ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի՝ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում նշանակման շուրջ առաջացած աղմուկը շարունակում է ակտիվորեն լուսաբանվել արտասահմանյան առաջատար պարբերականներում: The Washington Times թերթն արդեն երկրորդ անգամ է անդրադառնում այդ թեմային՝ գրելով, թե Բրայզայի թեկնածության լսումների ժամանակ վերջինս հաստատեց, որ շարունակելու է սատարել Ադրբեջանի կառավարությանը թիրախային խնդիրներում. այն է՝ ԶԼՄ-ների ազատություն, քաղաքական բազմակարծություն, օրենքի գերակայություն եւ ակտիվ քաղաքացիական հասարակություն: «Սրանք այն ստանդարտ արտահայտություններն են, որոնք կիրառում են ԱՄՆ-ի բոլոր այն դեսպանները, ովքեր գործուղվում են կառավարման ավտորիտար ռեժիմ ունեցող երկրներ, սակայն Ադրբեջանի հետ սերտորեն կապակցված Մեթյու Բրայզայի անցյալը մեծ կասկածներ է առաջացնում իր խոստումների նկատմամբ»,-նկատում է պարբերականն ու հիշեցնում, որ 2007թ.- ին ադրբեջանական «Ազադլըգ» ընդդիմադիր թերթի խմբագիր Ջանիմաթ Զահիդը եւ նույն թերթի լրագրող Ագիլ Հալիլը «Ադրբեջանը վճարում է Մեթյու Բրայզայի հարսանիքի համար» վերնագրով մի հոդված են հրապարակել, որում ասվում էր, որ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Հայդար Բաբաեւը ֆինանսավորել է Բրայզայի՝ Ստամբուլում կայացած հարսանիքը: Այդ ժամանակ Մեթյու Բրայզան ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահողն էր: