Երեկ ԿԳՆ-ում կայացած Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում ընդգրկված էին ուսումնական հաստատությունների՝ հանրակրթական ծրագրերով լիցենզիաներ ստանալու եւ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզիայի պարտադիր պայմանների ու պահանջների ստուգման արդյունքների մասին հարցերը: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՆ հաղորդագրութունից՝ հանձնաժողովը, քննարկելով նախարարության աշխատակազմի լիցենզավորման վարչության կատարած ստուգման արդյունքները եւ լսելով համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների պատասխանատուների պարզաբանումները, փակ, գաղտնի քվեարկությամբ որոշեց ամբողջությամբ կասեցնել Արմավիրի «Արարատ» համալսարանի, «ԷՅԱՅՅՈՒ արիա» միջազգային համալսարանի, «Վանեվան» ինստիտուտի, «Քավենդիշ» համալսարանի, Արտաշատի «Արտաշատ» համալսարանի, ռուս-հայկական ժամանակակից հումանիտար ինստիտուտի, «Մյուդ» իրավաբանական ինստիտուտի բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզիայի գործողությունը:
Հանձնաժողովը որոշեց կասեցնել առանձին մասնագիտությունների մասով հետեւյալ կազմակերպությունների բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման լիցենզիայի գործողությունը. Երեւանի «Մենեջմենթի» համալսարան՝ «ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում» (բակալավր, մագիստրոս), «լրագրություն» (բակալավր, մագիստրոս), «Գալիք» համալսարան՝ «իրավագիտություն» (հեռակա), «կառավարում», «օտար լեզու եւ գրականություն» (առկա, հեռակա), «Լորիս Քալաշյանի անվան հայկական բաց համալսարան»՝ «իրավագիտություն» (հեռակա), «կառավարում», «օտար լեզու եւ գրականություն», «մանկավարժություն եւ հոգեբանություն», «Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարան»՝ «ֆինանսներ», «ֆիզկուլտուրա եւ սպորտ», «մանկավարժություն եւ մեթոդիկա», Երեւանի «Էկոլոգիայի տնտեսագիտության եւ իրավունքի հայկական ինստիտուտ»՝ «ֆինանսներ», «իրավագիտություն», «օտար լեզու եւ գրականություն», «Երեւանի մշակույթի համալսարան»՝ «լրագրություն»: