Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՃՆՇՈՒՄ ՉԵՆ ՏԱԼԻՍ, ԽՆԱՅՈ՞ՒՄ ԵՆ

Օգոստոս 13,2010 00:00

Մայրաքաղաքի ջրամատակարարման համար պատասխանատուները Երեւանի որոշ թաղամասերում թերի ջրամատակարարումը պայմանավորում են ջրատարներից ապօրինի միացումներով, բայց, չգիտես ինչու, մեծաքանակ ջուր սպառող զվարճանքի օբյեկտները, ավտոլվացման կետերը, լողավազանները այս խնդիրը չեն ունենում: Օրինակ՝ տարիներով չի լուծվում Նորք-Մարաշի մի քանի փողոցների ջրամատակարարման հարցը: Ամռան սեզոնը բացվելուն պես՝ համայնքի մի քանի փողոցների բնակիչներ ջրին կարոտ են մնում: Օրեր է լինում, որ ծորակներից մի կաթիլ ջուր չի գալիս: Եթե գալիս էլ է, ապա մի քանի րոպե ճլճլում է, այնքան բարակ, որ, բնակիչների ներկայացմամբ, անգամ խմելու ջուր չեն հասցնում հավաքել. «Ջրատաքացուցիչ ու լվացքի մեքենա միացնելու մասին խոսք անգամ լինել չի կարող: Ամռանը լվացքը ձեռքով ենք անում, լողանալու ջուրն էլ՝ կիպիտելնիկով տաքացնում: Ի վերջո, մեր ջրի հարցով մեկը պիտի զբաղվի՞, թե՝ ամեն տարի ստիպված ենք լինելու նյարդեր քայքայել»,- ջրամատակարար ընկերության տնօրինությանը հարցնում են մարաշցիները. «Ուր ասես չենք բողոքել, անօգուտ է: Թաղամասի հարուստներն իրենց գլխի ճարը տեսել են՝ պոմպեր են տեղադրել եւ այժմ ճնշում լինի-չլինի՝ ջուրը պոմպը քաշում-բերում է, բայց սովորական քաղաքացիներն ինչպե՞ս անեն, պոմպ տեղադրելն էլ մեծ ծախսերի հետ է կապված»:
Այս համայնքում կան փողոցներ, որոնք շուրջօրյա ջրամատակարարում ունեն, ջրի ճնշումն էլ նորմալ է, քանի որ այլ ջրատար խողովակներից են սնվում: Սակայն Նորք-Մարաշի 9-րդ փողոցի բնակիչների ջուրը անգամ սահմանված գրաֆիկով չի մատակարարվում: «Երեւան ջուրը» հոսանքի խնայողություն է անում եւ չի ապահովում ջրի նորմալ ճնշումը, բացի այդ, եղած ճնշումն էլ թուլացնում են ներքեւի փողոցների բնակիչները, որոնք խմելու ջրով այգիներն են ջրում, լողավազաններ լցնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել