Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՆՏԵՐՆԵՏ ՉԿԱ, ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ՝ ՆՈՒՅՆՊԵՍ

Օգոստոս 13,2010 00:00

«Բիլայնը» բաժանորդների փողերը հավաքում է ու մոռանում ծառայություն մատուցել

Արդեն 2 շաբաթից ավելի է՝ «Բիլայնի» ինտերնետ կապից օգտվող բաժանորդները պարզապես «ռմբակոծում» են ընկերության գրասենյակը, հեռախոսահամարները, սպասարկման կենտրոնները: Հավատալով գերարագ ինտերնետ կապի մասին ընկերության գովազդներին, մարդիկ դարձել են այդ ընկերության ինտերնետ կապի բաժանորդներ ու բացի այն, որ ինտերնետ բացարձակապես չեն ունենում ու դրա համար ամսական 6-9 հազար դրամ վճարում են, դեռ մի բան էլ պետք է տուգանք վճարեն՝ այդ չմատուցվող ծառայությունից հրաժարվելու համար:
Ինտերնետ կապի ծառայություն մատուցող մյուս ընկերություններից նույնպես բողոքներ են լինում, որ կապը խոստացածի պես արագ չէ, որ էլեկտրոնային փոստը դժվարությամբ են ստուգում եւ այլն, բայց այս դեպքում «Բիլայնի» բաժանորդները, երբ ուզեցել են օգտվել ինտերնետից, համակարգչի վրա այսպիսի տեքստով (տե՛ս լուսանկարը) պատուհան է բացվել՝ «Սխալ գաղտնաբառ կամ օգտագործողի անուն: Փորձեք կրկին մուտքագրել գաղտնաբառը կամ օգտագործողի անունը կամ դիմեք բաժանորդների սպասարկման ծառայություն՝ զանգահարելով 100»: Երբ բաժանորդները զանգում են այդ համարով՝ օպերատոր ռոբոտը, հաշվի առնելով բողոքների քանակը, միանգամից ներողություն է խնդրում կապի որակի համար: Ներողությունը՝ ներողություն, բայց հասկանալի է, որ բաժանորդները շարունակում են վճարել մի ծառայության դիմաց, որը չեն ստանում ու որի համար չի էլ փոխհատուցվում:
Ինչպես «Առավոտին» պարզաբանեցին «Բիլայնի» հասարակայնության հետ կապերի բաժնից, «Միայն անցյալ շաբաթ 7-8 վթար է եղել, վերջին 3 տարվա ընթացքում մենք նման բան չենք հիշում, որ իրար հետեւից այդքան վթար լինի: Վրաստանում եւ Իրանում անընդհատ կաբելներ են փչանում, մենք մի քանի կապուղի ունենք, բայց քանի որ ծանրաբեռնվածությունն ընկնում է այլ կապուղիների վրա՝ կապի որակն ու արագությունը տուժում է, ուստի իսկապես հայցում ենք մեր բաժանորդների ներողամտությունը»:
Պարզվում է՝ Իրանում ճանապարհաշինություն է, իսկ այդ նոր կառուցվող ճանապարհը, «թարսի պես», «Բիլայնի» կապուղիների վրայով է անցնում, շինարարության համար աշխատող տրակտոներն ու բուլդոզերներն անընդհատ վնասում են կապուղիները. «Մեր բրիգադներն արագ ուղղում են խնդիրն ու վերացնում վնասվածքը, բայց ամեն վթարից հետո ժամանակ է պետք, որ արագությունը վերականգնվի: Ինչ վերաբերում է Վրաստանին, այնտեղ մեր պարտնյորները պլանային աշխատանքներ են կատարում, որը նախատեսված էր կազմակերպել երեկոյան, բայց, չգիտես ինչու, 24 ժամ տեւեց: Մենք բաժանորդերին զգուշացնում ենք, որ այս պահին կա խնդիր, բայց մենք 1-2 ժամում արագ աշխատում ենք վերացնել դա: Նշենք, որ նույնիսկ այս օրերին որոշ բաժանորդներ զանգում ու գովում են մեր կապը, այնպես որ, դա բախտի հարց է եւ կապված է, թե որ բաժանորդը որ կապուղու վրա է»:
Ինչպես գիտենք, մի քանի տարի առաջ մենք բոլորս կախված էինք «ԱրմենՏելի» ինտերնետից, քանի որ նա էր միակ մատակարարը, եւ եթե մենաշնորհից չզրկվեր՝ փաստորեն հիմա ամբողջ Հայաստանը զրկված կլիներ ինտերնետ կապից ու շաբաթներով կտրված կլիներ աշխարհից: «Բիլայնից» հույս հայտնեցին, որ այլեւս նման զուգադիպություններ չեն լինի, երբ միաժամանակ մի քանի կապուղի վնասվի. «Ընկերությունն ամեն ինչ անում է, որ նման բաներ չլինեն, մենք մոտակա ժամանակներս պատրաստվում ենք նոր կապուղիներ վերցնել ու բաժանորդներին ավելի քիչ կախված պահել այդ վթարներից»: Մեր հարցին՝ չե՞ք պատրաստվում բաժանորդներին ինչ-որ կերպ փոխհատուցել պատճառած վնասի համար, որովհետեւ մարդիկ վճարել են ու կապ չեն ունեցել՝ ընկերությունից պատասխանեցին. «Եթե դա պարբերաբար լինի՝ նոր կփոխհատուցենք, իսկ հիմա դեռ փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող»:
Չնայած կապի խայտառակ որակին, այս օրերին էլ «Բիլայնը» շարունակում է գովազդել ու բջջային համարներին sms-ներ ուղարկել, որ օգտվեն իրենց «Hi-Line» ծառայությունից, որը հնարավորություն է տալիս սովորական հեռախոսային գծերով միանալ գերարագ ինտերնետին: Սակայն «Hi-Line»-ի բազմաթիվ բաժանորդներ բողոքում են, որ արդեն 2 ամիս է՝ նորմալ կապ չունեն: Բաժանորդներից մեկի խոսքերով՝ «Ֆիքսված հեռախոսին զանգ է գալիս՝ 15-20 րոպե ինտերնետը վերանում է: Կարող է մեզ անընդհատ զանգում են, դա նշանակում է՝ մենք ողջ օրը պետք է կապ չունենա՞նք, կամ ընտրությո՞ւն պետք է կատարենք ինտերնետի ու հեռախոսի միջեւ»: Երբ բաժանորդները զանգում են սպասարկման կենտրոններ ու բողոքում, որ «Hi-Line»-ն իրեն չի արդարացնում՝ ընկերության աշխատակիցները պատասխանում են՝ «Կարո՞ղ է երկու հեռախոս եք օգտագործում, եթե այո՝ կապը դրանից է վատ: Մենք մի մասնավոր ընկերության հետ ենք համագործակցում, որի այցը մոտ 3000 դրամ է, կանչեք, թող գա նայի, կարող է հատուկ սարք տեղադրի՝ 1500-1600 դրամանոց եւ կապը նորմալանա»: Բողոքող բաժանորդի խոսքերով՝ «Երբ բաժանորդագրվում էինք «Hi-Line»-ին, մենք զգուշացրինք, որ տանը 2 հեռախոս կա, բայց մեզ վստահեցրին, որ դա նշանակություն չունի, հիմա, ինչ է թե իրենց ինտերնետ կապը մեռած է՝ մեզ ստիպում են ավելորդ վճարումնե՞ր կատարել»:
Նշենք, որ «Առավոտի» խմբագրության որոշ աշխատակիցներ նույնպես «Hi-Line»-ից են օգտվում: Լրագրողի աշխատանքը կապված է ինտերնետից, եւ անգամ մի քանի ժամ ինտերնետի բացակայությունը խափանում է պլանավորված ողջ աշխատանքը, ուստի ոչ մեկին չի հետաքրքրում, թե Իրանում որ բուլդոզերն է վնասել «Բիլայնի» կապուղին, քանի անգամ կամ ինչպես: Հիմա, երբ նրանք ուզում են հրաժարվել այդ կապից՝ ստիպում են տուգանք վճարել: Փաստորեն, ընկերության փոխարեն, մի բան էլ բաժանորդներն են «վնասի փոխհատուցում» կատարում ու կրկնակի տուժում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել