Պետք է հաշվի առնել դատավճռի թողած ազդեցությունը
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մարտին Կարապետյանի նախագահությամբ, արդեն մի քանի ամիս ընթանում են դռնփակ դատական նիստեր: Հայրենիքի դավաճանության մեղադրանքով քրեական գործ է հարուցվել ԵԿՄ անդամ, փոխգնդապետ, «Նոր Եդեսիա» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ, երկու անչափահաս երեխաների հայր Գեւորգ Հայրապետյանի նկատմամբ: Այս գործով մեղադրանքը պաշտպանում են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ու դատախազ Արամ Ամիրզադյանը:
Դռնփակ դատական նիստերի գաղտնիությունը թույլ չի տալիս հետեւել դատաքննությանը: Իսկ դատաքննության հրապարակայնությունը կարեւոր է նաեւ այն իմաստով, որ, բացի Գեւորգ Հայրապետյանից, գործով անցնում է հարեւան պետության՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, եւ պարզ չէ, թե որքանով են հարգվում նրա դատավարական իրավունքները:
Հայտնի չէ, թե ո՞վ է պաշտպանում նրան, ո՞վ է թարգմանում, արդյոք, տվյալ պետության դիվանագիտական ներկայացուցչությունից որեւէ մեկը մասնակցո՞ւմ է դատական նիստերին…
Սակայն պարզ է դարձել, որ մեղադրանքի կողմը միջնորդել է դատարանին՝ հրամանատարին դատապարտել 13 տարվա ազատազրկման: Դատավոր Մարտին Կարապետյանն այս պահին խորհրդակցական սենյակում է, եւ դատավճիռը կհրապարակվի առաջիկա օրերին:
Գեներալ-մայոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի բնութագիրը նույնպես մաս է կազմում գործի նյութերի: Ըստ այդ բնութագրի, մենք գործ ունենք հայրենասեր, չարատավորված բնութագիր ունեցող, անձնազոհ հայի կերպարի հետ: Գեւորգ Հայրապետյանը մասնակցել է Երասխավանի, Շուշիի, Լիսագորի, Քաշաթաղի, Զանգելանի, Օմարի լեռնանցքի, Երեւան-Ստեփանակերտ ճանապարհի պաշտպանությանը: Գեւորգի անունը հայտնի դարձավ այն ժամանակ, երբ ԳԽ հանգուցյալ պատգամավոր Սամվել Շահմուրադյանի հետ Լաչինի քաղաքապետարանի շենքից իջեցրեց Ադրբեջանի պետական դրոշը:
Նա երկու անգամ վիրավորվել է ոտքից, ստացել կոնտուզիա:
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար հրամանատարը պարգեւատրվել է ՀՀ Արիության, Մարտական ծառայության, ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալներով, բազմաքանակ պատվոգրերով:
Գեւորգ Հայրապետյանը, ըստ ազգային անվտանգության ծառայության, որը նախաքննությունն է իրականացրել, մեղադրվում է, որ Իրանի քաղաքացու միջոցով «փոխանցել է ՀՀ միջազգային հեղինակությունը վարկաբեկող, ՀՀ արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար հակահայկական քարոզչություն համարվող լազերային սկավառակ՝ հայկական մարտական ստորաբաժանումների կողմից Շուշիում եւ Լաչինում իրականացված մաքրման գործողությունների վերաբերյալ»՝՝ իբր ադրբեջանական հատուկ ծառայություններին փոխանցելու նպատակով:
Փոխգնդապետը չի ընդունում իրեն մեղսագրվածը, նա «Առավոտին» ամիսներ առաջ ուղարկած նամակում էլ պնդում էր, որ չի հաշտվի հայրենիքի դավաճան պիտակավորման հետ:
Ինչպիսին կլինի դատավճիռը: Արժե հիշել ԱԺ նիստերից մեկում «Ժառանգություն» խմբակցության հայտարությունը՝ կապված այս գործի հետ. «Պետք է գիտակցել, որ եթե նիստը դռնփակ է, ապա դատավճիռը հասու է լինելու բոլորին, այդ թվում՝ արտասահմանցիներին, օրինակ՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուն: Կարծում ենք, մեզ պետք է հետաքրքրի ոչ միայն ազատամարտիկի շուրջ ստեղծված պատմությունը, նրա անմեղությունը կամ մեղավորությունը, այլ նաեւ հետագայում Հայաստանի եւ Արցախի համար դատավճռի ունեցած ազդեցությունը»: