Ռուսական ուժ, հայկական ինքնիշխանություն եւ
վտանգված տարածաշրջան
Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ բլիցկրիգի երկրորդ տարելիցն ընդգծում է ծովամիջյան այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական չզուլալված ստորջրյա հոսանքները: Պատմական հանգամանքների բերումով ցամաքափակ լինելով Կասպիական, Սեւ եւ Միջերկրական ծովերից, Հայաստանի առանցքային դիրքը մնում է ռազմավարական անկարգության մեջ հայտնված նրա հարեւանության շուրջկալում:
Հայաստանի հետ արդեն իսկ ակնհայտորեն անազնիվ հարաբերվող Թուրքիայից բխող ներհատուկ վտանգը, պատերազմի սպառնալիքի լեզվից դեպի հունիսյան մահաբեր հարձակման սանձազերծում անցում կատարած Ադրբեջանի հարուցած մարտակոչերը եւ Կովկասով մեկ լարվածության ընդհանուր շիկացումն իրար են միախառնվել՝ ընդլայնված շրջանը բնութագրելով իբրեւ խորացող անկայունության անմիջական տագնապի ներքո գտնվող տարածագոտի:
Համակարգային ծավալի այս վայրիվերումների խորապատկերին Հայաստանն այժմ դիմակայում է արտաքին շահերի եւ ներքին բացթողումների մի վտանգաշատ դասավորվածության: Մինչ Մոսկվայի հետ Երեւանի «ռազմավարական» հարաբերությունը շարունակում է ծառայել որպես տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության հիմնաքար, հայ-ռուսական գրկախառնումը մնում է անիրավաչափորեն միակողմանի:
Ռուս-հայկական հարաբերությունների անհամաչափությունը հատկապես դրսեւորվում է իրավահավասար եւ փոխադարձ հարգալից համագործակցության հիմնարար պակասուրդի մեջ: Ի վերջո, Հայաստանի կողմից տարածաշրջանում միակ ռուսական ռազմահենակետի հյուրընկալումը սիրալիրության պարզունակ արձանագրում չէ եւ պետք է խարսխված լինի միմյանց շահերի համատեղ ճանաչման վրա:
Ավելին՝ ռուսական ռազմահենակետը Ռուսաստանի Դաշնությունից դուրս գտնվող միակ այդպիսի հաստատությունն է, որտեղ հյուրընկալող երկիրը չի ստանում ո՛չ վարձավճար, ո՛չ էլ փոխհատուցում: Հայաստանն է վճարում նրա ողջ ծախսերն ու ծախքերը: Հայոց ազգային անվտանգության նման գրավադրումն անընդունելի է եւ անհապաղ սրբագրում է պահանջում:
Որպեսզի նոր ժամանակաշրջանում հայ-ռուսական գործընկերությունը լինի ռազմավարական՝ առանց չակերտների, այն պետք է դառնա անկեղծ, իրապես փոխադարձ եւ հորիզոնական հարգանքի վրա հիմնված, չնայած երկու պետությունների չափի եւ փորձառության տարբերությանը:
Բնութագրական է վերջերս ռուսական լրատվամիջոց սպրդած եւ պաշտոնական Երեւանում ուշացումով հաստատում գտած տեղեկատվությունն առ այն, որ երկու երկրները կա՛մ երկկողմանիորեն, կա՛մ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հովանու ներքո մտադիր են մինչեւ 49 տարով երկարաձգել ռուսական հենակետի եւ այնտեղ զորքերի տեղաբաշխման պայմանագրային համաձայնությունը: Մի կողմ թողնելով արժանապատվության հարցերը, սա ձեռնոց է նետում Հայաստանի ինքնիշխանությանը, արտաքին քաղաքականության անկախությանը եւ ազգային կենսական շահերին: Այն նաեւ խաթարում է մեր միջեւ իրապես ռազմավարական գործընկերության անսահմանափակ ապագա կարողականությունը:
Սրա ճշմարտացիությունն ընդգծվում է այն փաստով, որ առկա հիմնարար համաձայնագիրը գործողության մեջ է մինչեւ 2020 թվականը եւ կարող է անհրաժեշտության դեպքում երկարաձգվել՝ ժամկետը լրանալու պահից հինգ կամ նույնիսկ տասը տարով: Մտավախության հաջորդ աղբյուրը Թուրքիայի հետ Կրեմլի ռազմական հարաբերությունն ու առուվաճառքն է՝ մի երկրի, որը բռնազավթման մեջ է պահում Հայոց պատմական հայրենիքը, մերօրյա շրջափակման է ենթարկում Հայաստանի Հանրապետությունը, ինչը համազոր է պատերազմական գործողության եւ շարունակում է ժխտել 1915թ. Ցեղասպանությունն ու Հայոց մեծ հայրենազրկումը եւ խուսափել դրա համար պատասխանատվությունից:
Վրդովմունքի առավել թարմ պատեհություն է Մոսկվայի ռազմական աջակցությունը Ադրբեջանին, որը Արցախի եւ Հայաստանի դեմ սանձազերծելով ձախողված նախահարձակ պատերազմ, այսօր սպառնում է ռազմական գործողությունների վերսկսմամբ՝ բռնազավթում իրականացնելով Շահումյանի, Գետաշենի, Արծվաշենի եւ Նախիջեւանի հայոց բնօրրանների հանդեպ եւ շարունակելով անպատիժ ավերել ու պղծել հայկական մշակութային ժառանգությունը Ջուղայում եւ այլուր:
Այս կապակցությամբ, եթե ՌԴ-ն իսկապես ավարտին հասցնի իր C-300 հակաօդային համալիրի կամ նրա համարժեք սպառազինության՝ հայտարարված վաճառքը Ադրբեջանի ագրեսիվ, ռազմատենչ եւ ռեւիզիոնիստ վարչախմբին, ապա Հայաստանը պետք է անհապաղ դուրս գա ՀԱՊԿ-ից, որի միակ անդամն է այս տարածաշրջանում, կամ նվազագույնը՝ լիարժեք շուկայական վարձավճար պահանջի ռուսական ռազմակայանների համար՝ ջրի, էլեկտրականության եւ համապատասխան այլ ծախսերի փոխհատուցմամբ հանդերձ:
Եվ վերջապես՝ Ռուսաստանի ու Հայաստանի, Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ Գործընկերության առաջնահերթ ձեռքբերումը հրամայաբար կենթադրի ոչ միայն տեղական, այլեւ միջազգային Օրենքի Գերակայության փաստացի կիրառում եւ ըստ այդմ՝ իր սահմանադրական սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ինչպես նաեւ Կոսովոյի ու Աբխազիայի ճանաչում:
Սրանից դուրս որեւէ այլ բան կանխակալ քաղաքականություն է, քաղաքական մանրախաղ եւ sui generis երեսպաշտություն, որոնք բոլորն էլ կարող են հարմարավետ լինել ոմանց եւ տվյալ պահի համար, սակայն խորքում հակադիր են ծովերի միջեւ սեղմված այս ջրբաժան ցամաքամասում խաղաղության, անվտանգության, արդարության եւ ժողովրդավարական արժեքների նպատակներին: