Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀԱՏԻՍԻ» ԾՐԱԳՐԵՐԸ ՀՍՏԱԿ ԵՆ

Օգոստոս 12,2010 00:00

Մնում է, որ Ռուսաստանը լուծի բասկետբոլում իր ներքին խնդիրները

Անցած մրցաշրջանում «Հատիս» կանանց բասկետբոլային թիմն ու ազգային հավաքականը իրենց մրցելույթներով բերկրանքի բազմաթիվ պահեր պարգեւեցին հայ մարզասերներին՝ ամիսների ընթացքում դառնալով հանրապետության լավագույն մարզական կոլեկտիվները:
Մրցաշրջան 2010-ում ակումբը, հավաքականը, բասկետբոլի ֆեդերացիայի անմիջական մասնակցությամբ, Հայաստանի մարզական կյանքն ավելի հետաքրքիր դարձնելու լուրջ ծրագրեր ունեն, որոնցից գլխավորը, թերեւս, Ռուսաստանի առաջնությանը մասնակցելու նպատակն էր: Սակայն մեզ հասած տեղեկություններով՝ հարցը դեռ առկախ է: Ինչո՞ւ, ի՞նչ պատճառով: Խնդիրները «Առավոտին» պարզաբանել է ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:
– Պարոն Ռոստոմյան, մեր նախորդ հարցազրույցում ասացիք, որ «Հատիսը» հաստատ հանդես է գալու ՌԴ առաջնությունում, ինչը Ռուսաստանի թիմերի, որոնք Եվրոպայում լավագույններից են, խաղը Հայաստանում տեսնելու հնարավորություն է ընձեռելու: Այս ընթացքում ի՞նչ է փոխվել:
– Նախ ասեմ, որ մրցաշարը կարող է այլ լինել եւ կոչվել «Նախկին Խորհրդային Միության երկրների մրցաշար»: Իսկ Ռուսաստանի ակումբային առաջնության հետ կապված խնդիրներ, իսկապես, կան: Բայց մեզ հետ որեւէ առնչություն չունեն եւ կապված են նրանց տղամարդկանց առաջնությունում ծագած մրցավարական խոշոր սկանդալի հետ: Եղելությունը հետեւյալն է. Ռուսաստանի առաջնության վճռորոշ՝ Մոսկվայի «Դինամո»- «Ունիքս» հանդիպումից առաջ «Դինամոյի», որը ՌԴ ՆԳՆ-ի թիմն է, ղեկավարությունը հանդիպումից առաջ ձայնագրել է խաղի կոմիսարի եւ Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Չեռնովի հեռախոսազրույցը, որում վերջինը կոմիսարից խստագույնս պահանջել է՝ երկու սուլիչ «Ունիքսի» օգտին, մեկը՝ «Դինամոյի», եւ սպառնացել հակառակ դեպքում նրան եւ մրցավարներին հեռացնել աշխատանքից: Զրույցում խոսվել է նաեւ լուրջ գումարների մասին: Կա նաեւ դրան հետեւած՝ մրցավարների հետ խոսակցության ձայնագրությունը, որի ժամանակ առաջինը կոմիսարը կատարվածը բառ առ բառ փոխանցել է մրցավարներին: Այս ձայնագրությունները տեղադրվել են ինտերնետի ամենաընթերցվող կայքերում: Հարուցվել է քրեական գործ՝ կաշառակերության հոդվածով: Իսկ երբ այս ամենը հայտնի է դարձել հանրությանը, Ռուսաստանի առաջնության 10 ակումբներ, այդ թվում նաեւ ԲԿՄԱ-ն, դուրս են եկել ֆեդերացիայից եւ ստեղծել իրենց կազմակերպությունը: Սակայն խնդիրն այն է, որ նրանք օրենքով ՌԴ առաջնություն անցկացնելու իրավունք չունեն: Ստեղծվել է այնպիսի վիճակ, որ բոլորը սպասում են աշխարհի առաջնությանը, որի ավարտից հետո կզբաղվեն հարցի քննարկումով եւ լուծումներ գտնելով: Այս ֆոնի վրա տուժում է նաեւ կանանց բասկետբոլը:
Ինչ մնում է մեզ, անկախ ամեն ինչից, մասնակցելու ենք «Եվրագավաթին» ու այսօր էլ ամենայն լրջությամբ նախապատրաստվում ենք դրան:
– Հիմա «Հատիսում» ինչո՞վ են զբաղված:
– Թիմը ներկայումս սելեկցիոն փուլում է: Գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանը եւ մյուս մարզիչները մարզուհիների որոնումների մեջ են: Թե ֆեդերացիան, թե ակումբը յուրաքանչյուր խաղացողի ընտրելուց եւ հրավիրելուց առաջ, ինչպես ասում են, տասն անգամ չափում են, նոր մեկ անգամ կտրում: Այս աշխատաոճը մեր գլխավոր սկզբունքն է, քանի որ միջոցներն են սահմանափակ: Անում ենք այնպես, որպեսզի ամեն մի լուման ծախսվի նպատակային եւ արդյունավետ, որպեսզի այլ մարզաձեւերի պես չկանչենք երեսուն հոգու ու վերջում բոլորին էլ մերժենք: Օրինակ, անցած մրցաշրջանում «Հատիս» հրավիրեցինք յոթ լեգեոների, որոնցից վեցի դեպքում չէինք սխալվել: Իսկ այդ մեկը, դառնալով Հայաստանի հավաքականի անդամ, շատ օգնեց մեր ընտրանուն՝ միայնակ կատարելով կես թիմի դեր: Խոսքս Ամանդայի մասին է, որը փոխեց մեր ամբողջ հավաքականի խաղի որակը:
– Այսինքն, «Հատիսի» հիմնական կազմն արդեն հայտնի՞ է:
– Կորիզը կա: Բայց առայժմ ձեռնպահ մնանք կոնկրետ անուններ հայտարարելուց, որովհետեւ պայմանագրերը վերջնականապես չեն ստորագրվել՝ որոշ հստակեցման կարիք ունեն:
– Ինչի՞ մասին է խոսքը:
– Ասենք, Նոր տարվա ընթացքում բացակայության: Նման խնդիր անցած տարի առաջացավ:
– Նոր մրցաշրջանում «Հատիսի» առջեւ ի՞նչ խնդիրներ են դրված:
– Միջազգային ասպարեզում առնվազն կրկնել անցած տարվա արդյունքը, առաջնային համարել Հայաստանի ողջ տարածքում բասկետբոլ մարզաձեւի հավասարաչափ տարածումն ու զարգացումը կազմակերպելը: Մտադիր ենք սկզբնական շրջանում հանրապետության տասը մարզերի տասներկու քաղաքներում հիմնել «Հատիսի», եթե կարելի է ասել, բջիջներ: Որքան էլ ասենք, որ «Հատիսն» այսօր լավ է խաղում, դրանք սին խոսքեր կլինեն, եթե հետեւից եկողներ, նոր կադրեր չունենանք: Գերխնդիրը հետեւյալն է. անել ամեն բան, որպեսզի ապագայում հրավիրենք ոչ թե տասը, այլ արդեն չորս լեգեոներ: Հիմա «Հատիսին» երկրպագում են հազարավոր մարզասերներ, սակայն ակումբը դեռ ֆան ակումբ չունի: Այս կարեւոր ավանդույթը եւս ցանկանում ենք արմատավորել: Այլ պլաններ նույնպես կան, բայց դրանց եկեք անդրադառնանք ավելի ուշ:
– Ամփոփելով հարցազրույցի հիմնական թեման՝ կարո՞ղ ենք վերջնականապես ասել. Ռուսաստանի առաջնությանը մասնակցելո՞ւ ենք, թե՞ ոչ:
– Մենք միշտ պատրաստ ենք: Կստացվի՝ կմասնակցենք, չի ստացվի՝ չենք մասնակցի: Այս հարցով ես մշտապես կապի մեջ եմ Ռուսաստանի ֆեդերացիայում լուրջ կշիռ ունեցող մեր հայրենակից Կարեն Վազգենի Պողոսյանի հետ: Նա շատ հարցերում օգնում է մեզ, միշտ կանգնած է մեր կողքին ու պատրաստ է Հայաստանի բասկետբոլի զարգացման համար անել հնարավոր ամեն բան: Կարեն Պողոսյանի ասելով՝ Ռուսաստանի սուպերլիգան լուծարվել է, սնանկ համարվել: Նորը ստեղծելու համար մոտ վեց ամիս է պահանջվելու: Բայց պարոն Պողոսյանը վստահեցնում է նաեւ, որ առաջին իսկ չնչին հնարավորության դեպքում մեր առջեւ կանաչ ճանապարհը բաց կլինի: Ֆեդերացիայի նախագահ Չեռնովը նույնպես առայժմ չգիտի՝ մնո՞ւմ է ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, թե՞ ոչ: Մենք էլ նրանց հետ ստիպված ենք սպասել աշխարհի տղամարդկանց առաջնությանը, որտեղ հանդես է գալու նաեւ Ռուսաստանի հավաքականը: Եթե լավ հանդես գա, շատ խնդիրներ կարող են հարթվել: Թեեւ կասկածում եմ նրանց հաջողությանը, քանի որ նրանց ընտրանու հիմնական կորիզը հրաժարվել է խաղալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել