Լրահոս
Օրվա լրահոսը

Օբամային խորհուրդ են տալիս զինել Վրաստանին

Օգոստոս 12,2010 00:00

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմը պետք է փոխի հետխորհրդային տարածքում իր քաղաքականությունը, քանի որ ներկայիս «փափուկ ուժը» (soft power) ի վիճակի չի դիմակայել Ռուսաստանի «զենքի լեզվի» քաղաքականությանը: The Wall Street Journal պարբերականում այսպիսի կարծիք է հայտնել Միացյալ Նահանգների Heritage Foundation հետազոտական ինստիտուտի գիտաշխատող Արիել Քոենը, ով զբաղվում է միջազգային քաղաքական միտումների ուսումնասիրությամբ:
Նրա կարծիքով, արժե, որ Օբաման կրկին «բեռնի» իր հայտարարած «բեռնաթափման» ռուս-ամերիկյան հարաբերությունները: Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը վերջերս Եվրասիան հայտարարել է Ռուսաստանի բացառիկ շահերի ոլորտ, ուստի՝ փորձագետի դիտարկմամբ, Մոսկվան ամեն քայլ կձեռնարկի անհրաժեշտ արդյունքի հասնելու համար. կգործի դիվանագիտական խողովակներով, զենք կվաճառի, ռազմաբազաներ կկառուցի ու նույնիսկ ռեժիմներ կտապալի: Այսպիսով, հոդվածի հեղինակն ակնարկել է Ղրղըզստանի նախկին նախագահ Բակիեւի տապալման գործում Կրեմլի դերի մասին:
Փորձագետը հիշեցրել է, թե Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ օգոստոսյան հակամարտության մեկամյա տարելիցին Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում, որոնք Վրաստանի նախագահ Սահակաշվիլին ու պաշտոնական Վաշինգտոնը համարում են զավթված տարածքներ, ՌԴ-ն արդեն հինգ ռազմաբազա է կառուցել եւ այդ երկրների հետ ռազմական ոլորտում համագործակցության պայմանագրեր է կնքել, որոնք ենթադրում են այդ տարածքներում ռազմաբազաների ենթակառուցվածքների կառուցում, օգտագործում եւ կատարելագործում, նաեւ համատեղ զորախմբերի ձեւավորում՝ ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմի ժամանակ:
Ամերիկյան պարբերականում փորձագետն անդրադարձել է նաեւ հայ-ռուսական ռազմական համագործակցությանը՝ շեշտելով, թե Մոսկվան պատրաստվում է Հայաստանի հետ կիսել վերջինիս սահմանների պաշտպանությունն ու 49 տարով երկարաձգել Գյումրիում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը: Քոենը, վկայակոչելով ՀՀ ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանին, նաեւ ընդգծել է, որ ռազմական այդ համագործակցությունը տարածվում է Հայաստանի ողջ տարածքի վրա: «Դա հստակ նախազգուշացում է Ադրբեջանին՝ չփորձել ուժով ետ ստանալ Լեռնային Ղարաբաղը կամ Հայաստանի կողմից զավթված յոթ շրջանները: Ենթատեքստը նույնպես պարզ է. Ադրբեջանը պետք է դադարեցնի Արեւմուտքի հետ համագործակցությունը կամ կարող է բախվել դրա հետեւանքների հետ: Ռուս-հայկական համաձայնագիրը Ռուսաստանին դարձնում են Հարավային Կովկասում գերիշխող ուժ, քանի որ ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն չեն ուզում այդ տարածաշրջանում երկարաժամկետ ռազմական ներկայության պատասխանատվություն ստանձնել»,- պնդում է Արիել Քոենը՝ ընդգծելով, որ Գյումրիի ռազմաբազայի շնորհիվ Ռուսաստանը կարող է Իրանի հետ զինված հակամարտություն սկսվելու դեպքում խոչընդոտել ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ուժերի ծավալմանը Կովկասում:
Զուգահեռաբար Ռուսաստանը փորձում է հարաբերությունները լավացնել նաեւ Ադրբեջանի հետ՝ տարածաշրջանում իր դիրքերն առավելագույնս ամրապնդելու համար եւ զենք է մատակարարում թե՛ Երեւանին, թե՛ Բաքվին: Ամերիկացի փորձագետի կարծիքով, այդ նպատակին է ծառայում Ադրբեջանին C-300 ՊՄՈՒ-2 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համակարգերի խոշոր խմբաքանակի մատակարարումը: Փորձագետի տեղեկություններով, ի դեպ, այդ համաձայնագիրը երկու կողմերի միջեւ արդեն իրականացման փուլում է եւ առաջիկա 1-2 տարիների ընթացքում դրա բոլոր պայմանները կատարված կլինեն: «Որպես տարածաշրջանում Կրեմլի աճող ազդեցության հակակշիռ, Վաշինգտոնը պետք է ընդլայնի իր ռազմա-քաղաքական համագործակցությունը Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի երկրների հետ, չեղյալ համարի Վրաստանին զենքի մատակարարման ոչ պաշտոնական արգելքն ու էական ջանքեր գործադրի էներգետիկ, անվտանգության ոլորտներում եւ պետական կառավարումը ճիշտ հունի վրա դնելու նպատակով»,- Օբամայի վարչակազմին խորհուրդ է տվել Արիել Քոենը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել