Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդունելության քննությունները պետք է վերանան

Օգոստոս 12,2010 00:00

Իսկ բուհերը՝ հրաժեշտ տան «էստի համեցեքի» քաղաքականությանը

Տարիներ շարունակ մեր հանրապետության բնակչության մի ստվար զանգված, իրենց ընտանիքներով եւ հարազատներով, իրարանցման մեջ է լինում, երբ փակցվում են բուհերի ընդունելության ցուցակները: Ուզում եմ խոսել ոչ թե երբեմն սկանդալային միջադեպերով ուղեկցվող ընդունելության քննությունների, այլ դրանց բացակայության մասին: Այո, ընդունելության քննությունները պետք է վերացվեն: Հիմնավոր պատճառներից մեկը, որի հետ կրթության պատասխանատուները չեն կարող հաշվի չնստել, ժողովրդագրական գործոնն է:
Այս տարի հանրակրթական հաստատությունները ավարտեցին 1993թ. ծնվածները: Այս տարեթվին հաջորդած բոլոր տարիներին ծնելիության ցուցանիշները խիստ նվազել են: Այնպես որ, ԿԳ նախարարությունը եւ ԳԹԿ-ն որքան էլ ցանկանան նույնիսկ դրսից եկածների կամ բանակից զորացրվածների հաշվին մրցույթ ապահովել, չի հաջողվի, որովհետեւ վերջիններս սակավաթիվ են: Երկրորդ հանգամանքը՝ որքան էլ ԿԳ նախարարությունը, ԳԹԿ-ն տարիներ շարունակ մշակում են, հղկում են, լրամշակում են ընդունելության համակարգը, բայց էլի ամեն տարի խոչընդոտներ են ծագում, սուբյեկտիվ հանգամանքները տանում են անձնական վիրավորանքների եւ պատվախնդրության, որոնք ստվեր են գցում գործընթացի վրա: Այսօր այնպիսի վիճակ է ստեղծվել, որ ցածր մրցույթի պատճառով նախարարությունը բուհերի հետ մեկտեղ «էստի համեցեքի» քաղաքականություն է վարում եւ արդյունքում բուհ են ընդունվում նույնիսկ մի կերպ բավարար գնահատականներ ստացած դիմորդները: Այդ դիմորդները, ցավոք, այդպես էլ սովորում են 4-5 տարի՝ մեղմ ասած, թերի գիտելիքներով ստանալով վկայական: Ի վերջո, քննությունները պետք է վերացվեն, ու բոլորի համար հավասար պայմաններ ստեղծվեն:
Սահմանադրությունը բոլոր քաղաքացիների համար երաշխավորում է անվճար հանրակրթության իրավունք, իսկ բարձրագույն կրթության իրավունքը մրցութային սկզբունքով պետք է իրականացվի: Հավանաբար մի օր ԱԺ-ում օրակարգի հարց կդառնա Սահմանադրության մեջ եւ համապատասխան ենթաօրենսդրական ակտերում փոփոխություն կատարելու խնդիրը: Կգա մի ժամանակ, որ յուրաքանչյուր քաղաքացի մեր երկրի բուհեր առանց որեւէ քննության պետք է իր փաստաթղթերը հանձնի, վճարի որոշակի գումար (որքան որ այսօր վճարում են դիմորդները փաստաթղթերը հանձնելիս) եւ սեպտեմբերի 1-ից հաճախի դասի: Այսուհետեւ բուհը պատասխանատու կլինի իր շրջանավարտների համար: Թող ամեն տարի հանրակրթական բուհեր ավարտեն ոչ թե 4-5 հազար շրջանավարտ, այլ 1000 հոգի կամ գուցե ավելի քիչ: Ամենեւին մեր տնտեսությունը դրանից չի տուժի (մասնագետների գերհագեցածության մասին արդեն մի քանի տարի խոսվում է բարձր ատյաններից): Միամտություն կլինի կարծել, որ միանգամից հաջողություններ կարելի է արձանագրել, բայց կարեւորը սկիզբն է եւ իրերի նկատմամբ սթափ վերաբերմունքը: Կողմ լինելով ընդունելություն քննությունների վերացմանը, ամենեւին էլ չեմ կարծում, թե կրթական խնդիրները կթեթեւանան: Ավելին, որքան էլ վերջին տարիներին հանրակրթության ոլորտը բարեփոխումների հորձանուտում է գտնվում, արդյունքները տեսանելի չեն: Ազատվելով ընդունելության քննությունների կազմակերպման ծանր բեռից, ՀՀ ԿԳ նախարարությունը, ԳԹԿ-ն եւ մյուս պատկան գերատեսչությունները իրական, կշռադատված, հավասարակշռված քաղաքականություն կիրականացնեն դպրոցում, որպեսզի փոխադարձ մեղադրանքներ անընդհատ չհնչեն: Պատանին եւ աղջիկը, կարճ ասած, իրական գիտելիք կստանան դպրոցը ավարտելով, այլ ոչ թե թղթի վրա:

ՎԱՐԴԱՆ ԱՇՉՅԱՆ
Մանկավարժ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել