Երեքշաբթի երեկոյան ուժեղ պայթյուն է որոտացել Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Կիրկուկ-Ջեյհան նավթամուղի իրաքյան հատվածում, որի արդյունքում երկու մարդ զոհվել եւ մեկը վիրավորվել է: Այդ երեկ հաղորդել է Reuters-ը:
Տեղական իշխանությունների ասելով, պայթյունին հաջորդել է հրդեհ: Նավթի հոսքը վնասված նավթամուղով դադարեցվել է, միջադեպի վայր են ժամանել հրշեջ ծառայության աշխատակիցներ: Աղբյուրի տվյալներով, ողբերգական միջադեպի զոհերն իրենց ավտոմեքենաներով անցնելիս են եղել խողովակաշարին մոտ գտնվող եւ կրակի բոցերով բռնկված հատվածով, ու կրակը «խժռել» է նաեւ նրանց: Հաղորդվում է, որ նավթամուղի հատվածը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, գտնվել է Թուրքիա-Իրաք սահմանից 100 կմ հեռավորության վրա գտնվող Սիրնակ գավառի Մահարա գյուղի մոտակայքով անցնող ավտոմայրուղում:
Թուրքական իշխանությունների կարծիքով, տեղի ունեցածը ահաբեկչական ակտ է եղել, որի պատասխանատվությունը կրում են Քրդական բանվորական կուսակցության եւ օրենքից դուրս հայտարարված անջատողական գրոհայինները: Թուրքական NTV հեռուստաալիքի տեղեկություններով, նավթամուղի այդ հատվածում գործի է դրվել հեռակառավարվող պայթուցիկ սարք: Այդ տեղեկությունը, սակայն, դեռ չի հաստատվել:
Ավելի վաղ Քրդական բանվորական կուսակցության գրոհայինները համանման ահաբեկչական ակտեր արդեն կազմակերպել էին. մասնավորապես ստանձնել էին 2010թ. հուլիսին տեղի ունեցած նավթամուղի պայթեցման պատասխանատվությունը: Այս վերջին ակտը եւս տեղի է ունեցել երկրի նույն շրջանում:
Հիշեցնենք, որ Կիրկուկ-Ջեյհան նավթամուղը, որի երկարությունը շուրջ 970 կմ է, Իրաքի ամենախոշոր նավթամուղն է, որը կապում է Կիրկուկի նավթահանքերն ու թուրքական Ջեյհան քաղաքի նավթալցման նավահանգիստը: