Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՄԱՎԻԱՆ»՝ ԻՆՉՊԵՍ ԳՅՈՒՄՐԻԻ «ՄԱՅՈՒՇԻԿԸ»

Օգոստոս 13,2010 00:00

\"\"Խոշոր հարկատուների ցանկից պարզ է դառնում, որ մեր «ազգային արժեքները» պարտքերի տակ խրված են

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը, չնայած իր առասպելական հարստությանը, հանրապետության վատագույն հարկատուներից է: Նա, ինչպես շատ այլ խոշոր գործարարներ, հնարավոր բոլոր միջոցներով խուսափում է հարկային վճարումներից: Երկար ժամանակ, օգտվելով այն փաստից, որ ՌԴ քաղաքացի է, Մ. Բաղդասարովն օգտվեց շահութահարկի 100% եւ 50% նվազեցման արտոնությունից ու, իր ընկերությունները գրանցելով օտարերկրյա կապիտալով, մեծ շահույթներ ստացավ: Հիմա էլ նա իրեն պատկանող «Արմավիան», «Միկա կորպորեյշընը», «Միկմետալը», «Միկացեմենտը» քիչ-քիչ դուրս է հանում խոշոր հարկատուների ցանկից ու նրբորենորեն մտցնում է հարկային պարտքի աճ ունեցող ընկերությունների ցանկ:
«Արմավիան» ազգային արժեք է. մեր ազգային ավիափոխադրողի գովազդներում այսպես է հավաստիացնում պարոն Բաղդասարովը: Եվ ազգային արժեք համարվող այդ ընկերությունը, որը վնասով չի աշխատում (ՊԵԿ-ի հրապարակած՝ վնաս հայտարարագրած ընկերությունների ցանկում չկա), մեր բյուջեին 791 մլն դրամից ավելի հարկային պարտք ունի եւ պարտքերի ցուցակում առաջին տեղերում է: «Միկացեմենտը», որը 2009-ի նույն ժամանակահատվածում գոնե 242 մլն դրամի հարկ էր վճարել, այս տարի կրճատել է վճարումները՝ դարձնելով ընդամենը 160 մլն դրամ: Բաղդասարովի այս ընկերությունը նույնպես խոշոր հարկատուի փոխարեն խոշոր պարտատու է եւ 283 մլն դրամի ապառքի աճ ունի: Պատկերացնելու համար, թե մեր ազգային ավիափոխադրողն ու ցեմենտի խոշոր արտահանողն ապառքի աճ ունեցողների ցանկում ինչ կարգի ընկերությունների հետ է ոտք գցում՝ ասենք, որ այդ ընկերություններից անհամեմատ ավելի լավ տեղերում են Եղվարդում գործող «Աշոտ Եղոյանը», Գյումրիի «Մայուշիկը», Սայաթ-Նովա գյուղի «Պիսկեսը», Արամուս գյուղի Գագիկ Ղազարյանը, Խուլերի հայկական սպորտային կոմիտեն, որոնք իրենց շրջանառությամբ ու եկամուտներով անհամեմատելի են Միխայիլ Բաղդասարովի հետ:
Ցեմենտի մյուս արտահանողն է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, ում անձնական ինչքի մասին նույնպես լեգենդներ են պտտվում, սակայն նա էլ հարկային վճարումներից խուսափելու թուլություն ունի: Բայց այս անգամ ցեմենտի բիզնեսի համար նրա վճարումները ցույց են տալիս, որ գոնե այդ մի գործը նրա մոտ բավականին հաջող է եղել: «Արարատցեմենտը», որը 2009-ին վճարել էր ընդամենը 42 մլն դրամ, այս տարի հնգապատկել է իր վճարումները՝ 215 մլն դրամ:
Խոշոր հարկատուներից այս տարի, նախորդ տարվա համեմատությամբ, մի փոքր ավելի է վճարել նաեւ «Տոյոտա» եւ «Լեքսուս» մակնիշի մեքենաներ ներմուծող «Տոյոտա Երեւանը»: Ինչպես հայտնի է, մեր երկրում այդ բիզնեսով զբաղվում է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակը: Երբ համեմատում ենք նրա վճարած հարկերը ավտոմեքենաների ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող այլ խոշոր ընկերությունների հետ, երեւում է, որ գրեթե բոլորը՝ «Մուրանը», «Կարկոմավտոն», «Գլոբալ Մոթորսը», «Մեգամոթորսը», վճարումները կրկնապատկել են: Սակայն, հաշվի առնելով, թե պետական մակարդակով ինչպիսի արտոնություն է տրվում «Տոյոտա Երեւանին», այդ ընկերության ավելացրած հարկային վճարումները չնչին են թվում: Ծառայողական մեքենա գնելիս բոլոր պետական կառույցները նախապատվությունը տալիս են «Տոյոտաներին»: Ֆիննախի հրապարակած տվյալների համաձայն, միայն ՀՀ ոստիկանության համար պետական միջոցների հաշվին ձեռք բերվեց 70 «Տոյոտա» ավտոմեքենա, այդ պետական աջակցության արդյունքում մի քանի օրում պետբյուջեից Քոչարյանների ընտանեկան բյուջե մտավ 545 միլիոն 250 հազար դրամ:
Վերջին օրերին ցորենի համաշխարհային շուկայի թանկացումների մասին լսելուն պես՝ Հայաստանում հացի գները 20-30 դրամով շատ արագ բարձրացան: Մինչ օրս էլ հացի որոշ արտադրամասեր շարունակում են 10-ական դրամով հացը թանկացնել: Չնայած հացն այն ապրանքն է, որ, անկախ եկամուտներից, մարդիկ ստիպված գնում են, հարկատուների ցանկից երեւում է, որ ցորենի ալյուրի ներկրմամբ ու հացի արտադրությամբ զբաղվող ընկերությունները տարեցտարի ավելի քիչ հարկ են վճարում: Օրինակ, մի շարք ապրանքատեսակների ներկրմամբ եւ իրացմամբ, ինչպես նաեւ մսամթերքի, հացամթերքի, աղցանների եւ կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող «Հայր եւ որդի Երիցյաններ» ընկերությունը ցանկում ընդհանրապես չկա, նա 9 մլն դրամից ավելի վնաս է հայտարարագրել: Սա այն դեպքում, երբ ցանկում այդքան վնաս են ցույց տվել Լոռու Բերդ գյուղի «Մալադյոժնի» ընկերությունը կամ Անտառաշեն գյուղի «Քուռկիկ Ջալալին», որոնց դժվար էլ է պատկերացնել խոշոր հարկատուների ցանկում:
Նախորդ տարի մեծ աղմուկ բարձրացավ, թե Հնդկաստանից մեր երկիր ներկրվող եւ երշիկեղենի արտադրության մեջ օգտագործվող գոմեշի միսն այնտեղ ինչ հակահիգիենիկ պայմաններում են վերամշակում ու ուղարկում Հայաստան: Վարչապետ Տիգրան Սարգսյանն ապշել էր՝ տեսնելով նկարահանումները, թե ինչպես են Հնդկաստանի՝ սանիտարահիգիենիկ տարրական չափանիշներից հեռու տարածքում սատկած գոմեշի միսը մշակում ու այդ նույն միսը գալիս է մեր երկիր: Այն հայկական ընկերությունները, որոնք տարիներ շարունակ այդ սատկած գոմեշի մսերը հրամցրել են մեր սպառողներին՝ այսօր հարկատուների ցանկում ծիծաղելի տեղերում են: Գոմեշի միս ներկրող ընկերություններից մեկը՝ «Մուշը», որը նախորդ տարի գոնե 157 մլն դրամ վճարել էր, այս տարի ցանկում չկա, «Մոկոնաթը», որ 2009-ին վճարել էր 808 մլն, այս տարի կիսով չափ կրճատել է հարկերը ու վճարել ընդամենը 422 մլն դրամ: «Դիուսը» վճարել է ընդամենը 129 մլն դրամ, երբ գրեթե կրկնակի հարկ է վճարել արեւածաղկի սերմ վաճառող «Մարտին սթար» ընկերությունը: Իսկ «Նատֆուդը», որը հարկատուների ցանկից բացակայում է, ցույց է տվել, թե 64 մլն դրամի վնաս է կրել եւ վնասով է աշխատում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել