Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԿԱ՛Մ ԱՆՏԱՐԲԵՐ ԵՆ, ԿԱ՛Մ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԱԾ

Օգոստոս 13,2010 00:00

Հակադիր «ճամբարների» երիտասարդների դիտարկումները՝ տոնի կապակցությամբ

Երեկ Երիտասարդության միջազգային օրն էր, սակայն «Առավոտի» հարցումը շուրջ 50 երիտասարդի շրջանում ցույց տվեց, որ նրանցից ոչ ոք տեղյակ չէր այդ մասին: Առանձնապես ոգեւորություն էլ չկար, որից պարզ դառնար, թե օրը տոնական է:
«Արմատ» մամուլի ակումբում ասուլիսով երիտասարդության օրը նշեցին «Միասին» շարժման ընդհանուր համակարգող, երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գեւորգ Վարդանյանը, շարժման ղեկավար Հակոբ Հակոբյանը, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Միքայել Խոսրովյանը, վարչության անդամ Վաղինակ Կոբելյանը: Ասուլիսը բավականին լարված էր, չնայած երիտասարդները ոչ իրար վիրավորեցին, ոչ էլ բարձրաձայն հակադրվեցին միմյանց (երեւի չուզեցին տոն օրով իրար նեղացնել), սակայն նրանց դեմքի արտահայտությունից պարզ էր դառնում, որ երկու «ճամբարների» երիտասարդ ներկայացուցիչների կարծիքները ոչ միշտ էին միմյանց սրտով: Հ. Հակոբյանը նկատեց. «Լավ կլիներ, որ պատշաճ ձեւով տոնեինք երիտասարդների օրը, քչերը գիտեն այդ մասին: Երիտասարդությունն ունի զբաղվածության, ժամանցի, կրթության հետ կապված խնդիրներ»:
 Մ. Խոսրովյանն էլ փաստեց. «Զարգացած երկրների երիտասարդների հետ համեմատած՝ հայ երիտասարդությունը վատ վիճակում է գտնվում: Չկա սոցիալական արդարություն: Երիտասարդությունը բաղկացած է մի քանի շերտերից, ինչը ցավալի է: Պետք է ամեն ինչ արվի, որ ուսանողը հետագայում աշխատանք ունենա, մինչդեռ հիմա շրջանավարտից աշխատանքային փորձ են պահանջում»: Շնորհավորելով բուհերի ուսանողական խորհուրդներին՝ երիտասարդ դաշնակցականը փաստեց. «Այսօր ուսխորհուրդները չեն ծառայում իրենց նպատակներին, չեն պաշտպանում ուսանողների շահերը ու, կարելի է ասել, մի քանի հոգու անձնական հարցերն են լուծում»: Գ. Վարդանյանն էլ նշեց, որ երիտասարդ գիտնականների սոցիալական խնդիրների լուծման առումով առաջընթաց կա՝ վկայակոչել այն ծրագիրը, որի շրջանակներում երիտասարդ գիտնականների համար բնակարաններ կկառուցվեն Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի հարեւանությամբ: «Նիկոլ Աղբալյան» միության ներկայացուցիչ Վ. Կոբելյանը հակադարձեց. «Այդ ծրագրերի մեծ մասը հասանելի են երիտասարդների միայն փոքր հատվածին, երիտասարդության հիմնական մասն իր ապագան տեսնում է Հայաստանից դուրս: Երիտասարդության շրջանում համատարած հիասթափության մթնոլորտ է, ինչը վտանգավոր միտում է՝ հատկապես, երբ հարցը դիտարկում են ազգային անվտանգության տեսանկյունից»:
«Առավոտը», վկայակոչելով Մ. Խոսրովյանի այն կարծիքը, թե երիտասարդության վիճակը ՀՀ-ում վատ է, հետաքրքրվեց՝ արդյո՞ք դրա պատճառներից մեկը կուսակցականացված լինելն է, երիտասարդ դաշնակցականը պատասխանեց. «Հայաստանի երիտասարդության մոտ 60 տոկոսը ընդհանրապես անտարբեր է, 40 տոկոսն է քաղաքականացված: Դա գալիս է նրանից, որ երիտասարդներն առաջնորդվում են իրենց տրված հրամաններով: Օրինակ՝ օտարալեզու դպրոցների մասին ոչ ոք դեմ չարտահայտվեց, ինչը թելադրանքի արդյունք էր»: Վ. Կոբելյանն էլ հավելեց. «Ուսխորհուրդները գտնվում են իշխանական ուսանողական հատվածի ձեռքում, ուստի ազգային անվտանգության նշանակության խնդիրը նրանք անարձագանք թողեցին: Մեր երիտասարդության խնդիրներից մեկն էլ այն է, որ չունի ազատ մտածողություն»: «Միասին» շարժման ղեկավար Հ. Հակոբյանին էլ «Առավոտը» հարցրեց՝ չե՞ն նեղվում, որ իրենց շարժումը ասոցացվում է ներկայիս նախագահի համար ստեղծված նոր «բազեականության» հետ: Նա փոքր-ինչ խուսափողական պատասխան տվեց. «Հպարտանում եմ, որ «Միասինն» իրեն դաշտում դրսեւորում է՝ որպես գործ անող կառույց: Արդեն 2.5 տարիների ընթացքում իրականացնում ենք 90-ից ավելի մասսայական միջոցառումներ… Անկախ նրանից, ով է նախաձեռնում բարեփոխումները, «Միասինը» դրանց աջակիցն է լինելու: Ինչ վերաբերում է նրան, որ մեր անունը կապվում է նախագահի անվան հետ, հպարտանում ենք դրանով»: «Նիկոլ Աղբալյանի» ատենապետը այս առումով ռեպլիկով հանդես եկավ. «Կարելի է մի քանի հազար երիտասարդով քաղաք մաքրել, կաշառակերության դեմ ակցիա անել, բայց դրանով երիտասարդության ո՞ր խավի հարցն ենք լուծում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել