Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսական» հանդիպում՝ Հայաստանի հետ

Օգոստոս 12,2010 00:00

Հայ-ռուսական մշակութային համագործակցության շրջանակներում մինչեւ օգոստոսի 15-ը Երեւանում եւ Գյումրիում կանցկացվի «Հանդիպում Հայաստանի հետ» խորագրով հայ-ռուսական ստեղծագործական մտավորականության համատեղ ակցիա, որը կմեկնարկի այսօր՝ Մոսկվայի տանը: Երեկ այս առթիվ Հայաստանի կինոգործիչների միությունում ասուլիս էին հրավիրել Ռուսաստանի կինոգործիչների միության քարտուղար, կինոյի եւ թատրոնի «Ամուրյան աշուն» փառատոնի նախագահ Սերգեյ Նովոժիլովը, Ռուսաստանի նկարիչների միության անդամ, ֆոտոցուցահանդեսի ծրագրի պատասխանատու  Օլեգ  Նեֆյոդկինը, Հայաստանի կինոգործիչների միության քարտուղար Ռուդոլֆ Վատինյանը: Համատեղ այս ծրագրի բացումը կսկսվի Հայրենական մեծ պատերազմի ավարտի 65-ամյակին նվիրված հետաքրքիր ֆոտոցուցահանդեսով, լուսանկարներում Հայրենական պատերազմ տեսած ինքնաթիռներն են: Նույն օրը կլինի նաեւ համերգ, կցուցադրվի «ՀÿոՌվՏՉօռ ՉՈսՖր» ֆիլմը: Օգոստոսի 13-ին Մոսկվայի տանը կցուցադրվի «ԿՊվՈ ՉՏռվՈ» ֆիլմը, իսկ երեկոյան «Առնո Բաբաջանյան» համերգասրահում «Համատեղ պատմությունը եւ վաղվա օրը» խորագրով «կլոր-սեղան» կլինի, որի ընթացքում հայ եւ ռուս մտավորականները կքննարկեն արվեստի ոլորտի հրատապ խնդիրները: Համատեղ ձեռնարկի 4 օրերի ընթացքում կցուցադրվեն հետխորհրդային շրջանի ռուսական մի շարք ֆիլմեր, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա  Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի Նատալյա Վառլեյի ստեղծագործական երեկոն: Գյումրիում ռուս արվեստագետները հանդես կգան համերգային ծրագրով, ապա կհանդիպեն տեղի ռուսական կայազորի զինվորականների հետ: Ս. Նովոժիլովը տեղեկացրեց, որ Հայաստան ժամանող 25 հոգանոց պատվիրակության մեջ կլինեն ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմում հարսնացուի մոր կերպարը մարմնավորած Իննա Մակարովան, ՌԴ ժողովրդական արտիստուհի Նատալյա Ֆատեեւան, ՌԴ  ժողովրդական արտիստներ Ֆյոդոր Չեխանկովը, Անատոլի Կուզնեցովը, Յուրի Չեռնովը, վաստակավոր արտիստուհի Սվետլանա Սվետլիչնայան, խորհրդային տարիներին հայերի հետ նկարահանված այլ արվեստագետներ: 
Ի դեպ, Սերգեյ Նովոժիլովը լրագրողներին իր իմացած միակ հայերեն արտահայտությամբ՝ «Բարեւ ձեզ»-ով ողջունեց, ապա ներողություն խնդրեց լրագրողներից՝ ասուլիսին շապիկով ներկայանալու համար, ասաց, որ չի հասցրել հագուստը փոխել: Խոսելով Ռուսաստանի կինոարտադրանքի մասին, Ս. Նովոժիլովն ասաց, որ տնտեսական ճգնաժամը իր ազդեցությունն ունեցել է, կրճատվել է նկարահանվող ֆիլմերի քանակը, հետեւանքը եղել է նաեւ այն, որ լուրջ դերասանները սկսել են նկարահանվել ռուսական սերիալներում: Ռուս հանդիսատեսի մասին էլ Հայաստան ժամանած արվեստագետն ասաց. «Մոսկովյան փառատոներում վերջերս մի միտում է նկատվում, հիմնական հանդիսատեսը երիտասարդությունն է, նախկինում այդպես չէր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել