Ներքին Ծաղկավանի բնակիչը փորել է իր գերեզմանը, սակայն մտածում է գյուղի եկեղեցու ու մշակույթի տան մասին
Կիսատ ցուցանակից մինչեւ սողանք
Իջեւանից Նոյեմբերյան տանող մայրուղու եզրին, Տավուշի մարզկենտրոնից մոտ 22 կմ հեռավորությամբ գտնվում է Ներքին Ծաղկավան գյուղը: Շենի մուտքի ցուցանակում բնակավայրի անունը թերի է: «Ներքին» բառը բացակայում է, «Ծաղկավան» է գրված, տառերի մի մասն էլ ջնջված է: Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում եւս Ծաղկավան կա, ուստի Բերդի Ծաղկավանը կոչել են Վերին, իսկ այս գյուղը՝ Ներքին Ծաղկավան: Ասֆալտապատ ճանապարհը բարձրանում է վերեւ: Համայնքի ղեկավար Նաիրի Աթաբեկյանը հայտնեց, որ 3 տարի առաջ պետբյուջեի միջոցներով է կատարվել գյուղը մայրուղուն կապող ճանապարհի ասֆալտապատումը, 4-5 տարի առաջ էլ, վերստին պետբյուջեի ֆինանսավորմամբ, նորոգվել է գյուղի միջնակարգ դպրոցի շենքը: Ներկայումս Ներքին Ծաղկավանը 70%-ով գազիֆիկացված է: Այժմ այստեղ ոչ պետական բյուջեի, ոչ էլ որեւէ կազմակերպության ֆինանսավորմամբ ծրագիր չի իրականացվում: Մինչդեռ Ներքին Ծաղկավանը բազում չլուծված խնդիրներ ունի: Համայնքապետարանի շենքը նորոգման կարիք ունի: Գյուղը չունի մշակույթի տուն, եկեղեցի: Գյուղի եկեղեցին 1937 թվականին քանդել է գյուղացիներից մեկը եւ Աստծո տան քարերով իր համար տուն կառուցել: Ոչ միայն Ներքին Ծաղկավանը, այլեւ հարակից սահմանամերձ փոքր գյուղերը՝ Կիրանցը, Աճարկուտը, Բերքաբերը, մշակույթի տուն չունեն:
Ներքին Ծաղկավանի բյուջեն փոքր է՝ 7,8 միլիոն դրամ, որից 5,5 միլիոնը՝ պետական լրավճար: 280 հեկտար վարելահողից ընդամենը 30 հեկտարն է այս տարի մշակվել, մնացած հողը որպես խոտհարք է օգտագործվում: Պատճառը ոռոգման ջրի բացակայությունն ու հողերի ոչ բերրի լինելն է: Կիրանցի ձորով հոսող Չայղոշան գետի ջրերի օգտագործմամբ՝ ինքնահոս ոռոգման ջրագիծ կառուցելու ծրագիր կա: Սակայն ծրագիրը տարիներ շարունակ օդում է մնում, իսկ գետի ջրերը շարունակում են ոռոգել ադրբեջանական հողերը, Ներքին Ծաղկավանն ու հարակից գյուղերն էլ մնում են պապակ: Բայց 620 (փաստացի՝ 530) բնակիչ ունեցող գյուղում ամենամեծ խնդիրները գործազրկությունն ու սողանքն են: Ծաղկավանցիները հիմնականում արհեստավոր մարդիկ են, ծեփագործներ, սակայն շինարարություն չկա: 2001 թվականից համայնքը ղեկավարող Նաիրի Աթաբեկյանն ասում է, որ 1990-ական թվականների վերջին համագյուղացիների մի մասը, աշխատանք չունենալով, արտագաղթել է Ռուսաստան, նաեւ՝ Երեւան:
Գյուղապետի հետ եղանք սողանքի գոտում: Սողանքը ձգվում է մոտ 200 մետր, հողի զանգվածը փակել է գյուղի մի թաղամասի ճանապարհը: Տարիների ընթացքում սողանքն ավելի է ակտիվացել, վթարային 7 տներին ավելացել է եւս 10-ը: Գյուղապետի վկայությամբ՝ սողանքից վթարային 10 տների բնակիչներին պետությունը 4 տարի առաջ 4-7 միլիոն դրամ փոխհատուցում է հատկացրել: 10 տներից 3-ի բնակիչները հրաժարվել են այն ստանալ՝ պատճառաբանելով գումարի փոքր լինելը:
Համայնքապետարանի առջեւ մշտապես հավաքվում են ծաղկավանցիները, խոսում իրենց հոգսերից: Հայրենական պատերազմի 85-ամյա վետերան Ժորա Զավրադյանը խոսում է իր բազում խնդիրներից. միայնակ է, սողանքը փակել է իր տան ճանապարհը, տունն էլ գազիֆիկացված չէ: Նախկինում ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր Ավետիք Բաբուրյանի որդին՝ Լավրենտ Բաբուրյանն էլ ասում է. «Գործ չկա, արհեստավոր մարդիկ ենք, պարապ վեր դառած»: «Գյուղի 80 տուն դատարկ է, 90 տանն ապրող կա, մի մասում միայնակ ծերեր են, սրա նման «մեռելի սդաչի»»,- Ժորա Զավրադյանին մատնացույց անելով՝ ասում է Արամ Քասինյանը:
Այդ հետաքրքիր Սեյրան Ասիրյանը
Գյուղապետի հետ եղանք Սեյրան Ասիրյանի տանը: Երկհարկանի մեծ, հարմարավետ տուն է: Տանտերը հպարտությամբ ասաց, որ իր ձեռքերով է կառուցել: 78-ամյա Սեյրանը կատարել է հոր արձանի էսքիզները, պատվիրել կիսանդրի: 7-ամյա կրթությամբ կենսաթոշակառուն գրել է իր տոհմի, գյուղի պատմությունը: 2005-ին Երեւանում, 50 օրինակով լույս է տեսել նրա «Ասիրենք, Ասրոնք, Ասիրյաններ» գիրքը: Ընդհանրապես, Սեյրան Ասիրյանի կյանքը շատ ուշագրավ է: Ֆոտոալբոմում 8 տարեկան Սեյրանի նկարն է՝ որպես մարմնամարզիկ կքանստած, բերանի մեջ բաժակի վրա՝ էլի բաժակ, այն էլ գինով լցված: 1940 թվականին նա հաղթել է առաջին անգամ անցկացված դպրոցականների օլիմպիադայում: Մասնագիտությամբ էլեկտրիկ հայրը լավ թառահար է եղել, Սեյրանը հոր հետ մասնակցելով հարսանիքների՝ դափ է զարկել, նաեւ ինքնուրույն նկարչություն սովորել: 17 տարեկանում կորցրել է հորը: Չկարողանալով տանել եղբոր կնոջ հասցրած վիրավորանքը՝ հեռացել է տնից, գնացել Աղստաֆա, զբաղվել տարբեր գործերով: Տարբեր վայրերում են ինքնուս նկարչի, ծեփագործ վարպետի գործերը: Ադրբեջանցիները նրան Սաբիրաբադ են հրավիրել, որ տեղի մշակույթի պալատը ձեւավորի: Սեյրանը Մոսկվայում, Լենինի թանգարանում, Սուրբ Էջմիածնում, Երեւանի «Արարատ» ռեստորանում ներքին հարդարման, զարդանախշերի թարմացման աշխատանքներ է կատարել: 1993 թվականին մեկնել է Լոս-Անջելես, մասնավոր գործ արել, վերադարձել: Չնայած 78 տարեկան հասակին, աշխատունակ է, իր «Ժիգուլիով» մեկնում է Երեւան, վերադառնում: Սեյրանի երկու աղջիկներն ԱՄՆ-ում են բնակվում, տղան՝ Երեւանում: Նա պատրաստել է իր գերեզմանաքարը, քարին պատվիրել իր նկարը, գերեզմանափոսն էլ փորել է, սալիկներով ծածկել: Մահվանը այսքան մանրամասն պատրաստված այս մարդը անցյալ տարի Ներքին Ծաղկավանի իր տանը շուրջ 10 հազար դոլարի գործ է արել՝ ներքին հարդարում, մանրահատակի հարթեցում: Սեյրանին ավելի շատ մտահոգում է, որ հայրենի գյուղում չկա եկեղեցի, մշակույթի տուն, երիտասարդների համար մարզադահլիճ: Նա պատրաստ է համայնքային օբյեկտների շինարարության դեպքում իր ներդրումն ունենալ, գործի համար հավաքել շինարար հին ընկերներին: Ցավոք, նման ծրագրեր չկան:
Ներքին Ծաղկավանը հարուստ բնություն ունի, ապահովված է խմելու ջրով: Գյուղապետն ասաց, որ երեւանցի երկու բժիշկ ցանկություն են հայտնել անտառի եզրին գտնվող գեղատեսիլ այս գյուղում մատչելի գնով ամառանոց գնել: Եթե իշխանությունները չմտածեն հեռավոր, սահմանամերձ գյուղերում աշխատատեղեր եւ ենթակառուցվածքներ ստեղծելու մասին, մեր գյուղերն աստիճանաբար ամառանոցներ կամ, որ ավելի վատ է՝ գյուղատեղեր կդառնան, վստահ են Ներքին Ծաղկավանում: Եվ այս վստահությունը կիսում են հեռավոր գյուղերի ողջ բնակիչները: