամրապնդելու համար: Հրամանատարության ներքո գտնվող ռազմական միավորումների սպառազինությունների, ռազմատեխնիկայի եւ նոր կազմակերպչական կառուցվածքի արդիականացումը կօգնեն ետ շպրտելու Վրաստանի կողմից հնարավոր նոր ագրեսիան»,- այդ մասին ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի մատուցմամբ, հինգշաբթի օրը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության հասարակական խորհրդի անդամ, «Ազգային պաշտպանություն» պարբերականի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն:
Հունիսի սկզբին, ըստ աղբյուրի, ՌԴ գլխավոր շտաբը հայտարարել էր, թե դեկտեմբերի 1-ին կավարտվեն վեց զինվորական օկրուգների լուծարման եւ դրանց հիման վրա չորս օպերատիվ ռազմավարական հրամանատարությունների ձեւավորման ուղղությամբ տարվող աշխատանքները: Այսպես, Մոսկվայի եւ Լենինգրադի ռազմական օկրուգները կձեւավորեն Արեւմտյան հրամանատարությունը: Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի հենքի վրա կձեւավորվի Հարավային հրամանատարություն: Մերձվոլգյան- ուրալյան եւ Սիբիրի արեւմտյան ռազմական օկրուգները կմիավորվեն՝ ձեւավորելով Կենտրոնական հրամանատարություն: Չորրորդ՝ Արեւելյան հրամանատարությունը կձեւավորվի հեռավորարեւելյան ռազմական օկրուգի ու Արեւմտյան Սիբիրի զորամիավորումների հենքի վրա: Նախատեսվում է, որ «Հարավ» հրամանատարության մեջ մտնելու են Հյուսիսկովկասյան, արեւմտյան, Մերձվոլգյան-ուրալյան ռազմական օկրուգները, Սեւծովյան եւ Կասպյան նավատորմները, հայկական Գյումրի քաղաքում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան, նաեւ Հարավային Օսեթիայում եւ Աբխազիայում գտնվող բազաները:
Ինչպես հայտնի է դարձել ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ին, օրերս ՌԴ ռազմական ուժերի հեռանկարային կառուցվածքի հետագա ձեւավորման հարցերով անցկացված խորհրդակցության ժամանակ ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը հրահանգել է ռազմական կառավարման նոր համակարգի ձեւավորման ուղղությամբ բոլոր միջոցառումներն իրականացնել սեղմ ժամկետներում: