Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՅՐԻԿԻՍ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԸ

Օգոստոս 13,2010 00:00

Մեծ պապս՝ իշխան Վարդան Շահ-Պարոնյանը ծնեց Փառանձեմ տատիս: Փառանձեմ տատս Բեռլինի համալսարանն ավարտած Արտաշես պապիս հետ աշխարհ բերեց մայրիկիս՝ Ռոզա Սարյանին: Այսինքն թե՝ մայրս իշխանական ծագում ուներ եւ իշխանուհու նման էլ ապրեց իր կյանքը: Մայրս զարմանալիորեն առակներով էր խոսում: Այսինքն՝ դրանք առակներ չէին, այլ խորհրդածումներ: Խոսում էր կարծես ինքնիրեն, բայց մարդ ակամա սկսում էր մտածել հենց նոր լսածի մասին: Ինչպես լուսադեմի ցողն էր մամուռի վրա. չես տեսնում, բայց զգում ես, որ ձեռքդ արդեն թաց է…
Եվ քանի դեռ մայրս չէր այլափոխվել այս աշխարհից, ամեն Նոր տարի հավաքվում էինք Ջավախքում՝ մեր հայրական տանը: Նոր տարվա սեղանը զարդարելիս մայրս միշտ խոսում էր մեզ հետ: Ասում էր՝ երբ օրը կգա՝ ձի կնստեք՝ Աստծուն չմոռանաք: Երբ օրը կգա՝ ձիուց կիջնեք՝ ձիուն չմոռանաք: Արտասովոր մտքեր կային մորս խոսքում: Ասում էր՝ հայի ճակատը՝ լայն, գիրը՝ մանր: Ո՞վ ժամանակ ունի կարդալու: Չէ, ժողովրդական ասացվածքներ չէին մորս շուրթերին, այլ էպիկական մանրանկարներ, որոնք տարօրինակ բովանդակություն ունեին: Երբեմն բացատրության կարիք էր զգացվում: Ասում էր՝ աղքատ՝ աղքատ: Քիթդ սրբի՝ էլի եղիր աղքատ: Այսինքն աղքատությունը լավ բան չէ, բայց եթե ստացվել է այնպես, որ ժամանակավոր աղքատ ես, արժանապատվությունդ մի՛ կորցրու: Այսինքն՝ թող քո ժամանակավոր անզորությունը չդառնա խեղճություն: Ահա թէ ինչ էր ասում մայրս՝ խոսելով առակներով ու խորհրդածելով, դիմելով իր վեց զավակներին այնպես, կարծես դիմում էր աշխարհին… Ժանգոտ կոպեկով գտած ընկերոջդ հազար ոսկով չվաճառես, քանի որ տղամարդը նա է, ով ամեն քաղաքում, ամեն ազգի մեջ տուն է ստեղծում, այսինքն ամեն տեղ ընկերներ ունի: Այսպես էր խոսում մայրս…
Հիմա տարիներ անց կարծես ամեն ինչ նույնն է. կա իմ հայրական տունը՝ հայրս, առաջվա պես ծփում են Ջավախքի լճերը, ուրախ, իրենց բախտին անտեղյակ, խայտում են մի տարեկան ձկները, առաջվա պես բուրում են ծաղիկները մեր տան շուրջ, կարծես ամեն ինչ նույնն է առաջվա պես, չկա միայն մայրս…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել