Երկրի առաջադեմ, հայրենասիրական ուժերը երբ շարունակ փաստում են, թե հրադադարից ի վեր ՀՀ իշխանությունները Ղարաբաղի հարցում վարում են պարտվողական, ապազգային քաղաքականություն, դրանից չպիտի հետեւություն անել, թե, ի տարբերություն արտաքին քաղաքական գործունեության, ներքաղաքական կյանքի բոլոր ոլորտներում ամեն ինչ հիանալի է։ Լավ կյանքից ու սոցիալ-տնտեսական դաշտում իշխանությունների վարած փայլուն քաղաքականությունից չէ, որ վերջին երկտասնամյակում շուրջ 1.2 մլն մարդ լքել է Հայաստանը։
Օրենքի գերակայության փոխարեն իշխում է պաշտոնեական դիրքի եւ փողի գերակայությունը, Հայրենիք եւ Պետություն հասկացությունները տարանջատվել են, ինչպես իրարից անդունդով բաժանվել են ժողովուրդն ու իշխանությունները, հողի սեփականաշնորհումը կատարվել է ոչ թե ի շահ երկրի իրական տիրոջ՝ ժողովրդի, այլ փողատեր իշխանավորի եւ կասկածելի ճանապարհով հարստություն կուտակած, այսպես կոչված՝ բիզնեսմեն-գործարարի…
Մխիթարվելու ոչինչ չկա նաեւ հոգեւոր դաշտում՝ քամահրական վերաբերմունք ազգային արժեքների հանդեպ եւ համընդհանուր արժեզրկում։ Երկրի գիտնականն ու ակադեմիկոսը՝ նյութական վիճակից խեղճացած, վիզ ծռած սպասում են, թե ով է մի քանի գրոշ նետելու իրենց, որ ստրկահաճորեն պատվեր կատարեն (խոսքը այն փոքրաթիվ մարդկանց մասին չէ, ովքեր իրենց արժանապատվությունը երբեք չեն վաճառում)։
Ներքին ու արտաքին քաղաքական ոլորտներում իշխանությունների վարած ապազգային քաղաքականության ընդամենը երկու օրինակ։ Վերջերս ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը օրինագիծ է մշակել, որով հնարավորություն է տալիս երկրում հիմնել օտարալեզու դպրոցներ։ Ասել է թե՝ փորձ է արվում օրինական հիմքերի վրա դնել հայոց լեզվի նպատակաուղղված դուրսմղման գործընթացը, դրանով ավելի խախուտ դարձնելով հայկական պետականության հիմքերը։ Բարեբախտաբար, դրանից դժգոհության ալիք է բարձրացել երկրում, սակայն այն փաստը, որ այդ օրինագիծն արդեն հայտնվել է ՀՀ ԱԺ-ում, ենթադրել է տալիս, թե չի բացառվում, որ իշխանությունները հերթական անգամ թքած ունենան հանրության կարծիքի վրա եւ ներքաղաքական կյանքում առաջ տանեն իրենց «ֆուտբոլային դիվանագիտությունը»…
Մի օրինակ էլ արտաքին քաղաքական դաշտից։ Մինչ երեւանյան հայտնի քաղաքագետները, իրավագետներն ու փորձագետները (Ալեքսանդր Մանասյան, Իգոր Մուրադյան, Ալեքսանդր Իսկանդարյան, Մանվել Սարգսյան եւ այլք) Ստեփանակերտում մասնակցում են զանազան «կլոր սեղանների» ու այլ միջոցառումների, տեղի հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին հետաքրքիր ու արժեքավոր տեսակետներ հայտնում ղարաբաղյան հարցում ստեղծված մեզ համար կործանարար վիճակից դուրս գալու մասին, նրանք, ովքեր առաջնորդում են պետական մեր Նավը, այն աննկուն տանում են «Տիտանիկի» կուրսով։ Դրա վերջին խայտառակ ապացույցը Եվրախորհրդարանի մայիսի 20-ի թիվ 2216 բանաձեւն է, որտեղ պահանջ է ներկայացվում «հայկական ուժերը ադրբեջանական օկուպացված տարածքներից» անհապաղ դուրս բերելու մասին…
Որտե՞ղ է, ապա, հայ դիվանագիտությունը, ո՞ւր են արդյոք այն կտրիճները, որ այսօր արտաքին քաղաքական դաշտում (ըստ իրենց՝ ֆուտբոլի դաշտում) ստանձնել են Արցախի եւ, ընդհանրապես, հայ ժողովրդի ճակատագիրը որոշողի դերը։
Նախկին ազատամարտիկ երեւանաբնակ ընկերս, որ մասնակցել է ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմին եւ այն տարիներին մի քանի անգամ հազիվ է փրկվել մահից, վերջերս այսպես ասաց. «Հայրենիք եւ պետություն հասկացություններն այսօր միանգամայն տարբեր բաներ են։ Ես սիրում եմ իմ Հայրենիքը, այսօր էլ պատրաստ եմ կյանքս զոհաբերել հանուն նրա, բայց ես չեմ հարգում այն պետությունը, որ այս 20 տարում հիմնվել է այն տարածքում, որտեղ իմ հայրենիքն է, իմ երկիրը։ Ասես դիվերսիոն խումբ է մտել հայրենի երկիրս…»։
Սա է, ահա, ամենամտահոգիչը։ Ու նաեւ այն, որ տասնամյակներ առաջ անկախ պետականություն չունեինք, բայց ունեինք զարգացած, գիտության ու մշակույթի երկիր Հայաստան, իսկ այսօր հայերս ազատ ու անկախ ենք կարծես, բայց հայոց երկիրը՝ իր դիվանագիտությամբ, քաղաքական, տնտեսական, սոցիալական, հոգեւոր ոլորտներով, գետնաքարշ է։
Ահա թե ինչու փաստել ու կրկին փաստում ենք, որ հայ իշխանավորները տեր չկանգնեցին հազարավոր հայորդիների արյան ու կյանքի գնով ձեռք բերված Հաղթանակին։ Փոխարենը՝ տեր կանգնեցին միայն երկրի նյութական հարստությանը։
Սիրում ենք ազգովի մեղավորներ փնտրել մեր դժբախտությունների, ողբերգությունների ու չկայացման համար։ Մի անգամ շրջվենք եւ կողմնակի մարդու քննադատական հայացքով նայենք մեր ժողովրդի պատմությանը։ Մեր բոլոր դժբախտությունների ամենաառաջին մեղավորը մենք ենք՝ մեր տհաս առաջնորդներով, ողորմելի դիվանագիտությամբ եւ սխալներից երբեք դասեր չքաղելու բացառիկ ունակությամբ։ Եվ մեր դժբախտությունների հիմնական պատճառն այն է, որ մեր իսկ մեղքով դարեր ի վեր ընտրություն ենք կատարում վատի ու վատթարագույնի միջեւ, եւ ցավն այն է, սակայն, որ հայերս մշտապես ընտրում ենք վատթարագույնը։
ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
գրող, հրապարակախոս
Ստեփանակերտ