Ասում է Մնջախաղի միջազգային փառատոնի կազմակերպիչ Ժիրայր Դադասյանը
Երեկ Ծաղկաձորի կենտրոնական հրապարակում մեկնարկեց Մնջախաղի միջազգային թատերական փառատոնը: Փառատոնի տնօրեն Ժիրայր Դադասյանը ստանձնել էր նաեւ փառատոնի բացման հաղորդավարի պաշտոնը: Հուզվում էին մնջախաղացները՝ բացօթյա կուլիսներում, բրավոներով ու ծափ տալու մեծ ցանկությամբ զինված էր թատերասեր հանրությունը:
Երեկոյի ընթացքում ուժերի ներածին չափով հանդես եկավ Լեոնիդ Ենգիբարյանի թոռը՝ 25-ամյա Պիտեր Պոպպերը, ով ներկայացրեց Լ. Ենգիբարյանի հայտնի նովելներից երկուսը՝ «Ջութակը» եւ «Հովանոցը»:
«Առավոտի» հետ զրույցում Երեւանի պետական կրկեսի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը նշեց, որ Պիտեր Պոպպերը դեռ նոր է սկսում իր դերասանական գործունեությունը, առաջին քայլերն է անում դեպի մեծ արվեստ:
«Ես վերցրել եմ նրան կրկես, ստեղծել եմ բոլոր պայմանները, որպեսզի պարապմունքներն ավելի արդյունավետ լինեն: Պիտերը մեծ պոտենցիալ ունի, բավականին աշխատասեր է: Օրական 11 ժամ աշխատում է»: Ս. Պետրոսյանը նաեւ հավելեց, թե շատ է ցավում, որ այս կարգի փառատոնը, լավ գործը, որ նախաձեռնել է Ժ. Դադասյանը, ֆինանսական խնդիրներ ունի, ինչի պատճառով էլ հնարավորություն չկա մեծածավալ ծրագրով հանդես գալու, այլ կոլեկտիվների ու անհատ կատարողների հրավիրելու:
«Առավոտը» տեղեկացրել էր նաեւ, որ փառատոնի օրերին Ծաղկաձորում անցկացվելու են վարպետության դասեր, ֆորումներ ու քննարկումներ: Փարիզից ժամանած Վահրամ Զարյանն էլ առաջիկա օրերի ընթացքում վարպետության դաս կանցկացնի: Նա փոխանցեց հետեւյալը. «Կփորձեմ թեկուզ կարճ ժամանակով, բայց հնարավորինս հաճախ գալ Հայաստան: Ես աշխատում եմ Փարիզում: Անհատ միմոս եմ: Համագործակցում եմ տարբեր խմբերի հետ: Մնջախաղը Փարիզում այնքան էլ տարածված ժանր չէ: Երբ ասում են միմոս, մնջխաղի դերասան, նույն րոպեին բոլորը պատկերացնում են Մարսել Մարսոյին՝ սպիտակ դեմքով, սեւ աչքերով… Այսօր ամենեւին պարտադիր չէ նման դիմահարդարումը: Վարպետության դասերի ընթացքում ես կփորձեմ երիտասարդ ստեղծագործողներին ծանոթացնել իմ վարպետ Մարսել Մարսոյի տեխնիկային: Այդ դասերը կծանոթացնեն Մարսոյի քերականությանը»: Վահրամը փառատոնի ավարտին, վարպետության դասից զատ, կներկայացնի «Խոստովանություն» մոնոներկայացումը:
Փառատոնի հանդիսավոր բացումը եզրափակեցին «Միմ» ստուդիայի շնորհալի դերասանները, ցուցադրվեց Լեոնիդ Ենգիբարյանի մասին պատմող «Ծանոթացեք՝ Լեոնիդ Ենգիբարով» վավերագրական ֆիլմը:
«Ես 5-6 տարեկանում եմ տեսել Լեոնիդ Ենգիբարյանին՝ մանեժում: Այն իմ ամենասիրելի ֆիլմն է: Ենգիբարյանը առ այսօր աչքիս առաջ է: Նա դրական լիցք էր հաղորդում: Մեր բախտը, կարելի է ասել, բերել է: Յուրաքանչյուրս ունեինք մեր մանկության ծաղրածուն: Ամեն մարդ պետք է ունենա իր ծաղրածուն: Եթե չունի, պիտի փնտրի»,- խորհուրդ տվեց Ժ. Դադասյանը: Այնպես որ, նկատի ունեցեք: