Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄԸ ՄԻՏՈՒՄՆԱՎՈ՞Ր ԵՆ ՁԳՁԳՈՒՄ

Օգոստոս 12,2010 00:00

Դպրոցի տնօրենները մտահոգված են

10.07.2009-ին հաստատված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով սահմանված է. «Պետական ուսումնական հաստատության տնօրենն ընտրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած մրցութային կարգով: Տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին կարող է մասնակցել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով վերապատրաստված եւ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստացած անձը»:
Օրենքի այս դրույթի ընդունումից հետո դպրոցների տնօրենների մեծամասնության շրջանում մտահոգություն առաջացավ, թե արդյո՞ք կապահովվի գործընթացի օբյեկտիվությունը: Դպրոցի տնօրենի թափուր պաշտոնում ընտրվելու մրցույթին մասնակցելու համար թեկնածուները մի շարք փուլեր են անցնելու, որոնց թվում է վերապատրաստումը, համապատասխան հարցաշարի շրջանակներում թեստավորման եւ հարցազրույցի միջոցով քննության հանձնումը եւ այլն: Տնօրենները մտահոգված էին՝ արդյո՞ք, ի տարբերություն նախորդ տարիների, խելամիտ հարցեր են ներառվելու հարցաշարում: Օրենքի ընդունումից մինչեւ այսօր ենթաօրենսդրական ակտեր ու կարգեր դեռ մշակված եւ գործողության մեջ դրված չեն, ինչն առաջացրել է որոշ տնօրենների անհանգստությունը: Կրթօջախների ղեկավարների (անունները նրանց խնդրանքով չենք հրապարակում) մտահոգության պատճառն այժմ էլ այն է, որ հավաստագրման գործընթացի ձգձգումը միտումնավոր բնույթ է կրում, որպեսզի 60 տարեկանն անց տնօրենները այլեւս հնարավորություն չունենան սահմանված տարիքը լրանալուց հետո դիմել հավաստագրման: Նրանց փոխանցմամբ՝ ԿԳ նախարարությունը նման կերպ է վարվում, որպեսզի հետո «մաղարիչով» անցկացնի իր համար ցանկալի տնօրենի թեկնածուներին:
«Առավոտը» պարզաբանումներ ստացավ ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետի տեղակալ Արտակ Պողոսյանից: Նա նշեց. «Օրենսդրությունը մինչեւ 65 տարին լրանալը թույլ է տալիս մասնակցել հավաստագրմանը, եւ նախարարությունը որեւէ հարց չի ձգձգում»: Տնօրենի պաշտոնում գումարով ցանկալի թեկնածուների նշանակելու մասին էլ Պողոսյանն ասաց. «Դա ուղղակի ծիծաղելի մեկնաբանություն է գործընթացի վերաբերյալ: Տնօրենները պետք է հասկանան, որ գոյություն ունի իրավական դաշտ, որը պիտի ապահովվի, որպեսզի «Հանրակրթության մասին» օրենքը՝ որպես այդպիսին կիրարկվի: Մեր կողմից արդեն մշակվել ու հաստատվել են ենթաօրենսդրական ակտերը, որոնք կարգավորելու են տնօրենների վերապատրաստման, հավաստագրման եւ ընտրության գործընթացը: Շուտով կհայտարարենք վերապատրաստող կազմակերպությունների ընտրություն, որից հետո հավաստագրվել ցանկացողները, եթե համապատասխանում են սահմանված չափանիշներին, կարող են դիմել եւ մասնակցել դպրոցի տնօրենների մցույթին: Ամենաուշը 1-2 օրվա ընթացքում կհաստատվի հարցաշարը, ինչին համապատասխան տնօրենները պիտի վերապատրաստվեն: Իսկ 20 օրվա ընթացքում կհայտարարվի վերապատրաստող կազմակերպությունների ընտրություն, թեկնածուներն էլ ունեն 20-օրյա ժամկետ՝ դիմելու վերապատրաստող կազմակերպություն: Վերապատրաստումը տեւելու է ընդամենը 15 օր, 100 ժամից ոչ ավելի, մտածել ենք նաեւ սոցիալական կողմի մասին, որ վերապատրաստող կազմակերպությունները չերկարաձգեն գործընթացը եւ ավելի շատ գումար պահանջեն մարդկանցից: Վերապատրաստումից հետո թեկնածուները կստանան վկայագրեր, որից հետո նախարարությունը կձեւավորի հավաստագրման հանձնաժողովներ եւ կսկսի հավաստագրման պրոցեսը»: Պարոն Պողոսյանը տեղեկացրեց, որ արդեն պատրաստ են բոլոր կարգերն ու հարցաշարը: Հետաքրքրվեցինք՝ հարցաշարի կազմման աշխատանքներում տնօրենների կարծիքը հաշվի առնվե՞լ է: Նա պատասխանեց. «Հարցաշարը հրապարակվելու է, եւ բոլոր տնօրենները ծանոթանալու են դրան: Կազմման աշխատանքներին մասնակցել են ԿԱԻ-ի, ԿԳՆ-ի աշխատակիցները: Այնպես որ, այստեղ խնդիր չունենք, քանի որ այդ իրավունքը վերապահված էր լիազոր մարմնին, ինչը եւ նա իրացրել է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել