Օքսֆամ ՄԲ Հայաստանյան մասնաճյուղի հովանավորությամբ եւ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի աջակցությամբ «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության կողմից հրապարակված իրավական հարցերով ուղեցույցը ուղղված է հասարակության իրազեկվածության բարձրացմանը:
Գրքույկը ձեռք բերողը կարող է ստանալ ժառանգության եւ ժառանգման հետ կապված իրավական կարգավորումներին առնչվող հարցերի պատասխանները, ձեռնարկատիրական գործունեության հիմքերը, մասնավորապես, հարցուպատասխանի ձեւով իմանալ, թե ինչպես են ձեւավորվում իրավաբանական անձինք, տնտեսական ընկերությունները, ընկերակցությունները, որն է պետական գրանցում իրականացնող մարմինը, ինչ ասել է պետական տուրք:
Ուղեցույցում ընտրվել են այն հարցերը, որոնց հաճախ են առնչվում անիրազեկ քաղաքացիները: Ժառանգության հետ առնչվող քաղաքացին այս ուղեցույցից օգտվելով՝ կարող է կողմնորոշվել, օրինակ, թե ինչպե՞ս պետք է տարբերել «ժառանգատուն»՝ «ժառանգից», ըստ օրենքի ովքե՞ր կարող են համարվել ժառանգներ կամ՝ ի՞նչ պետք է հասկանալ «ժառանգության զանգված» ասելով, ի՞նչ ձեւով է ընդունվում ժառանգությունը, արդյոք «ամուսին» հասկացության մեջ մտնո՞ւմ է նաեւ ժառանգատուի հետ փաստական ամուսնական կապերի մեջ գտնվող անձը…
Ուղեցույցը բաղկացած է 5 հավելվածներից, ուր ներառված է նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները հաստատելու մասին կառավարության որոշումից մինչեւ պետական տուրքի մասին ՀՀ օրենքը:
Գրքույկի կազմողներն են Ժ. Խաչատրյանը, Հ. Օհնիկյանը, Ք. Գեւորգյանը, խմբագիրը՝ Յու.Հովհաննիսյանը: «Հեղինակները խուսափել են իրավաբանական կրթություն չունեցող ընթերցողին զերծ պահել մանրամասների մեջ անհարկի խճճելու վտանգից», -նշված է նախաբանում: