Տեսանկարահանվելու կամ լուսանկարվելու առաջարկները «խակ» աղջիկներին քաշում են
Ինտերնետային բազմաթիվ սոցիալական կայքէջերում տարբեր կազմակերպությունների, ֆիզիկական անհատների կողմից հայտարարություններ են զետեղված, որոնք հայ աղջիկներին հրավիրում են տեսա նկարահանվելու կամ լուսանկարվելու: Բնականաբար, այդ հրավերներում մանրամասներ չկան, թե աղջիկներին ինչպես, ինչ տեսքով կամ ինչ դիրքերով են առաջարկում լուսանկարել: Ավելի ուշ, երբ զանգում ես ու ցանկություն հայտնում մասնակցել casting-ների, մեղմ ասած, ընկնում ես կրակը, որովհետեւ լուսանկարվելուց հետո թե որտեղ կհայտնվեն այդ ֆոտոները, ինչ փոփոխությամբ ու մարմնի որ մասի բացվածքներով՝ բախտի հարց է:
Գնալով նմանատիպ մի քանի հայտարարությունների հետքերով՝ մեզ չհաջողվեց այդ բիզնեսով զբաղվող որեւէ օֆիսի հասցե ճշտել, որովհետեւ բոլորը նախ առաջարկում էին հանդիպել դրսում, ծանոթանալ, նոր կոորդինատներ տրամադրել՝ հետագա համագործակցության համար:
Երբ զանգեցինք կայքերից մեկում տեղադրված մի լուսանկարվելու հայտարարության հեռախոսահամարով, պարզվեց՝ անհրաժեշտ էին պարզապես «պոռնո» կամ գոնե «էրոտիկ» նկարներ, որոնք հետագայում վաճառվելու էին արտասահմանցիներին: Թեեւ շատ ցավալի է ընդունել, բայց Արման ներկայացած տղայի ասելով՝ casting-ի օրերին հերթ է լինում, պետք է նախապես գրանցվել. «Մեր առավելությունն այն է, որ այդ լուսանկարները միայն արտասահմանցի պատվիրատուները կարող են տեսնել, այսինքն՝ կոմպլեքսավորվելու խնդիր չկա»: Պարզվում է՝ թեեւ մերկ հայուհիների լուսանկարները վաճառվում են հատով, սակայն աղջիկներին վճարում են ժամով. 1 ժամ լուսանկարվելու համար, որի ընթացքում 150-200 ֆոտո է ստացվում, պատրաստ են վճարել ընդամենը 2 հազար դրամ: Եթե աղջիկները գրավիչ ու սեքսուալ արտաքին ունենան, լինեն ֆոտոգենիկ եւ նրանց լուսանկարները շուտ սպառվեն՝ ժամավարձը կավելանա:
Նշենք, որ աղջիկների մերկ լուսանկարների այս առաջարկները, որոնք առաջին հայացքից սովորական բիզնես են թվում, իրականում ճակատագրական են լինում շատ՝ հատկապես այդ դաշտում անփորձ ու «խակ» աղջիկների համար: Գայթակղվելով առաջարկվող գումարներով ու մոդելային կարիերայի հեռանկարով, որի մասին կազմակերպիչները խոստանում ու հույսեր են տալիս հենց առաջին իսկ հանդիպման ժամանակ, աղջիկները համաձայնում են լուսանկարվել: Ավելի ուշ պարզվում է, որ որեւէ ամսագրի գովազդի համար արված մերկ լուսանկարները հայտնվում են տարբեր կայքերում, գովազդային վահանակներում, ամսագրերում: Նման casting-ներից տուժած աղջիկները, որոնք Հայաստանով մեկ խայտառակ են լինում, կախվածության մեջ են լինում իրենց լուսանկարող կազմակերպիչներից: Աղջիկներից մեկի պատմելով՝ «Լուսանկարների մի CD-ն ինձ են տալիս, մյուսը պահում են իրենց ու օգտագործում՝ ինչպես ուզում են, ես ոչ մի լծակ չունեմ՝ նրանց մոտ իմ լուսանկարները ջնջելու կամ հետ վերցնելու: Ես իմ բարեկամից եմ իմացել, որ լուսնկարներս ինչ-որ ամսագրում զետեղված են, առանց իմ իմացության դրանք վաճառել էին»:
Մաշտոցի պողոտայի գետնանցումում փակցված էր «CASTING» կոչվող հայտարարությունը, որն առանց տարիքային սահմանափակման հրավիրում էր «ֆոտո եւ վիդեոնկարահանումների՝ գեղարվեստական ֆիլմերում, սերիալներում, գովազդային պաստառներում, ամսագրերում եւ այլուր հանդես գալու համար»: Այդ հայտարարության վրա ամրացված բջջային հեռախոսահամարները պարզապես «պռճոկված» էին, ինչը եւս վկայում էր, որ նման առաջարկների հետեւից վազողները մեր երկրում շատ են: Երբ զանգեցինք հայտարարության հեռախոսահամարներով, պարզվեց՝ պարտադիր չէ, որ աղջիկները մերկ լուսանկարվեն. «Միայն լեն-լփոշ շորերով քասթինգի չգաք, ֆոտոսեսիայի համար պետք է նեղ հագուստ կրեք, որ կազմվածքը երեւա: Իսկ գեղարվեստական ֆիլմերում կամ սերիալներում նկարվելու համար մենք փոքր սցենար կտանք, կգաք-կխաղաք՝ կնկարահանենք ու կառաջարկենք, թե որ սերիալում հարմար կլինեք»: Մեր հարցին՝ ինձ «Հանուն սիրոյի» մեջ կնկարահանե՞ք, կամ «Արմենիա» հեռուստաընկերության «Ուր է իմ տղամարդը» սերիալում՝ պատասխանեցին՝ «Արդեն ցուցադրվող սերիալներում չենք կարող, նոր ֆիլմեր են նկարվում, դրանց մեջ կարող ենք ընդգրկել, եթե դերասանական խաղ ունենաք՝ ռեժիսորը կարող է ձեզ նկատի եւ գլխավոր դեր տա»: Ֆոտոսեսիայի համար այդ օֆիսը մինչեւ 10 կադրի համար պահանջում էր վճարել 7000 դրամ, մինչեւ 15 կադրի համար՝ 10 հազար դրամ. «Մենք վստահեցնում ենք, որ այդ լուսանկարները գովազդատուներին ու որեւէ ամսագրի կվաճառվեն միայն ձեր ցանկությամբ ու ձեր ստորագրությամբ»: Թե որքան կվճարեն՝ ամսագրերում իմ մերկ կամ կիսամերկ լուսանկարը տեղադրելու համար՝ չասացին, նշելով, որ որքան էլ այդ լուսանկարը վաճառվի՝ գումարի 40 տոկոսն է մոդելինը, մնացածը, այսպես ասած, օֆիսի «քյարն» է:
Այս հայտարարության վրա թեեւ որպես կոնտակտային հասցե նշված էր Արշակունյաց 5, «ԴՕՍԱԱՖ»-ի շենք, 3-րդ հարկ, սակայն պարզվեց, որ եթե վստահ ուզում եմ մասնակցել քասթինգների՝ իրենք այլ հասցեում են գործում:
Հաշվի առնելով, թե գովազդներում որքան շատ են օգտագործում կանանց ցանկալի մարմինները՝ մի քանի տարի առաջ նույնիսկ ԵԽԽՎ-ն զեկույց քննարկեց «Կնոջ կերպարը գովազդներում» վերնագրով, որում խստորեն քննադատվեց այն, որ կնոջ մերկությունը եւ սեքսուալությունը դարձրել են գովազդատուների սիրելի խայծը: Ըստ զեկույցի՝ «Կանանց օգտագործում են ու մերկացնում, որ վաճառեն ավտոմեքենաներ, սառնարաններ, անկողնային սպիտակեղեն եւ բազմաթիվ այլ իրեր»: Վեհաժողովը զայրույթ արտահայտեց այս կապակցությամբ, որ կանայք առանձին գովազդներում ներկայացվում են իբրեւ սպառման պարզ առարկաներ եւ ուղղակի սեքսուալ օբյեկտներ:
Պարզ է, որ մերկ կանանց լուսանկարների առուվաճառքի բիզնեսով զբաղվողները ԵԽԽՎ-ի զեկույցի վրա, մեղմ ասած՝ թքած ունեն: