Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ-ՕՊԵՐԱՅԻ» ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՒՅՆԸ

Օգոստոս 12,2010 00:00

Կամ՝ հայազգի տենոր Եղիշե Մանուչարյանը՝ Ռոսսինիի «Արմիդայում»

Աշխարհահռչակ «Մետրոպոլիտեն-օպերա» թատրոնում ժամանակին փայլել են սփյուռքահայ օպերային երգիչներ Լուսին Ամարան, Լիլի Չուքասզյանը, Սոնա Ղազարյանը, Դավիթ Զոբյանը, սովետահայ օպերային բեմի անկրկնելի ներկայացուցիչ Պավել Լիսիցյանը: Հայաստանցի երգիչներից էլ այդ թատրոնում առաջատար դերերգերով հանդես գալու պատվին են արժանացել Գեղամ Գրիգորյանը, Բարսեղ Թումանյանը, Հասմիկ Պապյանը: Շուրջ երկու ամիս առաջ «Մետրոպոլիտեն-օպերայում» առաջին անգամ Ռոսսինիի «Արմիդա» օպերային ներկայացման մեջ գլխավոր՝ Էուստացիոյի դերերգով հանդես եկավ բոստոնաբնակ, արդեն սեփական ստեղծագործական դիմագիծը հաստատած երգիչ Եղիշե Մանուչարյանը։
Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում կրթված արվեստագետը Ազգային օպերային թատրոնում որպես մեներգիչ աշխատել է 1995-1999 թթ.՝ հանդես գալով ընդամենը Տիգրանյանի «Անուշ» (Սարո) եւ Վերդիի «Օթելլո» (Կասիո) ներկայացումներում։ «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Ե. Մանուչարյանը հիշեց իր՝ որպես օպերային երգչի, առաջին բեմելը. «1994 թ. դիրիժոր Զավեն Վարդանյանը հրավիրեց մասնակցելու Մոցարտի «Առեւանգում հարեմից» օպերայի համերգային կատարմանը»։ Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ այլեւս երգչին չենք տեսնում Երեւանի օպերային թատրոնում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի հրավերով 2005 թ. մասնակցել եմ Վերդիի «Ռեքվիեմի» կատարմանը։ Թոփչյանի կողմից հետագայում եղել են հրավերներ, սակայն խիստ ծանրաբեռնված գրաֆիկիս պատճառով չեմ կարողացել ընդունել։ Օրերս հանդիպեցի օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանի հետ եւ, կարծում եմ, հաջորդ տարի հանդես կգամ Սարոյի դերերգով Տիգրանյանի «Անուշ» օպերայում»։
Ինչպե՞ս պատահեց, որ այլեւս բնակվում է Բոստոնում ու հանդես գալիս Արեւմուտքի հայտնի թատրոններում: Ե. Մանուչարյանը հայտնեց հետեւյալը. «1999 թ. կոմպոզիտոր Մելիք Մավիսակալյանը Բոստոնում կազմակերպել էր համերգ եւ ինքն էլ ղեկավարում էր սիմֆոնիկ նվագախումբը։ Ինձ հրավիրեց մասնակցելու այդ երեկոյին, որը, փաստորեն, իմ ստեղծագործական կյանքում վճռորոշ դեր խաղաց։ Այնտեղ ծանոթացա հայ օպերային բեմի երախտավոր Էլվիրա Ուզունյանի հետ, որի խորհրդով ինքս ներկայացա Բոստոնի համալսարան եւ 2 տարի սովորեցի այնտեղ։ Համալսարանը հոգաց ե՛ւ ուսման վարձս, ե՛ւ թոշակս։ Ինձ հետ սովորում էր նաեւ կինս, մեցո-սոպրանո Վիկտորյա Ավետիսյանը։ Ծանոթացա նույնպես բոստոնաբնակ կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանի հետ, որի երգերը մինչ օրս մեծ սիրով կատարում եմ… Հետագայում ինձ հայտնաբերեցին եւ համագործակցության հրավիրեցին մենեջեր Ռոբերտ Լոմբարդոն (ԱՄՆ) եւ Մյունխենում գործող «Հիլբերտ մենեջմենթ» պրոդյուսերական կենտրոնը»։ Երգիչը տեղեկացրեց, որ ինքը տարբեր հեղինակավոր օպերային թատրոններում բեմ է բարձրացել լեգենդար կատարողների հետ, այդ թվում՝ Պլաչիդո Դոմինգոյի, Ռենե Ֆլեմինգի, Ջենիֆեր Լառմուռի, Դմիտրի Խվորոստովսկու, Ապրիլե Միլոյի, Էվա Պոդլեղի, կատարելով գլխավոր դերերգեր համաշխարհային օպերային հատընտիր գրականությունից։ Նա հավելեց նաեւ, որ իր կատարումներով Եվրոպայում լույս են տեսել CD-ներ եւ DVD-ներ, որոնք թողարկել են հանրահայտ ստուդիաներ։ Հետաքրքրությանը, թե ինչո՞ւ երբեւէ կնոջ հետ հանդես չի եկել, Ե. Մանուչարյանն ասաց, որ անցած տարի «Բոստոն օպերայում» Ռոսինիի «Տանկրեդի» օպերային ներկայացման մեջ ոչ միայն ինքն ու կինն էին ներգրավված, այլեւ իրենց 6-ամյա որդին՝ Արմենը։ Նրանց խաղընկերն էր նաեւ անվանի երգչուհի Էվա Պոդլեղին։ Արվեստագետին հարցրինք՝ ցանկություն չունի՞ հանդես գալու Ռադամեսի դերերգով՝ աշնանը Երեւանում բեմադրվելիք Վերդիի «Աիդա» օպերային ներկայացմանը, նա պատասխանեց. «Ռադամեսը դրամատիկ տենորի համար է, ես լիրիկ տենոր եմ։ Ռադամեսի, Օթելլոյի, Կանիոյի եւ այլ դերերգերի այնպիսի մեծանուն երգիչներ, ինչպիսիք են Բենիամինո Ջիլին, Լուչիանո Պավարոտին, Էնրիկո Կառուզոն եւ այլք, անդրադարձել են 50 տարեկանից հետո։ Որքան ուշ, այնքան երգչական, բեմական կյանքը երկարում է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել