Ըստ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Վալերի Գրիգորյանի՝ ոչ մի հրամանատար չի ուզի, որ իր զորամասում սպանություններ լինեն:
– Մեր հասարակությունը հուզված եւ անհանգիստ է բանակում կատարվող դեպքերի առիթով, տարբեր մեկնաբանություններ են հնչում, մենք դրան դեռ կանդրադառնանք, անուամենայնիվ, ինչո՞ւ են բանակում տեղի ունենում սպանություններ, ծեծ: Որո՞նք են այդ դեպքերի բուն պատճառները եւ ովքե՞ր են մեղավորները:
– Եթե խոսում ենք մեղավորների մասին, ապա հրամանատարը միշտ մեղավոր է: Սակայն ոչ մի հրամանտար երբեք չի ցանկանա, որ իր զորամասում նման դեպք պատահի: Բոլորն էլ շահագրգռված են, որ ամեն ինչ նորմալ լինի: Բայց պատճառը երեւի ոչ արդյունավետ աշխատանքն է: Վերջին դեպքերը Մարտունիում ուղղակի ցավալի էին: Մի սպայի պատճառով տեղի ունեցան այդ ցավալի դեպքերը: Պաշտպանության բանակի ռազմական խորհուրդը որոշել էր, որ ծառայության ժամանակ տեղի ունեցած դեպքերը քննարկվեն ծառայությունից հետո: Գուցե եթե իրենք հետեւողական լինեին, միջոցներ ձեռնարկեին, բոլորի հերթափոխը փոխեին, այդ դեպքը չկատարվեր: Չարեցին: Այդ ողբերգական դեպքը տեղի ունեցավ: Իհարկե, բոլոր պատասխանատու հրամանատարները պատժվեցին, բայց կորուստները ետ չես բերի: Չեմ կարծում, որ Կարո Այվազյանը նպատակամղված է եղել բոլորին կոտորել: Ստացվել է: Մոտիկ տեղից կրակել է, տեսնելով, որ առաջին կրակահերթից այդ երեքը ընկել են, վախից շարունակել է կրակել, միանգամից 45 փամփուշտ է արձակել: Հետո, գիտեք ինչ, Այվազյանին բանակ բերելը սխալ էր: Նրան բանակ չպիտի բերեին, 11 տարեկանից այդ մարդուն սկսել են դատել: Երեւի զինկոմիսարիատներն այս կարգի մարդկանց անձնական գործերը պիտի ուղարկեն զորամասեր, որ հրամանատարն իմանա՝ ում հետ գործ ունի: Համենայնդեպս, կարծում եմ, այս բոլորը տեղի է ունենում հրամանատարների ոչ արդյունավետ աշխատանքի պատճառով: Արդարացում չկա, մեղավոր ենք բոլորս, ներքեւից մինչեւ վերեւ, ինչ-որ բան անտեսել ենք, ինչ-որ տեղ թերացել ենք:
– Դուք կիսո՞ւմ ե ք այն կարծիքը, որ մեր բանակում հրամանատարները իրենք իրենց օրենքից դուրս են դնում, իրենց ամենակարող են համարում զինվորների հետ շփումներում:
– Չկա այդպիսի բան, անցել են այդ ժամանակները՝ 95-96 թվերը, հիմա օրենքը կա, բոլորն աշխատում են օրենքի շրջանակներում: Ես չեմ հանդիպել այնպիսի մեկին, որն իրեն ամենակարող համարի: Մեր բոլոր հրամանատարներն ավարտել են զինվորական ակադեմիա, պրոֆեսիոնալ կրթություն են ստացել, կրթված մարդիկ են: Իսկ այդ կարգի ցավալի դեպքերը կատարվում են քեզնից անկախ: Պիտի կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել, չի լինում այնպես, որ հենց այնպես վերցնում ու սպանում են: Մինչ այդ ինչ-որ բան դրան հասցնում է:
– Իսկ այդ ինչ-որ բանը գուցե այն է, որ բանակում վիրավորում են զինվորի արժանապատվությունը, ստորացնում են զինվորին:
– Ես համաձայն չեմ, այդպիսի բան չկա, նորից եմ կրկնում, եղել է ժամանակին, հիմա այդպիսի բան չկա: 2000 թվականից այս կողմ պատահական մարդ չկա, որ հրամանատար է դարձել: Հրամանատարներ են դառնում մարդիկ, որոնք բարոյապես իրենց տեղում են: Պարզապես հրամանատարին պիտի օգնեն, բոլոր տեղակալները պիտի աշխատեն: Համաձայն եմ, ինչ-որ տեղ ինչ-որ բան չի ստացվում, բայց աշխատում ենք: Գիտեք, մինչեւ հուլիս ամիսը մեր կարգապահական բանկում երկու անգամ պակասել էին դեպքերը, ավելի լավ էր, քան ամենալավ տարում, եւ խնդրեմ՝ հուլիս ամսին այդքան դեպք: Մենք պիտի աշխատենք ոչ թե դեպքից հետո գնանք, այլ՝ դեպքից առաջ քայլենք:
– Իսկ ինչո՞ւ չեք անում:
– Անում ենք, աշխատում ենք, գուցե մեր աշխատանքը այդքան արդյունավետ չի, բայց ամեն ինչ անում ենք: Մենք անպայման հասնելու ենք նրան, որ այս դեպքերը եթե ամբողջովին չվերանան, գոնե հազվադեպ լինեն: Կամաց-կամաց կարգապահությունն էլ տեղը կընկնի, մենք այդ ուղղությամբ աշխատում ենք:
– Համամի՞տ եք այն կարծիքին, որ պատերազմի բովով անցած հրամանատարները շատ ավելի կոպիտ են զինվորների հանդեպ:
– Համաձայն չեմ, ընդհակառակը, պատերազմ անցած հրամանատարը, որը մարտի դաշտում տեսել է զինվորին, իր կողքին կռվել է, շատ ավելի սրտացավ է, ավելի հայրական վերաբերմունք ունի: Ինչպե՞ս կարող է հրամանատարը բարի չլինել զինվորի հանդեպ: Աստված չանի, կռիվ սկսվի, այդ զինվորի հետ ենք կռիվ գնալու: Չեմ պնդում, թե զինվորի հանդեպ վերաբերմունքը հարյուր տոկոսով բոլոր հրամանատարների կողմից լավ է, բայց պնդում եմ, որ հիմնականում հրամանատարների վերաբերմունքը զինվորի հանդեպ հայրական է: Ես էլ հրամանատար եմ եղել, եղել է, որ ապտակել եմ զինվորին, բայց դա եղել է հայրական ապտակ: Ես երբեք չեմ սիրել խմած զինվորին եւ խաբեբա զինվորին, որովհետեւ խմածից եւ խաբեբայից ամեն ինչ սպասելի է:
– Զոհվածների հարազատները եւ հասարակությունը չի հավատում, որ բանակում կատարված դեպքերի իրական մեղավորները կպատժվեն:
– Ես ձեզ ասում եմ, նախարարը հարցը շատ խիստ է դրել՝ պետք է պատժվեն: Առաջինը նախարարին են, չէ՞, հարցնում, նախագահը նախարարին է, չէ՞, հարցնում՝ ինչո՞ւ են այդ դեպքերը կատարվում: Քրեական գործերը հարուցված են, շատերը ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Պաշտպանության բանակի կողմից դիվիզիայի հրամանատար է զորացրվել, գնդի հրամանատար է զորացրվել, դաստիարակչական գծով հրամանատարի տեղակալ է զորացրվել, վաշտի հրամանատար: Պետք էին այս կտրուկ միջոցները, դեպքերը շատ էին, մեկ ամսվա մեջ 17 դեպքը շատ-շատ է: Կարծում եմ, հրամանատարները համապատասխան հետեւություններ կանեն: Իրոք, թող սրանք վերջին դեպքերը լինեն: Ամեն հրամանատար, ամեն սպա պիտի իր պարտականությունները բարեխղճորեն կատարի:
– Չայլուի դեպքերը ինչո՞ւ կատարվեցին, սրա մեղավորները ովքե՞ր են, եւ մենք ինչքանո՞վ ենք ապահովագրված այդ կարգի դեպքերից:
– Դժվար հարց է, որ ասեմ հարյուր տոկոսով ապահովագրված ենք, սուտ կլինի, համենայնդեպս ծառայությունը կազմակերպվում է պաշտպանության բանակի հրամանատարության կողմից, աշխատանքներ կատարվում են:
– Դուք ինչպե՞ս եք գնահատում զինվորների սոցիալական պայմանները, հիգիենայի հարցերը ինչպե՞ս են լուծվում:
– Եթե համեմատենք խորհրդային բանակի հետ, մերը շատ լավն է, սնունդը լավ է, զինվորներ կան, որ տանը կարագ չեն կերել, ամեն օր բանակում ուտում են, շաբաթը մեկ անգամ լողանում են, սպիտակեղենը շաբաթը մեկ անգամ փոխում են: Կան լվացարաններ, կենցաղի, ժամանցի սենյակներ: Բայց եթե զինվորը փնթի է, ի՞նչ անես:
– Մեր բանակի գեներալները, հրամանատարները շատ անհասկանալի հարստանում են, ինչի՞ հաշվին են հարստանում:
– Ես հասկացա ձեր ակնարկը, նկատի ունեք՝ բանակի հաշվի՞ն, սուտ է, այսօր ոչ մի գեներալ բանակի հաշվին չի հարստանում: Պարզապես մարդիկ ունեն բիզնես, եւ այդ բիզնեսը իրենց տղաները, ընտանիքի անդամներն են աշխատեցնում, չհավատաք, որ թեկուզ մեկ հրամանատար ժամանակ կարող է ունենալ բիզնեսով զբաղվելու:
– Մեր բանակի մարտունակությունը նման դեպքերի պատճառով չի՞ ընկնում:
– Չէ, դա մեր բանակի մարտունակության հետ կապ չունի, դեպք է, եղել է, բայց բանակի մարտունակության վրա դա չի կարող ազդել: