Երեկ առավոտյան ՀՀ նախագահի նստավայրի մոտ էին հավաքվել Աջափնյակ համայնքի Նազարբեկյան 48 կիսակառույց շենքից վտարվող 20-30 քաղաքացիներ: Նրանք փորձում էին իրենց խնդիրն անձամբ պատմել Սերժ Սարգսյանին. «Նախագահը վերջ ի վերջո պետք է տեղյակ լինի, թե ինչ է կատարվում»: Նախագահը, սակայն, չմոտեցավ բողոքավորներին, բայց նրանց հետ զրույցի ուղարկեց իր խորհրդական Արմեն Աբելյանին, որին իրենց խնդիրների մասին պատմեցին վտարվողները: Հիշեցնենք, որ օրերս (05.08.2010) «Առավոտն» անդրադարձել է այս խնդրին: Մոտ 17 ընտանիք, անօթեւան չմնալու համար, 7 տարի առաջ ապօրինի կերպով բնակություն է հաստատել այդ Նազարբեկյան 48 կիսակառույց շենքում: Բնակիչների վստահեցմամբ՝ նրանք զբաղեցրել են այն բնակարանները, որոնք սեփականատերեր չեն ունեցել: Սակայն վերջերս ինչ-որ անձինք են հայտնվում եւ հայտարարում, որ իրենք այսինչ կամ այնինչ բնակարանի սեփականատերն են եւ դիմել են դատարան: Ուստի, շուտով նրանց ԴԱՀԿ-ն վտարելու է: Բնակիչների խոսքերով՝ բնակարանների սեփականատերերի մեծ մասը կեղծ փաստաթղթեր է ձեւակերպել եւ տիրացել բնակարաններին: Երեկ այս պատմությունը բնակիչները ներկայացրին նախագահի խորհրդականին: Նա վստահեցրեց, որ ծանոթ է խնդրին, եւ շենքի 36 սեփականատերերի փաստաթղթերը հատ առ հատ ուսումնասիրելու են, հնարավոր է եւ կեղծիքներ բացահայտվեն: Պարոն Աբելյանը վստահեցրեց, որ խնդրի առնչությամբ բնակիչներին պատասխան կարող են տալ միայն ուսումնասիրություններն ավարտելուց հետո: