Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՀԱՑԸ ԱՎԵԼԻ Է ԹԱՆԿԱՆԱԼՈՒ»

Օգոստոս 13,2010 00:00

\"\"Կարծում է ՀՀ պարենի եւ մթերումների նախկին նախարար Դավիթ Զադոյանը՝ համոզմունք հայտնելով, որ ժողովրդի բողոքի ձայնը հացի գնի վերահսկման ամենաարդյունավետ մեխանիզմն է:

– Պարոն Զադոյան, 1993-96 թթ. դժվար տարիներին Դուք եղել եք Հայաստանի պարենի եւ մթերումների նախարարը, ուստի քաջատեղյակ եք երկրի պարենային անվտանգության հետ կապված խնդիրներին: Արդեն իսկ տեսանելի է, որ այս տարվա ընթացքում հացահատիկի հետ կապված որոշակի լարվածություն կարող է առաջանալ: Ձեր գնահատմամբ, այսօր մեր երկրում առկա՞ են պարենային անվտանգության ապահովման արդյունավետ մեխանիզմներ:
– Իրոք, 93-96 թվականներն ահավոր բարդ տարիներ էին՝ հատկապես հացի առումով: Մենք մեծ դժվարությամբ էինք կարողանում նախ՝ հայթայթել եւ ապա՝ հայթայթած ցորենը կամ ալյուրը բերել-հասցնել Հայաստան: Քանի որ ներկրում էինք Վրաստանի տարածքով, որտեղ այն տարիներին բացարձակ անարխիա էր, եւ հաճախ մեր ցորենը վրացիները դատարկում էին իրենց համար: Այդ շրջանում վրացիները մոտ 30 հազար տոննա ցորեն, որը մենք գնել էինք եւ տեղափոխում էինք Հայաստան, դատարկել էին՝ ասելով, թե՝ մենք չունենք ցորեն, ուստի մեր տարածքով անցնող ցորենը վերցնում ենք մեզ: Իհարկե, այդ ամենը նաեւ ձեւակերպել էին: Բայց որպեսզի պատկերացնեք, թե ինչ է նշանակում 30 հազար տոննան, ասեմ, որ դա մեր երկրի մեկ ամսվա օգտագործման հացահատիկի պաշարն է: Հետագայում, իհարկե, մինչեւ 96թ-ի վերջը, ինձ հաջողվեց ցորենի այդ ամբողջ պարտքը հետ ստանալ վրացիներից: Այսօր դժվար է պատկերացնել, բայց այդ շրջանում մեկ կամ երկու դեպք է եղել, երբ հանրապետությունն ապահովված է եղել 5-ից 10 օրվա ցորենով: Մնացած օրերին մեր պաշարները եղել են 1-2 օրվա, եւ կարողանում էինք պարզապես անիվների վրայից ցորենը հասցնել՝ որ սով չլիներ: Այդ օրերին հացը քարտերով էր տրվում, հաճախ բողոքում էին որակից, բայց սով չեղավ, դա է ամենակարեւորը: Եվ այդ բանում բոլորն էլ իրենց լուման ունեն՝ սկսած ժողովրդից, որը համբերատար տարավ, այդ անորակ հացը կերավ, բայց դիմացավ:
Ինչ վերաբերում է պարենային անվտանգության այսօրվա խնդիրներին, ապա պետք է ասեմ, որ դեռ 2001թ, երբ ես աշխատում էի, անընդհատ պնդում էի առնվազն 30 հազար տոննայի չափ ցորենի պահուստներ ունենալու անհրաժեշտության մասին: Համաձայն գործող նորմերի, անհրաժեշտ է ունենալ 40 օրվա պահուստ, բայց դե՝ այդ 10 օրն էլ դեռ ոչինչ, գոնե մեկ ամսվա պաշար պիտի անպայման ունենա երկիրը:
– Իսկ տեղյա՞կ եք՝ արդյոք այսօր ունե՞նք նման պաշարներ:
– Չեմ կարող ասել, որ հարյուր տոկոսով տեղեկացված եմ, սակայն ըստ իմ ունեցած տեղեկատվության, 5-7 հազար տոննայի չափ պահուստներ կան, բայց դա ահավոր քիչ է: Հատկապես այս տարի, երբ նման լարվածություն կա հացահատիկային շուկայում:
– Բայց, պարոն Զադոյան, ցորենի հիմնական ներկրող «Ալեքս Գրիգ» ընկերության սեփականատեր Ս. Ալեքսանյանն օրերս հայտարարեց, թե այսօրվա դրությամբ Հայաստանում եղած հացը մինչեւ ձմեռ կհերիքի:
– Ինքը ահավոր մեծ թիվ է ասել, նման բան չի կարող լինել: Մեր կարգի երկրները առավելագույնը մեկ ամսվա պաշար են պահում, հետո այդ պաշարների թարմացման խնդիրը կա, բացի այդ, ոչ մի գործարար իր կապիտալը 6 ամսով չի քնացնի: Ինչ վերաբերում է Ս. Ալեքսանյանին, ապա նա շատ խելոք է վարում իր բիզնեսը եւ, ի տարբերություն շատ գործարարների, խոշոր հարկատուների ցուցակում առաջնային տեղեր է զբաղեցնում:
– Իսկ ինչպես եք վերաբերվում այն իրողությանը, որ այսօր մեր երկիր հացահատիկի մատակարարմամբ զբաղվում է մեկ առանձին օլիգարխ եւ մեր պարենային անվտանգության հետ կապված հարցերին նա է պատասխանում, ասելով թե՝ մի վախեցեք, Հայաստանն առանց հաց չի մնա:
– Շատ ճիշտ է, որ պետությունը չպետք է զբաղվի հաց ներկրելով: Դա կարող է շատ ավելի վտանգավոր լինել:
– Ինչո՞ւ:
– Որովհետեւ պետականորեն լեզու գտնելը հաճախ շատ ավելի բարդ կարող է լինել, քան մասնավոր մակարդակով: Բացի այդ, եթե մենք շուկայական տնտեսություն ունեցող երկիր ենք, ապա շատ լավ է, որ հացը ներկրում է մասնավորը եւ վստահ ասում՝ չվախենաք, հաց կտամ կուտեք՝ սոված չեք մնա: Տա Աստված, որ դա իրականանա: Բայց պետությունն այստեղ մեծ անելիք ունի՝ արդեն նշածս առնվազն 30 հազար տոննա պահուստներն ապահովելու հարցում, որպեսզի արտակարգ իրավիճակում մեկ ամիս ժամանակ ունենա այլընտրանքային ուղիներ գտնելու եւ հացը հասցնելու համար: Ես կարծում եմ, որ այս հարցում ՀՀ նախագահը հեռատես է, եւ ամեն ինչ կանի մեծացնելու համար մեր պահուստները: Հակառակ դեպքում՝ կկանգնենք մեծ խնդիրների առջեւ:
– 2008թ. վրաց-օսական հնգօրյա պատերազմից հետո, երբ պարզ դարձավ, որ արտակարգ իրավիճակներում Հայաստանը կարող է կանգնել պարենային անվտանգության հետ կապված լրջագույն խնդիրների առջեւ, ՀՀ կառավարությունը որոշեց ծրագիր մշակել՝ բարձրացնելու համար Հայաստանի հացահատիկային ինքնաբավության աստիճանը: Սակայն այդպես էլ իրական արդյունավետ քայլեր չարվեցին այդ ծրագրի իրագործման ուղղությամբ: Ձեր կարծիքով, Հայաստանում հնարավո՞ր է հասնել հացահատիկային գոնե 50 տոկոս ինքնաբավության:
– Ներկայումս ցորենի մշակության տակ դրված է 82 հազար հեկտար: Որպեսզի Հայաստանը դառնա հացահատիկային ինքնաբավ երկիր, պետք է ունենա մոտ 250 հազար հա ցորենի արտեր, որոնցից 70 հազարը՝ ջրովի: Սակայն Ձեր նշած ծրագիրը ես սխալ եմ համարում, քանի որ Հայաստանում, հատկապես Արարատյան դաշտավայրի բերրի հողերում, կարելի է զարգացնել ագրոարդյունաբերական այլ ուղղություններ, որոնք շատ ավելի եկամտաբեր են: Առավելեւս, որ ներկրվող ցորենը ավելի էժան է նստում, քան տեղում աճեցվածը: Իսկ ցորեն պետք է աճեցնել լեռնային եւ նախալեռնային շրջաններում, Արարատյան դաշտավայրում էլ՝ միայն ցանքաշրջանառության նպատակով:
– Ձեր գնահատմամբ, որքանով է հացի գնի թանկացումը պայմանավորված ռուսական ցորենի արտահանման արգելանքով:
– Այս տարի հացը խնդիր է ամբողջ աշխարհի համար: Սակայն, ըստ էության, տարբերություն չկա, թե որտեղից կներկրվի ցորենը՝ Հարավային Ամերիկայից, թե մեր «քթի տակ» գտնվող Ռուսաստանից: Նույն գինն է, անգամ կարող է ավելի էժան լինել, եթե մեր ներկրողը միանգամից գնի 20-30 հազար տոննա եւ ոչ թե փոքր խմբաքանակ: Այդ դեպքում մեծ նավերով փոխադրումն անգամ կարող է ավելի էժան նստել:
– Այդ հնարավորությունը հաշվի առնելով՝ առաջիկայում հացի գնի թանկացման հետ կապված ինչպիսի՞ կանխատեսումներ ունեք:
– Ամեն դեպքում, այս տարի հացի հարցում մեծ խնդիրներ ենք ունենալու: Այս վերջին թանկացումից որոշ ժամանակ անց հացը էլի է թանկանալու: Դրանից հետո մի քիչ գինը կիջնի, ու այդպես էլ կմնա: Այսինքն, արդյունքում զգալի թանկ կլինի, քան այսօր:
– Պարոն Զադոյան, իսկ ինչպիսի՞ն պետք է լինի պետության դերը վերահսկելու եւ կանոնակարգելու համար առաջին անhրաժեշտության այնպիսի ապրանքների գները, ինչպիսին հացն է:
– Ի դեմս Հանրային ծառայությունները կարգավորող եւ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովների՝ այդ վերահսկողության բոլոր մեխանիզմները օրենքով կան, սակայն, ցավոք սրտի, դրանք չեն կայանում, ինչ-ինչ ազդեցությունների ոլորտից դուրս չեն գալիս, որպեսզի կարողանան գործել: Մինչեւ հացի գների չպատճառաբանված թանկացումից հետո մի պահ ժողովրդի բողոքի ձայնը լսելի չդառնա եւ ճնշում չգործադրի, պետությունը գների վերահսկողությունն իր ձեռքը չի վերցնի: Իսկ այդ ճնշումը, մի վախեցեք, կլինի:
– Տա Աստված, որ հացն այդքան չթանկանա, եւ բանը չհասնի այդ ճնշման անհրաժեշտությանը:
– Աստված չի խառնվելու, եւ բանը դրան հասնելու է:
– Այսինքն, կարո՞ղ է հանկարծ այնպիսի իրավիճակի հասնենք, որ կրկին ստիպված լինենք հացը անիվների վրայից հասցնել ժողովրդին:
– 90-ականների վիճակը չի կրկնվի: Դա հաստատ: Բայց գնի զգալի թանկացում՝ իր բոլոր սոցիալական հետեւանքներով, կլինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել