Լրացավ Սերգեյ Դովլաթովի մտերիմ բարեկամ, ազատ խոսքի իսկական մունետիկ Իոսիֆ Բրոդսկու ծննդյան 70-ամյակը: Հայ ընթերցողները գիտեն Բրոդսկուն որպես Նոբելյան մրցանակի դափնեկիր կամ վտարանդի այլախոհ բանաստեղծ: Քչերն են ծանոթ նրա կենսագրությանը կամ պոեզիային: Հայ գրասերի հանդիպումը միաժամանակ դասական եւ նորարար բանաստեղծի հետ՝ կայացավ բավական ուշացումով, քանզի Բրոդսկուն դժվար է թարգմանելը, եւ նա այնքան էլ դյուրընթեռնելի չէ նույնիսկ բնագրով:
Իր ճակատագրի մասին խորհելիս նա կանխատեսել էր, որ այս աշխարհից կհեռանա 60-ը չբոլորած: Եվ չսխալվեց: Նա կյանքից հեռացավ 1996թ. եւ թաղված է Վենետիկում: Ծնվել է 1940 թ. մայիսի 27-ին, Լենինգրադում: Բրոդսկին Նոբելյան մրցանակակիր դարձավ 1978թ., երբ նույն տարում Մոսկվայում լույս տեսած «Գրական հանրագիտարանային բառարանում» նրա անունը ընդհանրապես հիշատակված չէր: 60-ական թվականներին նրան առաջին անգամ ձերբակալեցին եւ դատարանի վճռով ուղարկեցին հոգեբուժարան: 1964թ. Բրոդսկուն հայտարարեցին պորտաբույծ եւ աքսորեցին Արխանգելսկի մարզ: Բանաստեղծին հրապարակային պաշտպանության տակ առան Աննա Ախմատովան, Կորնեյ Չուկովսկին, Սամուիլ Մարշակը եւ ուրիշներ:
Լկտի հաշվեհարդարի ծնած տառապանքից պոետի հոգում նոր բանաստեղծություններ էին ծնվում եւ, ի հեճուկս հակառակորդների, օրեցօր բազմապատկվում էր նրա փառքը: Աքսորից հետո անգամ Բրոդսկուն չէին տպագրում, եւ նա ստիպված զբաղվում էր թարգմանությամբ, որպեսզի գոյատեւի: Շատ էր ուզում գալ Հայաստան, զբաղվել հայ բանաստեղծության ուսումնասիրությամբ: Համոզված ենք, որ Բրոդսկու հանդիպումը Հայաստանի հետ կլիներ նույնքան նշանակալից, որքան Օսիպ Մանդելշտամի հանդիպումը: Ցավոք, նրան չընդունեցին ոչ Հայաստանում, ոչ էլ այլ տեղերում, եւ վշտացած բանաստեղծը 1972թ. հեռացավ ԽՍՀՄ-ից: Սակայն արտասահմանում նույնպես հեշտ չէր վտարանդի Բրոդսկու համար, եւ նա ԱՄՆ-ում գրել է. «Միայն մոխիրը գիտի՝ ինչպես են վառվում մինչեւ վերջ: Այստեղ ես շփվում եմ մարդկանց հետ, որոնց հետ տանը կհրաժարվեի խոսել անգամ»:
Օտար եզերքը հայրենի հողին
Հարազատ է ճիշտ այնչափով,
Որքան տարածությունը
Հարաբերվում է փակուղիներին:
Օտարումը հարազատ երկրից Բրոդսկու համար միակ հնարավոր տարբերակն էր: Նա այլեւս չէր կարող հանդուրժել կորուստները, հիասթափություններն ու նվաստացումները: Հետագայում, երբ երկրում իրավիճակը փոխվեց եւ հնարավորություն ստեղծվեց վերադառնալու, նա չցանկացավ կրկին ապրել հայրենիքում, քանզի՝ «եթե մարդը կարող է վերադառնալ իր հանցանքի վայրը, ապա այնտեղ, որտեղ նրան նվաստացրել են, վերադառնալ չի կարող»:
Բրոդսկու մեծությունը լավ է բնութագրել Ս. Դովլաթովը իր հիշողություններում. «Հետ մղելով Հեմինգուեյին` նա մեկընդմիշտ դարձավ իմ գրական կուռքը: Իմ ծանոթների շրջանում գերակշռում էին արտասովոր անհատականությունները, հիմնականում՝ խիզախ սկսնակ գրողներ, ըմբոստ նկարիչներ եւ հեղափոխական երաժիշտներ: Եվ անգամ խռովարարների այդ ֆոնին Բրոդսկին ակնհայտորեն առանձնանում էր: Բրոդսկու կողքին երիտասարդ մյուս ոչ կոմֆորմիստները թվում էին այլ մասնագիտության տեր մարդիկ: Բրոդսկին ստեղծել էր վարքագծի, ապրելակերպի չլսված մոդել: Նա ապրում էր ոչ թե պրոլետարական պետության մեջ, այլ՝ իր հոգու մենաստանում: Նա չէր պայքարում ռեժիմի դեմ, նա պարզապես չէր նկատում ռեժիմը: Դրա գոյության մասին գիտեր հպանցիկ: Նրա անտեղյակությունը խորհրդային կյանքին՝ թվում էր ձեւական: Այսպես՝ նա համոզված էր, որ Ձերժինսկին դեռ ողջ է, եւ որ «Կոմինտերնը» երաժշտական համույթի անուն է: Նա չէր ճանաչում ՍՄԿԿ քաղբյուրոյի անդամներին: Երբ նրանց շենքի ճակատին փակցրել էին Մժավանաձեի վեց մետրանոց լուսանկարը, Բրոդսկին հարցրել էր.«Սա ո՞վ է: Շատ նման է Ուիլյամ Բլեյքին»: Իր վարքագծով Բրոդսկին խախտում էր չափազանց կարեւոր ինչ-որ նորմեր, եւ նրան աքսորեցին Արխանգելսկ»:
Երբ 20 տարի առաջ կյանքից անսպասելի հեռացավ Դովլաթովը, Բրոդսկին իր բարեկամի մահից հետո գրեց էսսե. «Կյանքը այլանդակ է, մարդիկ՝ տխուր» վերնագրով, ուր ամբողջացրել է Դովլաթովի կերպարը՝ որպես ազատ խոսքի մունետիկ: