Ինչպես տեղեկացնում է «Էրմենիհաբեր» (Ermenihaber) լրատվական կայքը, որին մեջբերել է panorama.am-ը, Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչենը վերջերս մի հեռուստահաղորդման շրջանակներում, պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե արդյոք Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ, առաջադեմ քաղաքական գործիչ Քեմալ Քըլըչդարօղլուին ազգությամբ հայ է, ասել է. «Ցանկացած ազգության մարդու համար, լինի դա հայ, քուրդ, լազ, թուրք, չերքեզ, առաջնայինը ոչ թե ազգությունն է, այլ այն, որ նրանք ապրում են Թուրքիայում: Նույնը վերաբերում է նաեւ Քըլըչդարօղլուին: Միեւնույն ժամանակ կարծում եմ, որ մարդիկ չպետք է փախչեն իրենց արմատներից ու ինքնությունից: Իսկ Քըլըչդարօղլուն ամեն կերպ փորձում է թաքցնել իր մոր՝ տիկին Յումուշի հայ լինելու փաստը: Կարծում եմ, որ Քըլըչդարօղլուն առանց ամաչելու պետք է խոսի իր ինքնության մասին»:
Գյոքչենը նաեւ նշել է, որ Քըլըչդարօղլուն ընտրություններից առաջ գնացել է Ստամբուլի հայկական համայնք եւ նրանցից աջակցություն խնդրել: