Ադրբեջանցի պաշտոնյայի դուստրը, որ Լոնդոնում ապրում էր հայ տղայի հետ, հարկադրաբար բերվել է Բաքու: Ինչպես տեղեկանում ենք panorama. am-ից՝ «Ենի Մուսավաթի» աղբյուրներից մեկը թերթին հայտնել է, որ աղջիկը խիստ հսկողության տակ պահվում է Բաքվի մերձակա գյուղերից մեկում գտնվող՝ հորը պատկանող ամառանոցում: Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախարարներից մեկի՝ Լոնդոնում սովորող դուստրը սիրավեպ էր սկսել ազգությամբ հայ տղայի հետ, ինչը դժգոհություն էր առաջացրել Բաքվի վերնախավի շրջանակներում: Արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովը եւ ուժային մեկ այլ նախարար դիմել էին երկրի ղեկավարին, որպեսզի վերջինս վերջնագիր ներկայացնի այդ նախարարին եւ պահանջի աղջկան անհապաղ վերադարձնել Ադրբեջան: Սակայն դուստրը հրաժարվել էր կատարել հոր պահանջը՝ ասելով, որ ինքն ազատ է իր սիրեցյալի ընտրության մեջ: Գործին խառնվել էր Ք. Հեյդարովի՝ Լոնդոնում ուսանող որդին, որը նաեւ Եվրոպայում ադրբեջանական համայնքի ղեկավարն է: Թալեհ Հեյդարովն իր 12 ընկերների հետ Լոնդոնի ռեստորաններից մեկում փորձել է ծեծել նախարարի աղջկա հայ սիրեցյալին, ինչն այնտեղ լուրջ սկանդալի է հանգեցրել: «Հավանաբար, ադրբեջանցի նախարարին ի վերջո հաջողվել է աղջկան հարկադրաբար բերել Բաքու: Չնայած այս պատմության շուրջ բարձրացած աղմուկին՝ ոչ ոք հարցի հետ կապված որեւէ պաշտոնական հայտարարություն չի արել»,- գրում է «Ենի Մուսավաթը»: