Արդեն 2-3 տարի է, ինչ շահագործման է հանձնվել Բաղրամյան 53-55 նորակառույց շենքը՝ իր ենթակառուցվածքներով (լողավազան, ստորգետնյա ավտոկայանատեղի, ավտոլվացման կետ եւ այլն)։ Այդ շենքերին հարակից մայթով անցնելիս թվում է՝ փողոցով ես անցնում: Բացի այն, որ շենքի բնակիչներին պատկանող ավտոմեքենաները կայանում են մայթին, այդտեղով պարբերաբար ավտոմեքենաներ են երթեւեկում: Ամառային արձակուրդներին հետիոտնը այդ հատվածում քիչ է, իսկ ահա ուսումնական տարին սկսվելուն պես վտանգն անխուսափելի կլինի: Տարածքում մի քանի դպրոց է գործում եւ օրական հազարավոր երեխաներ ստիպված են լինելու այդ պայմաններում անցուդարձ անել:
Նշենք նաեւ, որ այնքան «լուռ ու զուսպ են» մայթով երթեւեկում այդ «Ջիփ» մեքենաները, որ հետիոտնը միայն բարձր ազդանշանից է վեր թռչում ու զգուշանում, որ պետք է «զիջի երթեւեկությանը»։ Հարց է ծագում՝ եթե շենքը ունի ավտոկայանատեղի, ինչո՞ւ մեքենաներն այնտեղ չեն կայանում, փոխարենը «զավթում» են մայթը: