Բանկն այսպես է մեկնաբանում ներքին մաքրություն իրականացնող ընկերության հետ պայմանագրի խզումը
Ներքին մաքրության աշխատանքներով զբաղվող «Հարթս» ընկերությունը մի քանի տարի շարունակ համագործակցել եւ բարեխիղճ իրականացրել է HSBC բանկի ներքին մաքրությունը: Սակայն վերջերս բանկի տնօրինությունը, չգիտես ինչու, «թարսվել» է ընկերության հետ. «Մեր աշխատակիցների՞ց է դժգոհ, թե՞ մեր կատարած աշխատանքը դուր չի գալիս»,- իրեն իրեն հարց է տալիս «Հարթս» ընկերության ղեկավար Անահիտ Վարդանյանցը, սակայն այդպես էլ չի գտնում պատասխանը: Բայց մի բան հաստատ գիտի, որ իր ընկերության եւ բանկի միջեւ սեւ կատու է անցել այն օրվանից, երբ փոխվել է բանկի գրասենյակի մենեջերը, որն էլ զբաղվում էր տնտեսական հարցերով: «Առավոտի» հետ զրույցում Անահիտ Վարդանյանցը պատմեց, որ նոր մենեջերը սկսել է ճնշում գործադրել սանմաքրման աշխատողների վրա. «Նա պահանջել է մաքրման աշխատակիցներին ձեռքերով մաքրել-հավաքել դրսում թափված ծխախոտի մնացորդները, մաքրել բանկին հարող ամբողջ փողոցը: Այնինչ, իրենց հետ կնքած պայմանագրում նման բան նշված չի եղել»: Ըստ Ա. Վարդանյանցի՝ իրենք պարբերաբար մենեջերից վիրավորանքներ եւ սպառնալիքներ են ստացել, թե կդադարեցնեն պայմանագիրը. «Այսինքն, ոնց ուզում՝ վարվում են մարդկանց հետ, ինչ է թե՝ սա Հայաստան է: Չեմ կարծում, թե որեւէ եվրոպական երկրում նման բան տեղի ունենա: Բանկի ստատուս ծառայությունների մենեջերն էլ, առանց ինձ տեղյակ պահելու, իմ աշխատակցին, որը բանկում մաքրություն էր անում, ուղարկել է իր բնակարանը մաքրելու: Ընդ որում, այդ մաքրությունը կատարվել է մեր ֆիրմայի պարագաներով ու տեխնիկայով: Այդ մենեջերը դրա իրավունքը չուներ, առավելեւս, որ հավելյալ վճարում չի կատարվել: Դա դեռ ոչինչ, գոնե մի թեթեւ բերան շնորհակալություն հայտնեին»:
Անահիտի վստահեցմամբ՝ իրենք երկար տարիներ համագործակցում են «Կենտրոնական բանկի», «Արդշինինվեստ» բանկի, «Ֆոռա», «Պեժո», «Կարկոմ-ավտո», «Սինոփսիս», «ՍԱՍ-գրուպի» հետ եւ երբեւէ չի եղել, որ դժգոհություններ ստանան, նույնիսկ ճիշտ հակառակը. «Մեր աշխատակիցներից գրեթե բոլորը բարձրագույն կրթությամբ անձինք են: Մոտ 12 տարի նույնպիսի ծառայություններ ենք մատուցել Անգլիայում: Մեր հիգիենիկ պարագաներն ու տեխնիկան ներկրված են Իտալիայից: Այսինքն՝ ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր հաճախորդներին գոհացնենք»: Համբերության բաժակը լցվեց, երբ բանկի ղեկավարությունն անհիմն խզեց պայմանագիրը: Սակայն մինչ այդ, «Հարթսի» տնօրենի խոսքերով, հայկական բիզնես միջավայրին հարիր մի նախապատմություն կա: Այս տարվա փետրվարին բանկը մրցույթ հայտարարեց սանմաքրման աշխատանքներ իրականացնելու համար, որին մասնակցել է նաեւ «Հարթս» ընկերությունը: Բանկը ընկերությանը գրավոր տեղեկացրել է, որ հաղթող է ճանաչվել հենց իրենց ընկերությունը եւ պետք է մաքրության աշխատանքներ կատարի գլխավոր գրասենյակի, «Կոմիտաս» եւ «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղերում: Մարտի 1-ից, կնքելով պայմանագիրը, «Հարթսն» անցնում է աշխատանքի: Սակայն ընկերության տնօրենի՝ մրցույթի արդյունքները տրամադրելու խնդրանքը բանկը մերժում է, վստահեցնելով, որ այն կհրապարակի հունիսի 1-ին: Սակայն կրկին մենեջերին փոխելուց հետո (բանկի տնօրինությունը նրան ազատում է աշխատանքից), «Հարթսի» նկատմամբ ճնշումները շարունակվում են: Նոր մենեջերը՝ Դին Քուփերը ապրիլ ամսին կրկին մրցույթ է հայտարարում, սակայն այդ ընթացքում «Հարթսը» շարունակում էր սանմաքրման աշխատանքներ մատուցել: Ընդ որում, անգամ այնպիսիք, որոնք պայմանագրում նշված չէին: Ընկերության տնօրենի պատմելով՝ «Երբ բանկում արտակարգ իրավիճակ էր, գետնի տակից ջուր էր լցվում գրասենյակ, մեր աշխատակիցներն են օգնության հասել: Մի անգամ էլ մեր աշխատակիցը խոշոր գումար էր գտել բանկում, բարեխղճորեն հանձնել էր ղեկավարությանը: Շնորհակալության փոխարեն ասել էին՝ մեկ է, կորած փող էր»: Շուրջ 7 ամիս աշխատելով HSBC-ի հետ, «Հարթս» ընկերությունը օրերս «անակնկալ» նորություն է ստանում, այն է՝ բանկը օգոստոսի 9-ին խզել է պայմանագիրը ընկերության հետ. «Պայմանագիրը 1 տարով էր կնքված, սակայն նրանք որոշեցին դադարեցնել, առանց հիմնավորման եւ փոխհատուցման: Այս անգամ մրցույթի հաղթողների ցուցակը ներկայացրել էին, որտեղ մենք չկայինք, բայց փոխարենը անհայտ եւ ոչ պրոֆեսիոնալ ընկերություն է ընտրվել: Մեր տեղեկություններով՝ իրենց մենեջերի եւ մրցույթը շահող այդ ընկերության մենեջերի նեղ անձնական կապերի շնորհիվ մրցույթը շահեց»:
Այս առնչությամբ՝ HSBC բանկից «Առավոտին» վստահեցրին, որ «Հարթս» ՍՊԸ-ի հետ համապատասխան ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքվել է ս.թ. փետրվարին՝ մեկ տարի ժամկետով, «Էյչ-Էս-Բի-Սի» Բանկ Հայաստան» ՓԲԸ որոշ մասնաճյուղերում մաքրման աշխատանքներ իրականացնելու համար: Այնուհետեւ ապրիլ ամսին որոշում է կայացվել օպտիմալացնել բանկի բոլոր տարածքներում (ներառյալ բանկոմատները) մատուցվող մաքրման ծառայությունները՝ հանձնարարելով մեկ կազմակերպության (նախկինում՝ մի քանիսի փոխարեն): Հայտարարվել է կազմակերպության ընտրության համար հրապարակային մրցույթ, որին մասնակցել է նաեւ «Հարթս» ՍՊԸ-ն: Արդյունքում հաղթող է ճանաչվել լավագույն գնային եւ այլ պայմաններ առաջարկած մեկ այլ կազմակերպություն: Համապատասխանաբար, օգոստոս ամսին գործող պայմանագրերը դադարեցվել են այդ պայմանագրերով նախատեսված կարգով եւ ժամկետներում»: