Նախորդ օրը tert.am-ը, հղում կատարելով China Daily պարբերականին, տեղեկացրել էր, որ Չինաստանում կաթի փոշիով կերակրվող երեխաների մոտ նկատվում են հորմոնային խախտումներ՝ որոշ ընտանիքներ նկատել են, որ հորմոններով հարստացված կաթի փոշու օգտագործման պատճառով իրենց երեխաներն արագ են աճում, օրինակ՝ 4-15 ամսական երեք աղջիկների մոտ նկատվել է կրծքի մեծացում: Ըստ նույն աղբյուրի՝ չինական մանկական կերերի օգտագործման պատճառով արդեն մահացել է վեց երեխա, իսկ 300 000-ը տառապում է տարբեր տեսակի հիվանդություններով: Որոշ ժամանակ առաջ էլ Չինաստանում մեծ սկանդալ էր առաջացել կաթի փոշու մեջ հայտնաբերված մելամինի պատճառով։
Այս ամենն առիթ դարձավ, որ «Առավոտը» համապատասխան մարմիններից հետաքրքրվի Հայաստան ներկրվող կաթի փոշու մասին: «Հայաստան ներկրվող կաթի փոշիները պարբերաբար լաբորատոր փորձաքննություն են անցնում, եւ շեղումներ դեռ չենք արձանագրել»,- երեկ մեզ վստահեցրեց Սննդի անվտանգության տեսչության սննդամթերքի անվտանգության բաժնի պետ Արթուր Վարժապետյանը: Նա հիշեցրեց, որ չինական կաթի փոշու ներկրումը Հայաստան դեռ երկու տարի առաջ են արգելել. «Երբ շշուկներ լսեցինք, թե չինական կաթի մեջ մելամին է հայտնաբերվել, մենք արգելեցինք Չինաստանից կաթի փոշու ներմուծումը: Հիմա ներկրում ենք հիմնականում Բելառուսից եւ Ուկրաինայից»: ՀՀ ԱՆ մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանն էլ խորհուրդ տվեց զգուշանալ կաթի փոշին ընտրելիս. «Նման դեպքեր հնարավոր են, մեխանիզմն այսպես եմ պատկերացնում, անասուններին կաթի ստացման համար գուցե տվել են հավելումներ, դա անցել է կաթի մեջ, հետո էլ՝ փոշու»:
Նկատենք, սակայն, որ վերոնշյալ տեղեկատվության մեջ գրված չէր, թե կոնկրետ ո՞ր կաթի փոշուց են գրանցվել այդ շեղումները: Իսկ եթե դա ոչ թե չինական, այլ Չինաստան ներկրված ուկրաինական կամ բելառուսական փոշի՞ է եղել: Բացի այդ, ամենայն հավանականությամբ, խոսքը մանկական փոշի կերերի մասին է, իսկ Հայաստանում կարելի է գտնել շատ բազմազան արտադրությունների մանկական կերեր: