Լրահոս
Օրվա լրահոսը

Մանուկ Վարդանյա՞նն էր կոռուպցիայի պատճառը

Օգոստոս 13,2010 00:00

Կառավարության երեկվա որոշմամբ փոփոխություններ են կատարվել «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում:
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը երեկ կայացած բրիֆինգի ժամանակ ասաց, որ դեռ 2008 թվականից օրենքը գործում էր միայն Երեւանի համար, այսինքն՝ «Ունեինք բավականին մեծ քանակությամբ բնակելի տներ, որոնք ինքնակամ կառույցներ չեն. սրանք օրինական ճանապարհով են կառուցվել, պարզապես ժամանակի ընթացքում իրավունքի ձեռքբերման փաստաթղթերը չեն պահպանվել»: Պարոն Մուսայանի խոսքով, 2008-ից գործող օրենքը արդյունավետ է, եւ դրա շնորհիվ մեծ քանակությամբ բնակելի տներ հնարավորություն ստացան իրավունքի գրանցում ձեռք բերել: Նա նաեւ հավելեց, որ, օրենքի նոր փոփոխությամբ, այսուհետեւ իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակը կհաստատվի հանրապետությունով մեկ:
Ըստ նրա, օրենքում անփոփոխ է մնացել միայն Երեւանի հողատարածքների չափը՝ 300քմ, իսկ մյուս քաղաքային բնակելի հողերի համար սահմանվեց 400քմ, գյուղական համայնքների համար էլ՝ 1000քմ: Պարոն Մուսայանը հավաստիացրեց, որ անշարժ գույքի շուկայում 2008-ի համեմատ այս տարի կտրուկ աճել են օտարումների եւ հիփոթեքային բնակարանների առք ու վաճառքի գործարքները:
Նա հերքեց բնակչության շրջանում առաջացած դժգոհությունները՝ կապված կադաստրի պետական կոմիտեի տարբեր տեղամասերում առկա կուռուպցիայի հետ. «Սա հնացած տվյալներ են, որովհետեւ կոռուպցիոն դրսեւորումներ կային 2008-2009 թվականներին: Կոմիտեի նոր ղեկավարի օրոք բավականին շատ միջոցառումներ ձեռնարկվեցին այդ ուղղությամբ, ուժեղացվեց կոմիտեի վերահսկողական վարչության գործունեությունը եւ կանոնակարգվեց իրավիճակը, կադրային մեծ փոփոխություններ իրականացվեցին. աշխատանքից ազատվեցին ե՛ւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ, ե՛ւ առանձին մասնագետներ: Ներկայումս կադաստրի համակարգում բավականին նորմալ իրավիճակ է ստեղծվել»: Այսինքն՝ կոռուպցիան կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ, ներկայիս ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի ղեկավարությա՞մբ էր պայմանավորված. «Եկեք, անունների հետ չկապենք, ժամանակաշրջանն էր այդպիսին, այն ժամանակ դեռ չգիտեինք ինչ բան է կադաստրը: Միայն կարող եմ ասել, որ կադաստրում ներկայումս կոռուպցիան վերացված է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել