Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հիմա էլ համբալներիս են հարկային դաշտ բերում»

Օգոստոս 13,2010 00:00

Չարենցավանում պտուղբանջարեղեն, կանաչի վաճառողներին արդեն 4 օր քաղաքի հարկայինը տեռորի է ենթարկում՝ պահանջելով աշխատել ՀԴՄ-ներով:

Զայրացած առեւտրականները երեկ ՀՀ կառավարության շենքի բակում էին հավաքվել՝ հարկային մարմնի դեմ իրենց բողոքն արտահայտելու:
«Որպեսզի փողոցում չկանգնեինք ու քամուց, փոշուց, կեղտից պրծնեինք, քարե ծածկ սարքեցինք, որ դրա տակ մեր առեւտուրն անենք, հիմա մեզ ասում են՝ եթե քարե շինություն ունեք, պետք է մտնեք հարկային դաշտ ու կապ չունի, որ գյուղատնտեսական ապրանքներ եք վաճառում,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Գրետա Մերումյանը:- Տարբերությունն էն ա, որ իմ փողով գնում եմ, ապրանքը շալակում-բերում եմ, որ ընտանիքիս գոյությունը պահպանեմ: Հիմա կուլտուրական ասում են բիզնեսմեն, բայց ի՞նչ բիզնեսմեն, մենք գրուզչիկ ու էշ ենք, որ համբալությունից բացի ուրիշ բան չենք անում: Օրական 5 թարխունը վաճառվում ա, հինգը թափում եմ, ու էդ թափածն եմ տանում՝ իմ երեխեքն ուտեն: 50 դրամանոց թարխուն ծախողին ի՞նչ խղճով են ստիպում, որ ՀԴՄ կտրոն տա: Ես ունեմ հաշմանդամ ամուսին, 2 անչափահաս թոռնիկ, որից մեկին արդեն 2 տարի է հիվանդանոցի դռներից տուն չենք կարողանում բերել, եկել ու ինձնից ուզում են փող պոկե՞ն»: Վաճառականներից Հռիփսիկ Շահվերդյանն էլ նկատեց. «Եթե ի վիճակի լինեմ, դնեմ 60 հազարանոց հաշվիչը, էլ ինչի՞ համար եմ աշխատում, հենա տանը՝ ոտքս ոտքիս գցած կապրեմ, էլ ինչի՞ եմ գնում Մալաթիայի շուկա սրան-նրան խնդրում՝ նիսիայով ապրանք տան, ես էլ տանեմ Չարենցավան ու նիսիայով թոշակառուներին տամ»: Վարդան Գեւորգյանի դժգոհությամբ էլ. «Պոմիդորն առնում ենք 80 դրամով, եթե փափկում ա՝ վաճառում ենք 50-ով, հիմա ՀԴՄ խփելու դեպքում 30 դրամ վնաս եմ կրում, նորից մի հատ թուղթ տամ իրանց, ասեմ՝ տար կե՞ր: Ուրեմն եթե իրենց պահանջը չվերանայեն, մենք էլ չենք աշխատի, ու թող Չարենցավանում գործազուրկների թիվը մեծանա»: Մեկ այլ վաճառական էլ հորդորեց կառավարությանը վերանայել իրենց գրած օրենքները. «Էնքան օրենք կա, որ չի էլ գործում, թե՞ էս մեկը իրանց գրպանին օգուտ ա»: Ըստ Վարդան Գեւորգյանի, համաձայն է պետությանը հարկ վճարել, բայց. «Որ էդպես ա, թող գան ու իմ ապրանքն ակտավորեն, օրվա վերջում էլ գան ու մնացած «մուսըրս» տանեն ու իմ առած գնով դրա փոխարեն վճարեն ինձ»:
Չարենցավանցիները պատմում էին, որ իրենց քաղաքում գործազրկությունը վերջին տարիներին աննախադեպ աճել է. «Սաղ տները ծախում են ու փախնում էս գյորբադար երկրից, մարդ չկա, որ տոկոս ու վարկ չունենա, ոսկի բանկում դրած չլինի, էս ինչ անհասակցող են, փող չունենք, որտեղի՞ց հարկ վճարենք: Չարենցավանի բնակիչների 80 %-ի հոսանքը տասը օրով կտրած ա մնում, փող չունեն, որ մուծեն»: «Առավոտը» զրուցեց նաեւ Չարենցավանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման բաժնի պետ Վարուժան Բարսամյանի հետ: Նրա խոսքերով, իրենց քաղաքի առեւտրականներին հարկային դաշտ բերելու մասին հարցը նախկինում էլ է բարձրացվել, հետո քաղաքապետն է միջամտել ու հաջողվել է նրանց ընդառաջել՝ հարկային դաշտ բերելու որոշումը հետաձգել են. «Ես գիտեմ՝ եթե նրանց հարկային դաշտ բերեն, նրանք կզրկվեն իրենց աշխատանքից ու կփակեն իրենց առեւտրի կետերը, բայց ինչ կարող եմ ասել, կառավարության որոշումն է: Քաղաքապետն էլ է խնդրին տեղյակ, հիմա նորից կփորձի համապատասխան մարմինների հետ խոսել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել