«Առավոտի» վճռաբեկ բողոքը վերադարձրել են
Երկու օր առաջ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատը օգոստոսի 5-ի թվագրմամբ խմբագրությանն է ուղարկել վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշում: Այդ որոշումը դատարանը կայացրել է հուլիսի 21-ին: Հիշեցնենք, որ օրաթերթի՝ մարզերի եւ սփյուռքի էջի պատասխանատու Արամ Զաքարյանը դեռ անցյալ տարվա օգոստոսի 19-ին դիմել էր հանրապետության բոլոր մարզպետներին, այդ թվում՝ ՀՀ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանին, որպեսզի «Տեղեկատվության մասին» օրենքի համաձայն, 5-օրյա ժամկետում տրամադրեն տեղեկատվություն, թե ի՞նչ նպատակներով են ծախսվել «Այլ նպաստներ բյուջեից» տողով մարզպետարանների 2005-2009թթ. հատկացված գումարները, յուրաքանչյուր տարի քանի՞ որոշում է կայացվել, ինչքա՞ն գումար է ծախսվել յուրաքանչյուր որոշմամբ:
Լոռու մարզպետը նշված տեղեկատվությունը թերթին չէր տրամադրել: Վարչական դատարանում մենք պահանջում էինք, որպեսզի Լոռու մարզպետի անգործությունը ճանաչվի ոչ իրավաչափ, որպես հետեւանք պարտադրվի մարզպետին՝ տրամադրել պահանջված տեղեկատվությունը եւ նա ենթարկվի վարչական տույժի: Սակայն վարչական դատարանը օրաթերթի հայցը մերժել էր:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից «Առավոտի» ներկայացուցիչ ճանաչված Կարեն Մեժլումյանը, բնականաբար, բողոք էր բերել ՀՀ վճռաբեկ դատարան:
Մեր հիմնավորումները, թե խախտվել են օրաթերթի նյութական եւ դատավարական իրավունքները, վճռաբեկ դատարանը չընդունեց: Մենք պնդել էինք, որ վարչական դատարանը չպարզեց, թե երբվանից են գործել իր կողմից պաշտոնական ճանաչված էլեկտրոնային փոստի հասցեները (մարզպետը հայտնել էր, թե չի ստացել մեր հարցումը)։ Ավելին, դատարանը հանգեց այսպիսի հետեւության, թե «Մարզպետարանի կայքում տեղադրված էլեկտրոնային փոստի հասցեն պաշտոնական չէ», հետեւաբար, ըստ վարչական դատարանի տրամաբանության, եթե հարցումն արվել է էլեկտրոնային հասցեով, ապա պատասխանման ենթակա չէ:
Դատարանը չէր գնահատել նաեւ ՏԱ օրենքով պահանջվող 5-օրյա ժամկետում պատասխանն ուղարկելու ժամկետը խախտելու հարցը:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտավ, որ դատական սխալ տեղի չի ունեցել, որ հիմնավորված չէ մեր իսկ կողմից բարձրացված նյութական եւ դատավարական իրավունքի խախտման առկայությունը, որը ազդել է գործի ելքի վրա:
Դատարանը օրաթերթի բողոքը վերադարձրել էր:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Այս տարի «Առավոտի» երկու հայցադիմում է լսվել դատարաններում: Շիրակի նախկին մարզպետի դեմ թերթի հայցը դատարանը բավարարել է:
Լոռու մարզպետի դեմ հայցը մերժվել է: ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւանի քննչական վարչության քննչական բաժինն էլ, որը թերթի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի դեմ հարուցել էր քրեական գործ՝ «սուտ մատնության» համար, օրեր առաջ կարճել է վարույթը եւ ֆոտոթղթակցի նկատմամբ դադարեցրել է քրեական հետապնդումը:
«Առավոտին» խոստացել է «վերնագրի համար» դատի տալ հանրային խորհրդի մի անդամ. թերթը համարձակվել է «վերնագրել» նրա հրապարակումը: