ՌԴ Անվտանգության դաշնային բյուրոյի տեղեկատվական կենտրոնից հայտնել են, թե ռուս սահմանապահները Կասպից ծովում կալանավորել են Ադրբեջանի դրոշի տակ նավարկող մի նավ, որի տախտակամածին հայտնաբերվել է թառափ տեսակի ձկան եւ սեւ ձկնկիթի խոշոր խմբաքանակ: APA-ի մատուցմամբ, օգոստոսի 10-ին սահմանապահ պարեկային «Ստավրոպոլ» նավը Կասպից ծովում հայտնաբերել է չճանաչված նավ, որի տախտակամածին երեք մոտորանավակներ են եղել: Սահմանապահ նավին մոտենալիս անհայտ նավից երկու մոտորանավակ փորձել է թաքնվել, բայց շուտով կալանավորվել է: Ձկնորսական «Խազար» նավի անձնակազմի բոլոր կալանավորված 8 անդամները Ադրբեջանի քաղաքացիներ են եղել: Նավի տախտակամածին եղել է մոտ 2 տոննա կշռով 80 թառափ եւ 8 կգ սեւ ձկնկիթ: «Խազար» նավն ու մոտորանավակները, անձնակազմով հանդերձ, տեղափոխվել են Մախաչկալայի նավահանգիստ՝ միջադեպի հանգամանքները պարզելու նպատակով: