Հայաստանը պետք է աշխատի նոր սփյուռքահայերի հետ
«Միայնակ գործելը թեեւ լավ էր, ինչ-որ տեղ արդյունք էր տալիս, բայց միասնաբար գործելու հնարավորությունը առավել արդյունավետ է, դրա համար էլ որոշեցինք 16 հայկական միություններ, կազմակերպություններ, կառույցներ միավորել եւ ստեղծել մի ֆեդերացիա»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Բելգիայի «Նուարդ» հայկական մշակութային միության եւ «Բելգիայի հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի» նախագահ Գեւորգ Մինասյանը, ում փոխանցմամբ՝ Բելգիայի գրեթե բոլոր խոշոր քաղաքների հայկական կազմակերպությունները ընդգրկվել են ֆեդերացիայի կազմում:
Ի՞նչ է իրենից ներկայացնում ֆեդերացիան ու ի՞նչ խնդիրներ ունի: Պարոն Մինասյանը մանրամասնեց. «Գուցե ծեծված արտահայտություն է, բայց մեր հիմնական խնդիրը հայապահպանությունն է: Բելգիայում, ոչ պաշտոնական տվյալներով, 10-12 հազար հայ է ապրում, նույնիսկ շրջանառվում է 20 հազար թիվը: Հայերը հիմնականում հաստատվել են մեծ քաղաքներում, որոնց հետ աշխատելու խնդիր կար: Մինչ ֆեդերացիան ստեղծելը նախապատրաստական աշխատանքներ տարանք, որոնց արդյունքում Օոստենդ եւ Հասելտ քաղաքներում ստեղծեցինք մշակութային միություններ, հիմնեցինք հայկական շաբաթօրյա դպրոցներ: Շարլ լը Ղուա քաղաքում, որը նույնպես ֆեդերացիայի կազմում է, ու այստեղ չնայած սակավաթիվ հայեր են ապրում, բայց հայկական դպրոց ենք բացել ու հիմա էլ աշխատում ենք հայկական միություն ստեղծելու ուղղությամբ: Նման ծրագիր կա՝ այլ քաղաքների հետ կապված: Դպրոցաշինության գործում մեզ օգնում է ՀՀ ԿԳ նախարարության սփյուռքի բաժինը, ինչի համար շնորհակալ եմ. ես արդեն ստացել եմ շուրջ 2000 գիրք-տետր եւ դիտողական այլ նյութեր ու շուտով դրանք կհասցնենք Բելգիա, որպեսզի սեպտեմբերի 1-ին երեխաներն ունենան նոր դասագրքեր: Մեր ֆեդերացիայի առաջին քայլերից մեկը եղավ Շուշիի ազատագրման տարելիցին նվիրված շախմատի համաբելգիական հայ շախմատիստների մրցույթ անցկացնելը: Եվ ինչքան էլ տարօրինակ լինի՝ այդ մրցույթում հաղթեց մեզ շատ մտերիմ ալբանացի, որը մեր թիմում է ընդգրկված, եւ պրոֆեսիոնալ շախմատիստ է: Երկրորդ քայլն էլ՝ Եվրախորհրդարանում Նախիջեւանի Ջուղայի խաչքարերի հարցը բարձրացնելն էր՝ բելգիացի մի պատգամավորի միջոցով: Պատրաստվում ենք նաեւ Նախիջեւանի խաչքարերի մասին մեծ շրջիկ ցուցահանդես կազմակերպել Բրյուսելում եւ մնացած մեծ քաղաքներում»:
Գ. Մինասյանի ձեւակերպմամբ, ֆեդերացիայի կառույցում գործող միությունները պահպանում են իրենց ինքնուրույնությունը: Ըստ նրա, կառույցում գործող մի միություն կազմակերպել է Բելգիայի, Հոլանդիայի եւ Լյուքսեմբուրգի հայկական դպրոցներով զբաղվողների, ուսուցիչների, կազմակերպիչների համաժողով, որտեղ օգտակար հարցեր են քննարկվել: Մասնավորապես այն, որ դասագրքերի մեջ տարբերություն կա, դասավանդման մեթոդիկան փոփոխության կարիք ունի. «Հայաստանի դպրոցների «Այբբենարանը» մենք օգտագործում ենք այնտեղ, բայց այստեղ ամեն օր են դաս անում, մեզ մոտ՝ շաբաթական մեկ անգամ: Որոշեցինք Անտվերպենում նոյեմբերին երկրորդ ժողովն անցկացնել ու այս հարցերը քննարկել, լուծումներ գտնել»:
Պարոն Մինասյանը նշում է, որ ֆեդերացիայի հաջորդ քայլերից է լինելու Հայաստանում բելգիական ֆիլմերի փառատոն անցկացնել եւ այլ ձեռնարկներ իրականացնելը. «Քանի որ 2012 թվին Երեւանը գրքի մայրաքաղաք է համարվել, ուզում ենք նաեւ բելգիական գրքի ցուցադրություն կազմակերպել: Ի դեպ, բելգիացի մոտ 16 հեղինակների գրքեր թարգմանված են հայերեն: Բելգիայի մեծ քաղաքներից մեկում եւս ուզում ենք խաչքար տեղադրել: Երբ որպես հայեր բանակցում էինք այդ քաղաքի եկեղեցական խորհրդի ղեկավարների հետ, հարցրին՝ որտե՞ղ է Հայաստանը: Ապշեցուցիչ հարց էր, քանի որ նրանք ի պաշտոնե պետք է իմանային, որ քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգն ենք: Կատակով ասացինք, որ Հայաստանը Մեքսիկայի սահմանին մոտ է, ու նրանցից մեկն ասաց՝ հա՜, ես հանդիպել եմ էդ բառին: Հետագայում ավելի բարձր դիրք զբաղեցնող եկեղեցականների հետ հանդիպեցինք, ու եթե խնդիրներ չառաջանան, ապա եկող տարվա ապրիլի 24-ին մեր կողմից տեղադրվող արդեն երկրորդ խաչքարի բացումը կանենք: Մեր ֆեդերացիայի նպատակներից է նաեւ Բելգիայի յուրաքանչյուր քաղաքում նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես, համերգ կազմակերպել, նոր ուժեր ի հայտ բերելը: Նշեմ, որ ստեղծել ենք նաեւ Հայ շախմատիստների ակումբ ու կոչել Տիգրան Պետրոսյանի անունով, հաջորդ քայլը կլինի նկարիչների միության ստեղծումը: Առավել շատ աշխատում ենք Արցախի ճանաչման հարցի համար: Մեզանից շատ մեծ աշխատանք կպահանջվի, ջանք չենք խնայի»: Մեր զրուցակցի ձեւակերպմամբ, Հայաստանը պետք է գրագետ աշխատի նոր սփյուռքահայերի հետ: Նրա փոխանցմամբ՝ «Անտվերպենում բնակվող 50 տարվա փաստաբանական գործունեություն ունեցող միակ հայ փաստաբանը վերջերս ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին ասել է՝ «Խաչ քաշեք հին սփյուռքահայերի վրա, այս մարդկանց հետ գործ արեք: Իրենք նոր մշակույթ բերեցին, շատ են քանակով, եւ որակն է լավ, եւ լավ բաներ են անում ու իրենց հետ պետք է հաշվի նստել», այսինքն՝ հասկացնել տվեց, որ եթե հանրապետության նախագահ, վարչապետ է գալիս, հերիք է միայն հին հայերի հետ կազմակերպել այդ հանդիպումները»: