Լրահոս
Օրվա լրահոսը

Նավասարդը՝ հաղթանակի, կուսության զոհաբերման տոն

Օգոստոս 12,2010 00:00

Մեկնաբանում է ազգագրագետը

Նախկինում Նոր տարին հայերը նշել են օգոստոսի 11-ին: Այդ օրվանից մեկնարկել են միջոցառումները ու ձգվել ողջ տարին: Տոնի շրջանակներում հայերը այնքան եռանդով են մասնակցել տարբեր ծիսակատարությունների ու արարողությունների, որ նրանց տոնակատարություններին մասնակցելու են եկել նաեւ հարեւան երկրներից: «Տոնախմբությանը մասնակցում էր ողջ ժողովուրդը՝ արքունիքից սկսած՝ ռամիկներով վերջացրած: Այս պատճառով այն կոչվել է աշխարհախումբ տոնակատարություն: Տոնի կարեւոր միջոցառումներից մեկն էլ արքայական ձիարշավն ու որսարշավն էր»,- երեկվա ասուլիսում պատմում էր ազգագրագետ Գոհար Վարդումյանը: Նրա խոսքով, հայերը Նավասարդը պատմական մի շարք իրադարձությունների հետ են կապել. «Շատ հին ժամանակներում Նավասարդի 1-ը համարվում էր այն օրը, երբ բիբլիական Նոյը հանգրվանեց Արարատ լեռան վրա, ապա դուրս եկավ տապանից: Այսինքն՝ մարդկության սկիզբը կապվում է այս ամսաթվի հետ»: Ըստ ազգագրագետի, նավասարդյան տոնակատարությունը հայերի համար առանձնահատուկ նշանակություն է ունեցել նաեւ մեկ այլ պատճառով՝ հայերը համոզված էին, որ հենց այդ օրն է Հայկը հաղթել Բելին. «Նավասարդյան տոնակատարությունները՝ արքայի ներկայությամբ, անցկացվում էին Նպատ լեռան ստորոտին՝ Արածանի գետի ափին: Այդ օրերին ամենուրեք երգ ու պար էր, թատերական ներկայացումներ, մանրապատումներ, տարբեր տեսակի զվարճանքներ: Նույնիսկ շատ ազնվազարմ հայ օրիորդներ իրենց կուսությունը սիրելի երիտասարդներին էին զոհաբերում: Փաստորեն, սա նաեւ երիտասարդության օրն էր՝ սիրո եւ պտղավորման օր»:
Տիկին Վարդումյանը պատմում էր նաեւ, որ այդ օրը հայ ուխտավորներն անհամար էին, նրանք գնում էին Բագավան՝ զոհաբերություններ անելու իրենց աստվածներին: Ուխտավորները կարծում էին, թե հենց այդ օրն են աստվածներն ու աստվածուհիները երկնքից իջնում ու լողում Արածանիում, հետո բարձրանում հայոց ձյունապատ լեռներ եւ այնտեղից հովանավորում տոնակատարությունները:
Ազգագրագետի տեղեկացմամբ, հեթանոս հայերը Նոր տարին նշել են նաեւ գարնանը. «Տարվա սկիզբը նշել են բնության զարթոնքի հետ, գարնանը նշելն էլ հետագայում ժողովրդի մեջ պահպանվել է որպես Բարեկենդանի տոն»: Ամանորը նշել են նաեւ աշնանը,  որովհետեւ «աշնանը գյուղատնտեսական տարին են ամփոփել, բերքահավաքից հետո երբ շինականն ազատվել է ծանր աշխատանքից, սկսել է տոնել տարվա տնտեսական ավարտը: Այդ օրը միայն հովիվները չէին մասնակցում տոնակատարությանը. նրանք սարերում էին՝ իրենց նախիրի հետ: Մի օր էլ Նավասարդ անունով մի հովիվ էլ չի դիմանում, թողնում է նախիրն ու սարից իջնում, միանում տոնակատարության մասնակիցներին: Դրա համար էլ տոնը նրա անունով են կոչում՝ Նավասարդ»: Թե ինչպես քրիստոնյա աշխարհը, այդ թվում՝ հայերը, Նոր տարին սկսեցին տոնել հունվարի 1-ին, տիկին Վարդումյանի խոսքով. «16-րդ դարում Հռոմի Գրիգորիս 13-րդ պապի օրոք կատարվեց տոմարային շտկում: Մինչեւ օրս քրիստոնյա ժողովուրդների տոմարը կոչվում է Գրիգորյան տոմար: Տոմարական այս փոփոխության շնորհիվ տարվա նախավերջին ամիսը՝ հունվարը դարձավ առաջինը, որովհետեւ հունվարը կապվեց Յանուս՝ անցյալի ու ապագայի՝ ժամանակի աստծո հետ»: Ազգագրագետը հավելեց, որ տարիներ առաջ մի խումբ դիցագետներ կառավարությանն առաջարկել են վերականգնել Նավասարդը, բայց ստացել են բացասական պատասխան. «Հայ առաքելական եկեղեցին դեմ էր, ասացին, Հայկի հաղթանակի հետ կապված տոնը չենք կարող վերականգնել, որովհետեւ Հայկը քրիստոնյա չի եղել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել